Հասարակություն

Երկու աշխատատեղ

Երկու աշխատատեղ

Հայաստանում կարելի է հանգիստ մեռնել, ինչո՞ւ ոչ, համենայնդեպս, ոչ Հայաստանն է աշխարհին պետք, ոչ ձեր, մեր, նրանց կյանքը Հայաստանում ապրող մյուս մարդկանց համար (հարազատ, բարեկամ, ընկերներ մի կողմ դրած): Պետք չէ, քանի որ հենց դրա հակառակն է երազում. երազում է, որ պետք լինի: Մի տեսակ մարդկային երազանք է, չէ՞: Ահա, կրիմինալը հաղթանակում է ընտրություններում եւ այսպես շարունակ:



Սահմանամերձ զորամասերում ամեն շաբաթ մի զինվոր է զոհվում, եւ այսպես շարունակ: Ցավակցական հառաչներին ակնթարթ հետո փոխարինելու են գալիս հաճույքի բառաչները, սուրճը փոխարինում է թեյին, թեյը՝ սուրճին, ստատուսը՝ ստատուսին, կենդանին՝ կենդանուն: Ֆրիկոտ ու հիփսթերոտ թույն ջահել, սիրուն մարդու ես հանդիպում, առաջին նախադասությունը. «Թոյֆըլ եմ պարապում, որ գնամ ստեղից», կամ հակառակը. «Հաղթելու ենք էս ուռոդներին, բայց էսօր մի տեսակ նենց պարելու կայֆ ունեմ»: Իրականում երկու խորքային, հրատապ նախադասություն՝ նույն տոնայնությամբ, նույն փիլիսոփայությամբ: Դրսում ապրող ընկերների նամակներից. «Ձեզ տեղն ա, ոնց տրաքած եղել եք, տենց տրաքած էլ կմնաք, դուրս եկեք, շփվեք մարդկանց հետ, աշխարհների հետ, ճանճերի նման թափել եք իրար գլխի, մեկ իշխանություն եք ուզում փոխեք, մեկ ձեզ եք ուզում փոխեք, մի հատ էն, որ ասում ա՝ գտեք ձեզ, ջոկեք՝ վերջը ի՞նչ եք ուզում»: Հետո գերհոգեկան տվայտանքներն ու հայրենացեղական զեղումները բերում-հասցնում են Վանոյին ցիտելու արվեստին. «Կերեք ձեր խոտը, կշտացեք ու բազմացեք խելքից դուրս, բայց դուրս մի՛ եկեք ձեր փարախի սահմաններից։ Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, մի՛ շփոթեք այն ախոռի հետ… Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ»: Հայաստանում երկու աշխատատեղ դեռ կա՝ Սերժ Սարգսյանի արտաքնոցն ու հանուն հայրենիքի ծաղկած նահատակարանը: Երկու ամրակուռ կառույց, երկու պարապմունք, որ, իհարկե, ձգտում են հավերժության: Հետո սովորեցնելը, դա ուրույն է, ծնվում է հողեղեն, հողածին, հողարյուն այս սուրբ հողի հողում, սնում իր զավակների միսն ու ոսկորը, գունավորում նրա անզգուգական մտքի հորիզոնը: Ինչպիսի հող: Սովորեցնում են, թե ինչպես է պետք պայքարել, ինչ անել-չանել, ինչպես լինել Սերժ Սարգսյանի արտաքնոց, արտաքնոցի երգող ճանճ, եւ ինչպես լինել ազգի պանծալի զավակ, ինչպես կանգնել ու մեռնել հանուն նրա բարեբեր, լուսապսակ ապագայի, ինչպես անմահների պանթեոնում ոսկեջրել անունը քո… Հայաստանում կարելի է հանգիստ մեռնել, ինչո՞ւ ոչ, համենայնդեպս, ոչ Հայաստանն է աշխարհին պետք, ոչ ձեր, մեր, նրանց կյանքը Հայաստանում ապրող մյուս մարդկանց համար (հարազատ, բարեկամ, ընկերներ մի կողմ դրած): Պետք չէ, քանի որ հենց դրա հակառակն է երազում. երազում է, որ պետք լինի: Մի տեսակ մարդկային երազանք է, չէ՞…

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image