Հասարակություն

Մի հանձնառություն

Մի հանձնառություն

Երեւանում բնակվող, իրականության զգացողությունից վաղուց հրաժարված, սակայն ամեն առիթով դրա մասին «քաջատեղյակ» բնակիչները, եթե իսկապես ուզում են տեսնել, հասկանալ, թե ինչպիսի սոցիալական աղետի մեջ է Հայաստանը, ընդամենը մի հանձնառությամբ պիտի մեկնեն մարզեր, գյուղեր, որոնք ցավալիորեն վերածվել են ճշմարտություն արտապատկերող հայելիների: 



Մեր երկրի իրական հոմանիշը ոչ թե Երեւանն է, այլ աղքատության մեջ մեռնող հայ գյուղը: Այդպես էլ տարիների ընթացքում Սերժ Սարգսյանի իշխանությանը լիարժեք չհաջողվեց սքողել դժվար ժամանակներում դժվար ապրելու հյուսած հեքիաթը: Եթե այսպես շարունակվի, եւ հայ գյուղը (խոսքը միայն սահմանամերձ գյուղերի մասին չէ) ոչ հեռու ապագայում դասական իմաստով վերանա, միանշանակ՝ կործանվելու է նաեւ Հայաստանի լույսը, նրա լինելու մեծագույն հատկությունը:



«Մոլ»-երում օրեր անցկացնելը, կաֆեներում ու պանդոկներում տաշիտուշիների տակ երկրի հարցերը քննարկելը, քաղաքի առօրյան... սրանք բոլորն անիրականություն բերող քամիներ են, նաեւ բթացնող, նաեւ շահավետ, որ գուցե ամեն ինչ այդքան էլ վատ չէ՝ հաշվի առնելով թե համաշխարհային տնտեսական ճգնաժամը, թե տարածաշրջանում առկա լարված, պայթյունավտանգ քաղաքական դրությունը: Հայաստանի իրականությունը տեսնելու եւ այդ իրականությունից փախչել չկարողանալու համար պիտի մի որեւէ մոռացված գյուղ գնալ: Եվ կարելի է ասել, որ այսօր հայ գյուղը նույնիսկ չի էլ գոյատեւում, դրա համար գոնե հստակ նպատակ պիտի ունենա: Անմխիթար, կիսադատարկ գյուղերն իրենք իրենց մասին չեն խոսում, այլ այն պատմության ղեկավարման, որի արդյունքում անհայտ ժամանակով կասեցվեց նրանց կյանքը:



Այստեղ, այս վտանգավոր կիսաիրականության մեջ նստած, հանկարծ գյուղերի մասին վերհիշում ենք միայն այն ժամանակ, երբ դրա ուղղությամբ կրակոցներ են արձակվում՝ մտածելով, որ անպատճառ սահմանային գյուղերի մասին պիտի հոգ տանել, պիտի բարելավել, մարդկանց ազատել հարկերից, դժվար պահերին ամեն կերպ սատարել նրանց եւ այսպես շարունակ: Իսկ եթե փամփուշտները չլինեի՞ն: Հիմա ի՞նչ, փրկության հույսը ոչ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ արձակված կրակահերթո՞վ պիտի ճառագի: Այս ստոր նախասիրության, կարեւորի ու անկարեւորի արանքում մենք հասցնում ենք նոր գյուղեր կորցնել եւ, որպես մեծահոգության պարգեւ, ստանալ սովի, աղքատության խոպան հողեր:



 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image