Փարիզում Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովի ընթացքին, որի նախագահությունն ստանձնել է Ֆրանսիան, այս պահին բեւեռված է համայն մոլորակը, մանավանդ վերջին իրադարձություններից հետո, երբ սրվել են Ռուսաստան-Թուրքիա փոխհարաբերությունները, եւ կարծես սրացումը դեռ ընթացքի մեջ է: Արդեն հայտնի է, որ համաժողովի ժամանակ նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդիպում չեն անցկացնելու եւ չեն քննարկելու երկու երկրների համար ստեղծված լարված իրավիճակը: Ռուսական կողմը Էրդողանի կողմից դեռ ներողության է սպասում, ինչին այդպես էլ Թուրքիան չի արձագանքում, թեպետեւ Էրդողանը հույս ունի, որ, այնուամենայնիվ, Պուտինի հետ իրենց հանդիպումը կկայանա:
Երեկ, սակայն, փակ դռների ետեւում հանդիպեցին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Վաղօրոք նրանց հանդիպումը չէր նախատեսվել եւ չէր կազմակերպվել: Ըստ Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի, Օբաման եւ Պուտինն արտահայտվել են հանուն առաջընթացի եւ խնդիրների խաղաղ կարգավորման: Նախագահները խոսել են նաեւ Ուկրաինայի շուրջ՝ նշելով, որ շուտափույթ պետք է իրացվեն մինսկյան համաձայնագրերը: Օբաման իր ցավակցությունն է հղել ռուսական ինքնաթիռի կործանման կապակցությամբ:
Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովն իր լարվածությամբ եւ արծարծվող խնդիրներով ապոկալիպտիկ եւ դրամատիկ բնույթ ունեցավ: Քաղաքականությունից անցում կատարելով դեպի մոլորակի բնակլիմայական աղետալի վիճակը՝ ամբիոնից երկրի ղեկավարները սթափության եւ տագնապի կոչեր հնչեցրին: Մասնավորապես, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասաց. «Ալյասկայում ես հետեւել եմ կլիմայի փոփոխությանը, որտեղ հալչում են սառույցները, եւ որտեղ ծովը կլանում է ցամաքը: Ապագայի պատկերը՝ ջրի տակ անցած դաշտեր, սով, փախստականներ, քաղաքական կոնֆլիկտներ: Սա այն ապագան չէ, որտեղ կարող են գոյատեւել փխրուն պետությունները»: Օբաման նաեւ խոստովանեց, որ իր երկիրը վնասակար թափոնների արտանետման տեսանկյունից աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջին քարտուղար Սի Ցզինպին եւս հավաստիացրեց, որ Չինաստանը կանի ամեն ինչ, որպեսզի նվազեցնի թունավոր գազերի, թափոնների արտանետումները, եւ արդեն կան որոշ արդյունքներ: Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ արեց բնությունն առավել շատ կեղտոտած երկրներին փոխհատուցել, դրամական օգնություն ցուցաբերել այն վայրերին, պետություններին, որոնց վնաս են հասցրել գերտերությունները: