Մշակույթ

Քաղաքագրություն. Համաճարակները Երեւանում

Քաղաքագրություն. Համաճարակները Երեւանում

Անուղղակի նկարագրություններից եւ հիվանդությունների մասին մեզ հասած վկայություններից երեւում է, որ Երեւանի բնակչության առողջապահական վիճակն աննախանձելի էր։ Այդ տեսակետից այն հար ու նման էր Նախիջեւանին, Շամախուն, Թավրիզին եւ Պարսկաստանի, Արեւելյան Հայաստանի ու Վրաստանի քաղաքներին, որոնցում նույնպես բացակայում էին բնակչության առողջապահության նվազագույն պայմանները։ Հայտնի է, որ բնակչության առողջապահության վիճակի վատթար կամ բարվոք լինելն առաջին հերթին կապված էր բժիշկների եւ բժշկական հիմնարկների՝ դեղատների, հիվանդանոցների, բուժկայանների գոյության հետ։ Ծանոթանալով հայկական հարուստ մատենագրությանը եւ Հայաստանով անցած եվրոպական ճանապարհորդների հիշատակություններին՝ հայ բժշկական գիտության պատմության լավագույն մասնագետը՝ Լ. Ա. Հովհաննիսյանը, ենթադրում է, որ 15-րդ եւ 18-րդ դարերի միջեւ Հայաստանում, հավանաբար, գոյություն չուներ բուժական որեւէ հիմնարկ՝ այն դեպքում, երբ այդպիսիներով այնքան հարուստ է մեր ժողովրդի պատմության նախորդ ժամանակաշրջանը։ Երեւանում, ընդհուպ Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելը, բուժական ոչ մի հիմնարկ չի եղել, չնայած 18-րդ դարում հայկական բժշկությունը բավականին զարգացել էր եվրոպական բժշկության ազդեցությամբ եւ մասամբ հնից եկող ավանդույթների հիման վրա։ Այս դարում ապրել ու գործել են հայ բազմաթիվ բժիշկներ, որոնցից մի քանիսը բավական հայտնի են եղել։ Դրանցից ոչ այնքան հայտնի երկու հայ բժշկի գործունեությունը սերտորեն կապված է Երեւանի հետ։ Մեկը գրականության մեջ հիշատակվում է Հարութիս (Հարություն) անունով, իսկ մյուսը՝ Թաթուլ։



Հարութիսն ապրել է 18-րդ դարում։ Նա թավրիզեցի Եղիշի որդին էր եւ ապրում էր Երեւանում, որտեղ 1785 թվականին արտագրել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող դեղագործական մի փոքր գիրք։ Անառարկելի է, որ Հարութիսը Երեւանում զբաղվում էր պրակտիկ բժշկությամբ։ Բժիշկ Թաթուլը եղել է Հարութիսի երիտասարդ ժամանակակիցը։ Նա Երեւանում սկսել է աշխատել 1803 թվականից: Սակայն դրանք փոքր թվով անհատներ էին, չունեին համապատասխան բուժական հիմնարկներ եւ, բնականաբար, չէին կարող նույնիսկ նվազագույն չափով ապահովել բնակչության բուժման գործը։ Գործնական բժշկությունը մեծ մասամբ գտնվում էր բժշկական տարրական գիտելիքներից զուրկ հեքիմների ձեռքին, որոնցից շատերն այդ բնագավառում չունեին նաեւ հմտություն։ Իր զգալի մասով դեռեւս սնոտիապաշտ բնակչությունը անբուժելի հիվանդությունները բուժելու համար դիմում էր վանքերի, ուխտատեղիների եւ եկեղեցիների «բուժիչ զորությանը»։ Բնական է, որ սոցիալ-տնտեսական վերը նշված վատթար պայմաններում եւ գիտական բժշկության ու բուժական հիմնարկների բացակայության հետեւանքով քաղաքում հիվանդությունները պետք է հասնեին մեծ չափերի։ Պատմիչների վկայություններից երեւում է, որ Երեւանում մեծ տարածում ուներ մանավանդ դողէրոցքը։ Իսկ Զաքարիա Ագուլեցին եւ ուրիշ պատմիչներ այլեւայլ առիթներով հիշատակում են Երեւանում ամռանը ջերմի տարածման մասին։ 



Քաղաքային պատմությունը շարադրելիս մենք առիթ ունեցանք նշելու Երեւանում մի քանի անգամ տարածված մահասփյուռ հիվանդությունների վերաբերյալ։ Ղուկաս կաթողիկոսի մի վկայությունից երեւում է, որ 1792 թվականի ամռանը Նախիջեւանի եւ մասամբ Երեւանի խանությունում տարածված էր ժանտախտը։



Համաճարակներն առատ «հունձ» էին անում հին Երեւանում։ Բնակչությունն այդպիսի ժամանակներում գրեթե լիովին անպաշտպան էր, եթե չհաշվենք ժամանակավորապես լեռնային շրջաններում ապաստանելը եւ պառավական-հեքիմական «պրոֆիլակտիկան» (օրինակ՝ խոլերայով վարակվելուց պաշտպանվելու համար օգտագործում էին սխտոր եւ վզներին կրում սխտորի մանյակ)։ Դաժան շոգերը, փոշին, կեղտը, լավորակ խմելու ջրի բացակայությունը, տնտեսական ծանր պայմանները, պատերազմներն ու անբերրիությունները՝ այդ բոլորը Պարսկաստանի, Անդրկովկասի եւ Առաջավոր Ասիայի շատ քաղաքների նման Երեւանը դարձնում էին վարակի բույն։ Հին երեւանցին վտիտ էր, ֆիզիկական թույլ կառուցվածքով։ Կյանքի տեւողությունը կարճատեւ էր, երկարակյացներն այստեղ հազվադեպ էին եւ այն էլ պատահում էին լեռնային շրջաններից եկածների մոտ։

Երեւան քաղաքի պատմությունը

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image