Մշակույթ

Ի՞նչ գրքեր են վաճառվում

Ի՞նչ գրքեր են վաճառվում

«Հրապարակի» հարցումը, թե ինչ գրքեր են վերջերս ամենից շատ վաճառվում, գուցե ժամանակ առ ժամանակ անակնկալներ կանխորոշի՝ մատնանշի հեղինակներ, գրքեր, որոնց անուններն ընթերցողին անհայտ են: Ընթերցողները գրքեր են ընտրում ըստ իրենց նախասիրությունների՝ հետեւելով նաեւ որոշ գովազդների, գրախոսությունների եւ շրջանառվող լուրերի: Մեր հարցին, թե վերջին օրերի ընթացքում մարդիկ հայերեն լույս տեսած որ գրքերն են ավելի շատ նախընտրում, «Նոյյան տապանի» գրավաճառներից մեկը խորհրդավոր ժպիտով ասաց. «Հիմա, որ ասեմ, երեւի թե անակնկալ չլինի` ոչ մի գիրք էլ չեն նախընտրում, առհասարակ, հայերեն գրքերի բաժին շատ քիչ մարդ է գալիս, թեպետ հիմա իսկապես հրաշալի գրքեր տպվում են: Նայեք գրադարակներին, իրականում ընտրելու շատ բան կա, բայց սկզբում պիտի կարդալու ցանկություն ունենան»:



«Գրքերի աշխարհ» գրախանութում ասացին, որ վերջերս առավել վաճառվում է լուսանկարիչ Էդգար Հարությունյանի «Ձոն վարդին» գիրքը: Տվյալ պահին գրախանութում այդ գրքից նույնիսկ մեկ օրինակ չէր մնացել: Նաեւ ակտիվ վաճառվում են Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» բեսթ-բեսթսելերային վեպը, Էլիֆ Շաֆակի մրգային «Ստամբուլի բիճը», Ջորջ Օրուելի «1984» հայտնի անտիուտոպիան, Հրանտ Մաթեւոսյանի ժողովածուները, Կամիլ Լըմոնյեի «Տղամարդու սերը» վեպը, Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» եւ էլի գրքեր, որոնք կարող են համալրել այս շարքը, չհաշված մասնագիտական ու մանկական գրականությունը, որ, ինչպես միշտ, լավ է վաճառվում:



Օպերայի մոտ գտնվող Գրքերի տաղավար կրպակ-գրախանութում ասացին, որ մարդիկ այստեղ էլ շատ են հարցնում լուսանկարիչ Էդգար Հարությունյանի առեղծվածային վերնագրով «Ձոն վարդին» առեղծվածային դարձած գիրքը, որն իրենք էլ չունեին։ Իսկ վերջին օրերին լավ վաճառվող գրքերից են հանճարեղ արձակագիր Պաոլո Կոելիոյի «Անհավատարմություն» վեպը, Ջորջ Օրուելի անմահ «1984»-ը, Կամիլ Լըմոնյեի «Տղամարդու սերը» կիսաէրոտիկ, կիսաարգելված ասքը, ծերուկ Եվրոպայի, երկու բավականին ծերացած ինտելեկտուալների՝ Ումբերտո Էկոյի եւ Ժան-Կլոդ Կարիերի «Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից» զրույցների ժողովածուն:



Այսպիսով, բավական ուշագրավ այս հարցումը եւս մեկ անգամ վկայում է, թե որքան հետաքրքիր, տարատեսակ, բազմերանգ նախասիրություններով է օժտված մերօրյա հայ ընթերցողը:



 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով...

×
Gallery Image