Աշխատեք խանդավառությամբ։ Ձեր աշխատանքը կատարեք խանդավառությամբ, եւ հրաշքը տեղի կունենա։
Մտքերը ծնվում են մարդկանց գլուխներում, բայց հազվադեպ են «հասնում» նրանց սրտերին, իսկ առանց դրա յուրաքանչյուր միտք մեռնում է։
Միլիարդատիրոջի համար աշխատանքն ու հաճույքը նույն բաներն են:
Հանդիսատեսին չի կարելի խաբել, համենայնդեպս՝ երկար ժամանակով:
Եթե նախագահ ընտրվեմ, առաջին քայլը, որ կանեմ՝ ես կհրաժարվեմ իմ աշխատավարձից: Հասկանալի՞ է:
Ես կարող եմ կանգնել հինգերորդ ավենյուի մեջտեղում ու կրակել մարդկանց վրա: Միեւնույն է՝ ես համախոհներ չեմ կորցնի:
Այս «ուշագրավ» ցիտատները ոչ Մարկոս Ավրելիոսինն են, ոչ էլ Վալտեր Բենյամինինը: Սրանք ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրությունների գլխավոր հավակնորդ՝ ամերիկացի գործարար, բիզնես մագնատ, հեռուստատեսային դեմք, քաղաքական գործիչ, «The Trump Organization» կազմակերպության նախագահ եւ գործադիր տնօրեն եւ «Trump Entertainment Resorts» ընկերության հիմնադիր, գրող, հանրապետական Դոնալդ Թրամփի մտքի անսպառ փայլատակումներն են, որոնք ամեն օր վարակի նման տարածվում են մարդկանց մեջ: Ո՞վ կմտածեր, թե կգա մի ժամանակ, երբ մենք առավոտյան սուրճն ու նախաճաշը կսկսենք Թրամփի արտաբերած հերթական դեբիլիզմը քննելով: Այսօր գրեթե ամեն ժամ հեռուստաընկերությունները, ռադիոն, համացանցը հնչեցնում են Թրամփի անունը՝ արագությամբ որսում նրա կողմից արտաբերված յուրաքանչյուր բառ, ժեստ, ռեպլիկ: Ամենուր Թրամփն է, շատերի կարծիքով՝ ամերիկյան քաղաքակրթության մեծն ծաղրածուն, կապիտալիստական աշխարհի իսկական զավակը, որը համախոհների հսկայական բանակ ունի եւ, ինչու չէ՝ ունի նաեւ ԱՄՆ-ի նախագահ դառնալու բոլոր հնարավորությունները:
Սակայն Դոնալդ Թրամփին ծաղրածու որակելը սխալ կլինի: Այն խաղը, որ իր շուրջ հյուսել է մագնատը, աճպարարությունից բավականին հեռու է: Թեկնածուների մեջ նա ամենաիրական թեկնածուն է թվում, վերարտադրությունը, կուզեք՝ ընդօրինակումը, ԱՄՆ քաղաքական, պատմական ու հասարակական մի ողջ պատմության: Ամերիկյան կորուսյալ դրախտի երազանքին շունչ տված, երազանքն իրագործած ոսկե տղան՝ շոումեն միլիարդատեր, այսինքն, ըստ ամերիկյան տրամաբանության, հաջողակ մարդ, այսինքն՝ հայտնի մեկ գրեթե մարգարե, գրեթե Աստված: Այն մարդիկ, ովքեր Թրամփին խելագարի տեղ են դնում, գուցե դեռ գլխի չեն ընկնում, որ իրենք են խելագարվել: Այն մարդիկ, ովքեր «Թրամփ» երեւույթից ապշահար կարկամում են՝ զարմանալով, թե ինչպես է հնարավոր այսպիսի մարդու հայտնությունը, գուցե կորցրել են իրականության զգացողությունն ու չեն ըմբռնում, թե որ աշխարհում են ապրում: Վերջապես պիտի հասկանալ, որ այս մարդը հտպիտ չէ, որ սա ոչ երազ է, ոչ ֆենթըզի ժանրում նկարահանված գեղարվեստական ֆիլմ: Ի դեմս Թրամփի, սա քաղաքակիրթ աշխարհի ամենաշոշափելի ու ամենազգալի իրականությունն է, որ ապրում ենք: