Ստորեւ ներկայացվող հատվածը Պոլ Վալերիի համանուն էսսեից է, որն ասես սահմանում է, ախտորոշում մեր ներկա վարչակարգի ողջ «էութաբանությունը»։
Ինչ էլ լինի, հաստատված դիկտատուրան ամփոփվում է ժողովրդի կազմակերպման մի պարզ բաժանումի մեջ, մի կողմից մեկ մարդ է ստանձնում մտքի բոլոր գերագույն գործառույթները՝ նա իր վրա է վերցնում ազգային մարմնի «երջանկության», «կարգուկանոնի», «ապագայի», «հզորության», «հեղինակության» գործը, բոլոր բաները, որոնց տեսադաշտում իշխանությունների միասնությունը, վարկը, հարատեւությունը, անկասկած, անհրաժեշտ են: Այս մարդն իրեն իրավունք է վերապահում գործել ուղղակիորեն բոլոր բնագավառներում եւ անկախ վճիռներ կայացնել ցանկացած նյութի, ինչպիսին էլ լինեն նրանց անձնական արժեքն ու իրազեկությունը: Ըստ կարգի տարբերակված այդ մարդկային նյութն իր վրա է վերցնելու «ավտոմատիզմի» բեռը:
Այս բնույթի բաժանումն առավել անկայուն է, երբ ժողովուրդը, որի վրա կիրառվում է, ունի ավելի շատ մտքեր, որոնք եւս բռնակալական են (այսինքն՝ որոնք ուզում են հասկանալ եւ ընդունակ են գործելու): Դիկտատուրայի պահպանումը պահանջում է մշտական ջանքեր, քանի որ դիկտատուրան, լինելով բոլորի կողմից ապրված ճգնաժամի ամենահակիրճ եւ ամենաեռանդուն պատասխանը, կարող է ենթարկվել անօգուտ լինելու վտանգին եւ այդպես ասես լուծարվում է ինքն իրեն տված առաքելության երջանիկ արդյունքի շնորհիվ:
Որոշ դիկտատորներ կարողացել են ճիշտ պահին հրաժարական տալ: Մյուսները փորձել են թուլացնել իրենց իշխանության ճնշումը եւ աստիճանաբար վերադառնալ ամենաչափավոր վարչակարգի: Սա է ամենանուրբ գործողություններից մեկը: Ոմանք էլ դեռ փորձում են ամրապնդել հնարավոր բոլոր միջոցներով: Բացի ուղղակի հարկադրական միջոցներից եւ մշտակա հսկողություններից, նրանք կգտնեն բավականին արժեքավոր աղբյուրներ երիտասարդների վարժեցման ու նաեւ փայլի մեջ, որ կկարողանան տալ համակարգի նկատելի հաջողություններին ու առավելություններին: Նրանք այդ ջանքի մեջ են ներդնելու իրենց ողջ միտքն ու եռանդը, որոնցով եւ պարտադրել են իրենց: Սակայն այդ քաղաքականությունը կարող է անբավարար լինել կամ կարող է արդյունք տալ միայն շատ հեռավոր ապագայում: Այնժամ, պատահում է, որ խորհեն նախնական պայմաններին արհեստականորեն վերադառնալու եւ տագնապները, անգամ դիկտատուրան ստեղծող վտանգները կազմակերպելու մասին: Այդ ժամանակ գայթակղիչ կարող է դառնալ պատերազմի գծագրվող պատկերը:
Մենք տեսանք՝ մի քանի տարում յոթ միապետություններ (կարծեմ) անհետացան, գրեթե նույնքան դիկտատուրաներ հաստատվեցին: Եվ բազմաթիվ ազգերի մեջ, որոնց վարչակարգը չի փոխվել, այդ վարչակարգը՝ բավականին չարչրկված որքան իրողություններից, այնքան էլ մտորումներից եւ համեմատություններից, ինչպես նաեւ հարեւանների մոտ եղած փոփոխություններից, որոնք միտք են գրգռում:
Հետաքրքիր է, որ դիկտատուրան է հիմա դառնում վարակիչ, ինչպես մի ժամանակ ազատությունն էր…
Թարգմանությունը ֆրանսերենից՝ Աննա Հակոբյանի
Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