Մշակույթ

Լույս տեսավ Քեթի Աքերի «Բղջախոհություն» գիրքը

Լույս տեսավ Քեթի Աքերի «Բղջախոհություն» գիրքը

Հունվարի 29-ին Կալումե փաբում տեղի ունեցավ 20-րդ դարի երկրորդ կեսի ամերիկացի նշանավոր փորձարար արձակագիր, փանկ, ֆեմինիստ Քեթի Աքերի «Բղջախոհություն» գրքի շնորհանդեսը (Երեւան, «Ինքնագիր գրական ակումբ»): Թարգմանությունն անգլերենից` Կարեն Ղարսլյանի: Կազմի ձեւավորումը՝ Սամվել Սաղաթելյանի: Օգտագործված է նրա «Ուրվական ֆալոսը» շարքի պատկերներից:



Կարեն Ղարսլյանն «Աքերը եւ նրա Բղջախոհությունը» կոչվող վերջաբանում գրում է.
«Դեռ Քեթի Աքեր չդարձած՝ անչափահաս Քերըն Լեմանի անձի ձեւավորման ամենաէական շրջանը համընկել էր 60-ականների հեղափոխական շարժումների բուռն փուլերի հետ, երբ արեւմտյան հասարակություններում ծաղկում էին Բիթ շարժումից բխած բազմաթիվ ենթա եւ հակամշակութային ուղղություններ, ինչպիսին է սեռական հեղափոխությունը (սեռական հարաբերությունների ազատականացումը, սեռական կողմնորոշման ազատությունը, սեռային իրավահավասարությունը եւ այլն), որոնք զգալի հետք են թողել նրա ստեղծագործության վրա: Հենց Բիթ շարժման հիմնադիրներից մեկին էլ՝ Ուիլյամ Ս. Բըրոուզին, Աքերը համարում էր իր գրական ու գաղափարական ուսուցիչը: Աքերը կրել է Չարլզ Օլսոնի, Դեւիդ Էնթինի, Մարգերիտ Դյուրասի, Ալեն Ռոբ-Գրիեյի, Ժան Ժենեի, ինչպես նաեւ ֆրանսիական քննադատական տեսության ու փիլիսոփայության ազդեցությունը: Մոր հետ լեզու չգտնող Աքերն ի վերջո լքում է հարմարավետ կենցաղը՝ փորձելով ինքնուրույն վերապրել Նյու Յորքի ամենաաղքատ ու վտանգավոր թաղամասերից մեկում: Որոշ ժամանակ գլուխը պահում է սեքս-ոլորտում՝ աշխատելով որպես մերկապարուհի ու պոռնոֆիլմերի դերասանուհի: Այս շրջանի նրա զբաղմունքներն ու կենսափորձն անջնջելի դրոշմ են թողել նրա ստեղծագործությունների վրա: Սակայն Աքերի հակասական կերպարն արտացոլվում է ոչ միայն նրա երկերի բովանդակության ու ձեւի մեջ, այլեւ աշխատանքների բնույթով. ժամանակին Նյու Յորքի ամենավտանգավոր ու անպատկառ փողոցներից մեկի՝ 42-րդի վրա աշխատած մերկապարուհին տարիներ անց հին հունարեն էր դասավանդում Կալիֆորնիայի Սան Դիեգո համալսարանում ու դասախոսում էր Կալիֆորնիայի Սանտա Բարբարայի համալսարանում, Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտում, Այդահոյի համալսարանում եւն:



***
««Բղջախոհություն»-ը Քեթի Աքերի հայերեն թարգմանված առաջին երկն է: Շոտլանդացի բանաստեղծ եւ վիպասան Էլիսոն Ֆելի մտահղացմամբ յոթ կին գրողներ գրում են յոթ մահացու մեղքերի վերաբերյալ գործեր, որոնք գրքով (The Seven Deadly Sins) տպվում են 1988-ին, Լոնդոնում (թարգմանությունը կատարված է հենց այս գրքից): Մահացու մեղքերից Աքերին բաժին էր ընկել տռփանքը, որն աստվածաշնչյան բառապաշարում առավել հայտնի է «բղջախոհություն»: Բղջախոհությունը տվյալ երկում դրսեւորվում է գլխավորապես արական միասեռական սիրով ու սեռահարաբերություններով, ինչպես նաեւ սադոմազոխիստական վարքով:



Ինչպես նրա առավել ծավալուն երկերում, «Բղջախոհություն»-ում եւս հերոսների ինքնություններն անսպասելիորեն անտարորոշելիորեն տարրալուծվում են: Երեք մասից բաղկացած այս երկում պատումն իրականացնում են արական սեռի տարբեր ներկայացուցիչներ, որոնց ինքնությունները կրում են Աքերի ինքնակենսագրական տարրերը (ինչպես, օրինակ՝ երկսեռականությունը (բիսեքսուալությունը) կամ մոր կողմից ատված լինելը»:



Գիրքն արդեն վաճառքում է:



 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image