Հասարակություն

ՀՀ քաղաքացուն դաժան ծեծել են՝ շփոթելով նրան դիվերսանտի հետ

ՀՀ քաղաքացուն դաժան ծեծել են՝ շփոթելով նրան դիվերսանտի հետ

«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն այցելած Սոնա Սահակյանի պատմությունը բացահայտում է պետական օղակներում կարծրացած մտածողության, վարքի ու գործելաոճի ուշագրավ շերտեր։ Այդ պատմությունը բացահայտում է, թե նման մտածողությունը ինչպես կարող է մարդկային ճակատագրերի խեղման պատճառ դառնալ եւ չարժանանալ դատապարտման։ 



Ըստ Սոնա Սահակյանի՝ 2014թ. հուլիսի 19-ին Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ գյուղի գերեզմանատնից քիչ հեռու գտնվող «Քոռ աղբյուր» կոչվող տարածքում ռազմական ոստիկանները քաղաքային ոստիկանների հետ գալով հանցավոր համաձայնության, իր որդուն՝ Ալիկ Զախարյանին, ենթարկում են դաժան ծեծի։ Ալիկ Զախարյանն, ըստ իր մոր պատմածի, մինչեւ ծեծի ենթարկվելը եղել է 2-րդ խմբի հաշմանդամ։



Իսկ ծեծի պատճառն այն է եղել, որ նրան շփոթել են թուրք դիվերսանտի հետ։ Ասել է թե՝ դիվերսանտի հետ կարելի է վարվել ցանկացած կերպ եւ նրան անարգել ենթարկել խոշտանգման։ «Թեւերը շղթայում են, ծեծում են ավտոմատների սպառնալիքների տակ, ստիպում են, որ կեղտոտ առվից ջուր խմի, հետո նրան, նետելով մեքենա, տանում են Մարտունու ռազմական ոստիկանության բաժին»,- պատմում է խմբագրություն այցելած ՀՀ քաղաքացին։ Սոնա Սահակյանը նշում է, որ, ըստ քրեական գործի նյութերի՝ իր որդուն ծեծի ենթարկելու առթիվ ցուցմունքներ են տվել ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի պետ Վահան Մարգարյանը, Ռազմական ոստիկանության Մարտունու բաժնի պետ Հակոբ Վարդանյանը, Ռազմական ոստիկանության Մարտունու բաժնի պետի տեղակալ Խաժակ Կարապետյանը, Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության պետ Արայիկ Գալստյանը, Ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննության խմբի տեսուչ Պետրոս Քոչարյանը, Ռազմական ոստիկանության Մարտունու օպերատիվ բաժնի պետ Հրայր Փիլիպոսյանը, Ոստիկանության Մարտունու քրեական հետախուզության ավագ օպեր-լիազոր Սամվել Սահակյանը, Ռազմական ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակից Արամ Գաբրիելյանը, Գեղհովիտ գյուղի բնակիչ Սոկրատ Սահակյանը, Ռազմական ոստիկանության աշխատակիցներ Խաչիկ Խաչատրյանը եւ Լյուդվիգ Խաչատրյանը, ԱԱԾ աշխատակիցներ Հրայր Մանուկյանն ու Արա Երվանդյանը, Ռազմական ոստիկանության բաժնի հետաքննիչ Արտոս Սաֆարյանը։ Նրանցից ոմանք, ըստ Սոնա Սահակյանի, տվել են կեղծ ցուցմունքներ։



Մեր զրուցակիցը նշում է, որ նրան պահում են Ռազմական ոստիկանության բաժնում եւ այնտեղ ենթարկում դաժան ծեծի։ Սոնա Սահակյանն ասում է, որ իր որդին այսօր, կտտանքների ենթարկվելու պատճառով, վատառողջ է, գլխի, պարանոցի, մեջքի շրջանում ունի ցավեր։ Նրա հավաստմամբ՝ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Սեւանի 5-րդ կայազորի քննչական բաժնում եւ իր որդուն ճանաչել են տուժող։ Նա ասում է, որ իր որդու հագուստները քննիչը չի ուղարկել փորձաքննության, դատաբժշկական փորձաքննություն են ենթարկել դեպքից 11 օր անց, իսկ իրեն թույլ չեն տվել ծանոթանալ դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը։ Սոնա Սահակյանն այս դեպքից հետո արդարություն է որոնում դատարաններում։ Նա դիմում է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, այնուհետեւ՝ ՀՀ վերաքննիչ դատարան, հետո էլ՝ Վճռաբեկ դատարան։ Վերջին մերժումը եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից, այս տարվա փետրվարի 5-ին։ Հիմա Սոնա Սահակյանը փորձում է իր որդու համար պայքարել բոլոր հնարավոր միջոցներով։



Թագուհի Հակոբյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image