Եվրոպայի եւ ընդհանրապես մեր ողջ քաղաքակրթության համար դժվար ժամանակներ են գալիս: Եվ թվում է՝ ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Երկու մեծ աշխարհամարտերից հետո մարդկության ավելի սթափ, գիտակից հատվածը հույս ուներ, թե այլեւս մասշտաբային, խոշոր պատերազմների եւ արհավիրքների հնարավոր կլինի շրջանցել: Բայց «լավ աշխարհի» պատրանքն ասես նորից պատկանում է ապագային, որը կանխագուշակել գրեթե անհնար է: Փարիզաբնակներն իրենք իրենց սրտապնդում են, վախները հաղթահարելով, դուրս են գալիս քաղաք՝ զբոսնելու, սրճելու, ցույց են տալիս հավատամքը դեպի իրենց կեցությունն ու ավանդույթը: Իսկ ահաբեկչությունները, դրանց նախապատրաստումը շարունակվում են:
Նոյեմբերի 18-ին Սեն Դենիում Ֆրանսիայի ոստիկանական մարմիններին հաջողվեց վնասազերծել նոր ահաբեկչություն նախապատրաստող խմբավորման: Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 7 ահաբեկիչ, կան զոհեր, որոնց մեջ՝ կին մահապարտ ահաբեկիչ: Հավանական է, որ Սեն Դենիում ոչնչացվել է նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների հավանական կազմակերպիչ Աբդելռահման Աբաուդը, որը բնակվել է Բելգիայում: Օպերացիայի ընթացքում ոստիկանության հինգ աշխատակիցներ ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ: Սեն Դենիի բնակիչներին իրավապահ մարմինները խորհուրդ են տալիս մոտակա օրերին դուրս չգալ տներից: Փարիզի գլխավոր դատախազ Ֆրանսուա Մոլենսը հավաստիացնում է, որ ահաբեկչությունների գործով հետաքննությունը վերջին օրերին դրական արդյունքներ է տալիս:
Ըստ The New York Times-ի, Ֆրանսիայի ոստիկանությունը, արդարադատության մարմինները, պաշտպանության նախարարության հատուկ մարմինները Փարիզում եւ երկրի տարբեր հատվածներում լայնամասշտաբ ռեյդեր են անցկացնում՝ ձերբակալելով կասկածյալներին, ստուգելով նրանց ինքնությունը, փաստաթղթերը, առգրավելով գտնված ապօրինի զենք-զինամթերքը, ոմանց ենթարկելով տնային կալանքի: Ուժայիններն իրենց ծավալած գործունեության մասին պարբերաբար զեկուցում են Ֆրանսիայի նախագահ Օլանդին, որը հայտարարում է, թե իրենք պատերազմի մեջ են: Արդեն հայտնի են ակաբեկիչներից մի քանիսի անունները, նրանց կենսագրությունը: Իրենց պայթեցրած մահապարտներից երեքի մոտ գտնվել են եգիպտական եւ սիրիական անձնագրեր:
Հիմնական ահաբեկիչներն իրենց գործողությունները կազմակերպել են Բրյուսելի Molenbeek թաղամասում, որտեղ ապրել է նաեւ ահաբեկչությունների հավանական գլխավոր կազմակերպիչը՝ Աբդելռահման Աբաուդը: The New York Times-ը գրում է, որ, տեղեկանալով կատարվածի մասին, անակնկալի եկած Աբաուդի հայրը ցնցվել է՝ ասելով, որ դեռ մայիս ամսին իր մյուս 13-ամյա որդուն ապօրինի Սիրիա առեւանգելու փաստով ինքը դիմել էր դատարան: