Հասարակություն

Ֆեյսբուք կամ բարուց եւ չարից անդին

Ֆեյսբուք կամ բարուց եւ չարից անդին

2004 թվականի փետրվարի 4-ին մարդկության պատմությունը գրեց իր «ամենահանճարեղ» էջերից մեկը՝ ստեղծեց «Ֆեյսբուք» սոցիալական կայքը: Ահա, համալսարանականներով աղջիկ կամ տղա կպցնելու գործընթացը շուտով շրջելու էր մարդկային կյանքի մասին ունեցած մեր նախկին պատկերացումները: Հենց այսօր ընկերներիցս մեկը Ֆեյսբուքում իմ չլինելն ինձ համար ընկալեց որպես սաստիկ տխուր մի իսկություն եւ փարատեց. «Ոչինչ, չնայած պատկերացնում եմ՝ առանց ֆեյսի ահավոր կլինի»: Ասեմ՝ այդքան էլ ահավոր չէ, դեռ ավելին՝ լիովին վերականգնել եմ շնչառությունս, գիտակցական կյանքիս ու աշխատանքիս ողջ մարդկայնությունը, ազատությունս, որի համար շնորհակալ եմ մինչ Ֆեյսբուքը (որտեղ, բարեբախտաբար, կարճ կյանք ունեցա) իմ անցյալի թանկ շերտերին՝ ընթերցանությանը, կենտրոնանալու մեծ ցանկությանը, գիտակցության, առհասարակ՝ մտքի, աշխատանքի բարօրությանը, քաոսը համակարգելու, բնության մեջ շատ լինելու պատրանքին, եւ այսպես շարունակ: Տարիների ընթացքում եւ առայսօր նույնիսկ մոլի ֆեյսբուքապաշտներից, նաեւ պասիվ ֆեյսբուքականներից տրտնջոցներ շատ եմ լսել. «Էլ չեմ դիմանում, ուզում եմ դուրս գալ: Հիմար տեղ ա դառել:



Անիմաստ ժամանակ եմ մսխում: Ոչ մի բանի վրա չեմ կարողանում կենտրոնանալ: Վաղը հաշիվս սառեցնելու եմ ու վերջ»: Կներեք, բայց նմանատիպ ոչ մի տրտնջոցի այլեւս չեմ հավատում, քանի որ դրանք տրտնջոցի սահմաններից այդպես էլ դուրս չեն գալիս եւ ապագայում էլ դուրս չեն գալու, պարզապես նույն նախադասությունները տարբեր ականջների համար կրկնվելու են: Իրական գործողության դիմողներն ընդհանրապես ավելորդ զեղումների ժամանակ շատ չեն ունենում: Լսել եմ նաեւ արդարացումներ. «Արագ տեղեկատվության աղբյուր ա», «Ընկերների հետ կապ պահպանելու միակ հնարավորությունն ա», «Հասարակական-քաղաքական շրջանակում լինելու եւ գործելու բացառիկ հնարավորություններ ա տալիս»:



Ներող կլինեք, որովհետեւ վերջերս երեւի հավատի հետ կապված լուրջ խնդիրներ ունեմ, որոնք ոչ մի կերպ, «ցավոք», հաղթահարել չի ստացվում: Ինչեւէ, այս արդարացումներին եւս չեմ հավատում ու չեմ հավատալու: Այն պահից, երբ համացանցը մարդկային բազմության կողմից սկսեց ասոցացվել միայն Ֆեյսբուքի հետ, մոռացվեց ու խամրեց նրա ունիկալ հնարավորությունների եւ բարիքների մատենացանկը: Իհարկե, ցանկության դեպքում համացանցն ընկերների հետ շփվելու այլ տարբերակներ էլ կարող է առաջարկել կամ, ասենք, արագ տեղեկատվության պատուհաններ: Հետաքրքիր է՝ օրվա լրահոսից քանի՞ տոկոսն է ունակ ընդունելու, ընկալելու եւ ֆիլտրելու մեր խեղճ գիտակցությունը: Ինչ շատ են նմանատիպ հարցերը, չէ՞, եւ որքան քիչ են մեր նոր գիտելիքները ուղեղի զուտ ֆիզիոլոգիական կենսագրության մասին (այս ամենի վերաբերյալ լույս տեսնող գրականությունը, հրապարակվող գիտական հոդվածների քանակը նույնպես այնքան առատ են, որ դրանց սերտումը հսկայական ժամանակ է պահանջում): Կամ, ֆեյսում լինելով, հասարակական-քաղաքական իրադարձությունների կիզակետում լինելը… այս ամենն արդեն ուտոպիա է թվում: Ֆեյսբուքում կաս թե չկաս՝ լրիվությամբ քաղաքական քաղաքակրթության ու մոլորակի համար միեւնույն է: Այսօրյա քաղաքական քաղաքակրթությունը կենտրոնազուրկ է:



Եթե նոր տեխնոլոգիաների բերած շատ երեւույթների հանդեպ բացասական վերաբերմունք ունեմ, եւ եթե առաջադեմները դա հետադիմություն են համարում, ուրեմն այդպես է. ես՝ Ֆեյսբուքից խորշողս, հետադեմ եմ: Ինձ համար այսօրինակ հետադիմությունն անձնական ու իմացական դժբախտություն չէ, մյուսների համար, շատ հնարավոր է, եւ դժբախտություն է, եւ աղետ, եւ գաղափարական անկում: Ով իր կեցության երջանկությունը, մոլորակի վրա գտնվելու եւ կյանքն ապրելու ողջ իմաստը հայտնաբերեց Ֆեյսբուքի մեջ, հրաշալի է: Գուցե Ցուկերբերգը մեր օրերի մեսիան է կամ Բուդդան:



