Հասարակություն

Առեղծվածային բանդան

Առեղծվածային բանդան

Միայն այն, որ ԱԱԾ-ի կողմից Նորք-Մարաշում վնասազերծված ավազակային խմբավորման ողջ պատմությունը զավեշտի ու ծաղրուծանակի է ենթարկվում, միայն այս հանգամանքը պիտի անվերապահորեն Հայաստանի ուժային կառույցների համար, վերջիվերջո, ուսուցողական լինի: Չկա մի լուրջ պետություն, ուր մինչեւ ուղնուծուծը զինված բանդայի հայտնաբերումը, վնասազերծումը, խմբավորման անդամների ձերբակալությունները, ԱԱԾ-ի տարածած տեսանյութերը, լուսանկարների ողջ փաթեթը խեղկատակության տեղ ընդունվի:



Բայց սա փաստ է, մի իրականություն, որի հետ բախվելիս ինքնասիրություն ու հպարտություն ունեցող արդարադատության մարմինները, իրենց ղեկավարներով հանդերձ, ամոթից գետինը կմտնեին:



Այնուամենայնիվ, ովքե՞ր էին այս առեղծվածային զինյալները, ինչո՞ւ էին այդքան զենք մթերել, ի՞նչ էին ուզում: Ամենասկզբում մարդկանց մեջ լուրեր էին պտտվում, թե «Իսլամական պետության» ահաբեկիչները մուտք են գործել Երեւան եւ այլն: «Թաղեմ դրանց, հասան մեզ»,- բացարձակ մեռելային դեմքով ասում է հիվանդանոցի վերելակավարը: Ասում եմ՝ ովքե՞ր: Կինը շարունակում է. «Բա չե՞ք լսել, էն Իգիլ ա, Իսիս ա, չգիտեմ ինչ ցավ ա, դրանք ուզել են Երեւանում տեռոր անեն»: Եվ հետո էլի նմանատիպ անողնաշար խոսակցություններ, որ չգիտես, թե ինչպես են կառուցվում, ինչպես են տարածվում մարդկանց մեջ: Այս շշուկները, խոսակցությունները, որոնք, իհարկե, բացասական հետք են թողնում հասարակության վրա, նորից վկայում են այն մասին, թե որքան խարխուլ, որքան թույլ ու կործանված օղակ է պետության արտաքին եւ ներքին անվտանգությունը պահպանող մարմնի կմախքը, որի ուսերին, փաստորեն, գնալով ծանրանում է նախագահի աթոռը:



Տեսաձայնագրությունները, լուսանկարների շարքը, մարդկանցից վերցրած համառոտ հարցազրույցները, ուժայինների հայտարարությունները փոխանակ ավելի լույս սփռեն, ավելի վճիտացնեն եղելությունը, հակառակը՝ խորացնում են անվստահության մթնոլորտը:



Եվ ծաղրը պոռթկուն ու բուռն է դառնում: Պարզ բան՝ փողոցի անցորդներին հարցուփորձ արեք, թե ինչ են մտածում բացահայտված ավազակային խմբի մասին, եւ հավատացնում եմ, որ գրեթե բոլորը կծիծաղեն, կասեն, որ սա դեկտեմբերի 1-ի հանրահավաքին ընդառաջ իշխանությունների բեմադրած հերթական թատրոնն է, նաեւ կասեն ուրիշ բաներ, որ բավականին հեռու են բուն դեպքից: Սակայն, ի վերջո, այդքան զինամթերք է հայտնաբերվել, կուտակված զինամթերքը հնարավոր է գործի դրվեր եւ ուղղված լիներ իրենց կյանքի օրերը դեռեւս առոք-փառոք անցկացնող իշխանության դեմ, որ կարծում է, թե իր երկինքը դեռ կապույտ է, իսկ ճանապարհը՝ կանաչ: Իշխանություն, որ ժողովրդի կյանքի հաշվին, ամեն գնով ուզում է երկարացնել իր ողորմելի կյանքը, երկարացնել մի փտած կեցություն, որը, ինչ խոսք, ուշ թե շուտ կործանվելու է:



 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image