Մինչ հրավառվում ու հանգչում են քաղաքական-հասարակական նեղմիտ ինտրիգները, պայթյուններ հնչում եվրոպական երկրներում, մինչ մենք մտածում ենք մեր անցյալի, ներկայի ու ապագայի մասին, կառուցում մեր օրը, հայկական բանակում շարունակում են զոհվել զինվորները:
Եվ թվում է՝ չկա այլեւս տրամաբանություն:
Գնալով ահռելի արագություն վերցնող այս անիվը բթացրել է նույնիսկ սահմանից եկող սարսափելի լուրերի ընկալելիությունը: Զինվորներն սպանվում են, ինքնասպան լինում: Վերջ չկա: Յուրաքանչյուրի ետեւից գնում են ռեպորտաժների: Պարզում են, թե որքան աղքատ, սոցիալապես անապահով ընտանիքների զավակներ էին, ցույց են տալիս ծանր, անմարդկային պայմաններ եւ այլն…
Այնուհետեւ սկսվում է հերոսացման արարողակարգը՝ «հայրենիքի համար», «հանուն հայրենիքի», եւ այսպես շարունակ, որ ավարտվում է կամ հետմահու շքանշանով, կամ պատվոգրերի տրցակով: Իհարկե, պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս ցավակցական հեռագրերով, հավաստիացումներով, թե ամեն ինչ արվում է, ինչպես միշտ, անկախ ամեն ինչից, հայկական բանակն ամուր է, ունի բարձր մարտունակություն, ֆիզիկապես եւ հոգեպես ամուր է, վճռական, իսկ թշնամու ոտնձգությունների հանդեպ՝ անհանդուրժող:
Անցնում է ժամանակ: Ամեն ինչ կրկնվում է անկասելի մղձավանջի պես: Առավոտյան լրահոսը թերթել չես ուզում: «Սահման» բառը սրտի դողով ես կարդում: Մտածում ես՝ ահա, նորից վատ լուր:
Եվ ինչո՞ւ իշխանությունների կողմից խիստ միջոցառումներ այդպես էլ չեն ձեռնարկվում, փորձ չի արվում բանակում արմատական փոփոխություններ անել, որոնք կնվազեցնեին կորուստները՝ հակառակորդին ստիպելով լռել ու հնազանդվել:
Սակայն ցավալի ճշմարտությունը մեկն է՝ բանակում յուրաքանչյուր զինվորի կորուստ վկայությունն է ՀՀ արտաքին (իհարկե՝ նաեւ ներքին) քաղաքականության բացարձակ ձախողման, վկայությունն է այն բանի, որ ստեղծված դրությունը բավականին ձեռնտու է այս իշխանությանը, բավականին հարմարավետ ենթատեսակ է՝ բանակի ետեւում թաքնվելու, բանակն ու կիսապատերազմական վիճակը դրոշակ դարձնելու բարեհարմարություն: Եվ ի՜նչ գնով: