Հասարակություն

Քաղաքագրություն. Գինեգործները՝ Երեւանում

Քաղաքագրություն. Գինեգործները՝ Երեւանում

Իր նշանակությամբ եւ գրաված տարածությամբ առաջնակարգ տեղը գրավում էր խաղողագործությունը։ Հաջորդ ժամանակաշրջանին վերաբերող վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Երեւանի այգիների ընդհանուր տարածության կեսը գրավում էին միայն խաղողի այգիները, իսկ մնացած կեսը բաժին էր ընկնում ծիրանենուն, դեղձենուն, խնձորենուն, տանձենուն, կեռասենուն, բալենուն, թզենուն, ընկուզենուն, սալորենուն, փշատենուն եւ այլ պտղատուների՝ միասին վերցրած, թեպետեւ վերջիններս սովորաբար մշակվում էին խաղողի որթի հետ կողք կողքի։ Այգեգործության ու խաղողագործության հետ սերտորեն առնչված էր բանջարաբուծությունը։ Չհաշված խանին ու մի քանի այլ մեծամեծներին պատկանող ընդարձակ բանջարանոցները եւ տների բակերում եղած մանր-մունր պարտեզ-բանջարանոցները, բանջարաբոստանային կուլտուրաները հիմնականում մշակվում էին խաղողի եւ մրգատու այգիների ազատ տարածություններում։ Բանջարաբոստանային կուլտուրաներից Երեւանում տարածված էին վարունգը, սեխը, կանաչիները եւ այլն։ Ստացված խաղողի բերքի մի մասը թարմ վիճակում վաճառվում էր Երեւանի ու շրջակայքի մահալների շուկաներում, մի մասը չորացվում ու դարձվում էր չամիչ, մի մասն օգտագործվում էր սուջուխի ու դոշաբի համար, իսկ մի զգալի մասը վերամշակելով՝ ստանում էին գինի։ Անուղղակի վկայություններից երեւում է, որ գինեգործությունը բնակչության համար բավական շահավետ է եղել։ 



Գինեգործությամբ բացառապես զբաղվում էին հայերը։ Քաղաքի մահմեդական բնակչությունը, Ղուրանի դոգմաներից ելնելով, գինեգործությամբ չէր զբաղվում։ Նրանց ստացած խաղողի մի մասը հայերը, Երեւանի շուկայում գնելով, նույնպես օգտագործում էին գինի ստանալու համար։ Միանգամայն հասկանալի էր, որ բնակչությանը կողոպտելու ու թալանելու միջոցների մեջ խտրություն չդնող շահերն ու խաները պետք է օգտվեին նաեւ այդ առիթից։ Եվ իրոք, Զաքարիա Սարկավագի, Զաքարիա Ագուլեցու եւ Եսայի կաթողիկոսի վկայություններից երեւում է, որ քրիստոնյա բնակչությունից սովորական, բայց առանց այն էլ ծանր հարկերից բացի նոր միջոցներ հափշտակելու նպատակով Երեւանի խաները պարսից շահերի թողտվությամբ կամ ուղղակի նրանց հրամանով պարբերաբար արգելքներ էին դրել գինեգործության վրա եւ այդ եղանակով հսկայական միջոցներ քամել գինեգործությամբ զբաղվող քաղաքացիներից ու գյուղացիներից։



Զաքարիա Ագուլեցին վկայում է, որ գինի պատրաստելն արգելելու մասին շահի կողմից մի այդպիսի հրաման է եղել 1654 թվականին, երբ Երեւանում խան էր կարգված Լալա-բեկի որդի Սահմադ-Ղուլին։ Վերջինս, ի կատարումն շահական հրամանի, 6-7 ամիս արգելում է գինու վաճառքն ու գործածությունը եւ ոմն Հիմաթբեկի միջոցով բռնագանձում է հատուկ հարկ։



Իր դաժանությամբ գինեգործությանն ավելի մեծ հարված է հասցրել Մուրթուղա-Ղուլի խանը (17-րդ դարի վերջեր)։ Այլ առիթով մենք տեսանք, որ չափ ու սահման չճանաչող այս փոքրիկ բռնակալը Հուսեին շահի ժամանակ (1694-1722), հավանաբար նրա համաձայնությամբ, ժողովրդին կողոպտելու համար կարգադրում է արգելել գինեգործությունը եւ հատուկ մարդկանց միջոցով կնքել է տալիս ոչ միայն գինու բոլոր կարասները, այլեւ գինեգործության հետ ոչ մի կապ չունեցող լեռնային շրջանների բնակչության մածնի եւ թանի պուտուկները։ Քաղաքի եւ գյուղի բնակչությանը կրկին թույլատրվում է գինեգործությամբ զբաղվել միայն հատուկ հարկեր հավաքելուց եւ մեծ գումարների հասնող կաշառք վերցնելուց հետո։



Միանգամայն հասկանալի է, որ այդպիսի պայմաններում քաղաքի տնտեսության մյուս ճյուղերի համեմատությամբ ավելի աննպաստ վիճակում էր գտնվում գինեգործությունը։



Մինչդեռ խաղողաշատ Երեւանում տանելի պայմանների առկայության դեպքում գինեգործությունը նույնիսկ պարզունակ տնայնագործական եղանակով կարող էր հասնել զարգացման նշանակալի աստիճանի։



Երեւան քաղաքի պատմությունը



 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով...

×
Gallery Image