Խնդիրը ներազդեցությունն է, մարդու անհատական հատկությունները, ճակատագիրը, անձնական կյանքը, որն ամեն րոպե քայքայվում է, ջնջվում Ֆեյսբուքի թեթեւ ձեռքով: Բայց այս դրույթները գուցե արդեն անցյալում են՝ հնոտիք են, վերջնականապես զրկված մեզ համար դեռեւս տարիներ առաջ ճանաչելի ձևից ու իմաստից:



Օրինակ՝ ի՞նչ է հիմա լուսանկարը, ի՞նչ է տեսաձայնագրությունը, ի՞նչ է լուրը, ի՞նչ է միտքը, ի՞նչ է գրականությունը, ի՞նչ է կարծիքը, մեկնաբանությունը, բանավեճը, ի՞նչ է ընկերությունը, ի՞նչ է սերը, ի՞նչ է մարմինը, ի՞նչ է լեզուն… Մի բանում համոզված եմ՝ սրանց մասին մեր նախկին պատկերացումները հօդս են ցնդել: Եթե մեծ աղետներ չլինեն, հնարավոր է՝ նույնիսկ մոտ ապագայում մարդկության մտածող հատվածը վերասահմանի դեռ անանունը, անընկալելին՝ օրինականացնելով նոր զգացողությունների բավականին ապօրինի հայտնությունը: Սակայն չմոռանանք նաեւ, որ մարդկային կյանքի տեւողությունն այդքան էլ մեծ չէ: Նոր սահմանումների ճանապարհին մարդը չի կարող չապրել իր օրը, իր կենցաղը, չունենալ մոլորություններ: Եվ մոլորյալները մեկ-մեկ ուզում են իրենց կյանքն իրենց ձեռքերի մեջ պահել, սիրել այսպես ասած այն, ինչին սովոր են՝ ընտանեկան ալբոմին, գրքերին, առանց սմարթֆոնների ընկերական զրույցին, մենակ մնալուն, վերջապես՝ լռությանը (մարդն այդ ազատ կամքի իրավունքը, կարծում եմ, դեռեւս ունի, թեպետ Ֆեյսբուքում լինելը աշխատանքային տարբեր կազմակերպությունների համար պարտադիր նախապայման է, ինչպես ասում են՝ «գործիս պահանջն ա, թե չէ ինձ որ մնար…»):



Ֆեյսբուքի մեջ եւ Ֆեյսբուքից դուրս ապրողները, լինելով նույն աշխարհում, այլեւս տարբեր աշխարհների մեջ են ապրում: Շատ ժամանակ ֆեյսբուքաբնակների մի ստվար հատված Ֆեյսբուքից հեռանալը կապում է «սպիտակ ագռավի» բարդույթի հետ: Իմ մասին էլ եմ նման հիմար ու անհեթեթ կարծիք լսել: Անգամ եթե մարդը ցանկություն ունի «սպիտակ ագռավ» լինել, դա նրա ցանկությունն է, այլ ոչ թե ձեր: Ձեր նույնական, բթամիտ աշխարհում «սպիտակ ագռավ» լինելը դեռ գոնե ինչ-որ բան նշանակում է: Մարդը պիտի լինի այնտեղ, որտեղ ուզում է, որտեղ իր լինելիությունը պարտադրված չէ: Ցավոք, Միշել Ֆուկոյի՝ ապագայում «Վերահսկողական հասարակարգ» ունենալու մասին մտորումներն իրականություն են դառնում: Ոստիկանական իշխանությունը վայելում է վաստակած հանգիստը՝ իր գործառույթը տեղադրելով անձնականությունից զրկված մարդու մեջ:



Վերջին անգամ, առանց «ներողությունների» ասում եմ՝ չեմ հավատում օրուգիշեր Ֆեյսբուքում ապրողների բանակին, այդ բանակի ստեղծած մտքին ու արժեքներին, պրոֆեսիոնալիզմին: Չեմ հավատում իրականության նրանց սուր զգացողությանը, չեմ հավատում միայն ու միայն սեր ու իշխանություն թախանձողների քնարական ու կատաղի շարադրանքներին: Չեմ հավատում ահռելի քանակությամբ ստատուսների, լուսանկարների, պատմվածքների, վեպերի պիտանելիությանը: Չեմ հավատում ֆեյսբուքյան գրականությանն ու գրականության ֆեյսբուքյան ապագային: Չեմ հավատում Ֆեյսբուքում գրականության քարոզչությանը եւ, ընդհանրապես, քարոզած գրականությանը: Չեմ հավատում Ֆեյսբուքի արիստոտելներին ու դերիդաներին: Չեմ հավատում Ֆեյսբուքին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց չհավատալով՝ հավատում են միայն Ֆեյսբուքին: Վերջապես՝ չեմ հավատում երկու տեղում ապրելու համարժեք կարողությանը:



Ինչ անհավատ մարդ դուրս եկա, չէ՞: Ի՞նչ արած՝ անհավատությունը եւս որոշակի ընտրություն է: Հուսով եմ՝ Ֆեյսբուքի հանդեպ այս անհավատությունը շատ չի խոցի ֆեյսբուքաբնակների ինքնասիրությունը: Աշխարհում մարդիկ շատ են, հետեւապես, կարծիքներն էլ քիչ չեն: Սա ընդամենը մի կարծիք էր՝ 6-7 միլիարդի մեջ, մի կարծիք, որ դեռեւս ապրելու իրավունք ունի, չնայած... ո՞վ իմանա:



 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image