Հասարակություն

Դրախտ՝ օվկիանոսի մեջտեղում

Դրախտ՝ օվկիանոսի մեջտեղում

Հարցազրույց Գեւորգ Թամամյանի հետ



Ապրիլի 7-ին, ժամը 18:00-ին «Բյուրոկրատ» գրախանութում տեղի կունենա մանկական ուռուցքաբան, արյունաբան Գեւորգ Թամամյանի «Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ «Արտադրված է Թայվանում»» գրքի շնորհանդեսը: Գեւորգ Թամամյանը (ծնվ. 1987 թ.) ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանը: Ուսումը շարունակել եւ աշխատել է արտասահմանյան մի շարք երկրներում` Թայվանում, ԱՄՆ-ում, Բելգիայում, Ավստրիայում: Ներկայումս աշխատում է Երեւանի Մուրացան համալսարանական հիվանդանոցում, դասավանդում է Երեւանի պետական բժշկական եւ Գերմանիայի Ուլմի համալսարաններում:



- Կպատմե՞ս, թե ինչպես հայտնվեցիր Թայվանում։



- Երեւան-Փարիզ-Պեկին-Թայփեյ… Բավականին հոգնեցուցիչ, բայցեւ սպասումներով լի չվերթ էր… Ինչպես նշել եմ գրքում, այս ամենն սկսվեց ընդամենը մի նամակից, երբ բազմաթիվ էլեկտրոնային նամակներիցս մեկը հասավ Չինաստանի բժշկական համալսարանի մանկական հիվանդանոցի ղեկավար, պրոֆեսոր Չինգ-Տիեն Պենգին, աննկարագրելի բարի մի անձնավորության, որը եւ համաձայնեց ընդունել ինձ իր մոտ վերապատրաստման եւ «կանխորոշեց» Թայվանում իմ հայտնվելը: Հետաքրքիրն այն էր, որ մինչ մեկնելս Թայվանի մասին համարյա ոչինչ չգիտեի, եւ ընկերներս երբեմն կատակում էին՝ ասելով, որ թրաֆիքինգի զոհ եմ դառնալու: Բայց ճակատագիրը մեկ այլ բան էր նախատեսել, եւ հայտնվեցի «դրախտում, որ գտնվում էր օվկիանոսի մեջտեղում…:



- Գրքի մտահղացման մասին...



- Երբ արդեն մեկնում էի Թայվանից, պետք է կարճ ամփոփում ներկայացնեի տեղի բժշկական լրատուի համար, եւ այդ ժամանակ հենց հղացավ գրքի գաղափարը: Եվ երբ ներկայացնում էի իմ ամփոփիչ զեկույցը, եւ բոլորը դահլիճում էին, արդեն վստահորեն հայտարարեցի, որ որոշել եմ գիրք գրել Թայվանի մասին: Եթե անկեղծ, ապա մինչեւ վերջերս, երբ արդեն պատրաստ էր գրքի անգլերեն թարգմանությունը, Թայվանի ընկերներիս եւ հարազատներիս մեծ մասը չէին պատկերացնում, թե ինչ գրքի մասին է խոսքը, սակայն պետք է խոստովանեմ, որ շատ ուրախացա, երբ կարդալուց հետո սրտներով էր:



- Կա՞ հիմնարար մի գաղափար, որ կրում է իր մեջ բնույթով ճամփորդական, ճանաչողական այս պատմությունը:



- Այս պատմությունը կյանքի մի հատված է, առանց չափազանցությունների անկեղծ մի զրույց, որը պատմում է հեռավոր եւ, թերեւս, մեզ համար քիչ հայտնի մի երկրի, այն կյանքով լցնող անսահման բարի մի ժողովրդի եւ նրա հիասքանչ բնության մասին… Կուզեմ ցիտել ընկերներիցս մեկին, որը գրքի մասին ասաց. «Արեւելյան ուտեստների էր նման, շատ համեմունքային… Կծու, քաղցր, թթու, աղի եւ այլն… ու կարեւորը, որ ոչ մի համեմունքն էլ չափից շատ ու քիչ չէր: Եվ ռոմանտիկա կար, եւ շատ համով հումոր, եւ տխրություն, իրոնիա…»: Չնայած, եթե անկեղծ, ապա ընկերներիցս մեկ ուրիշն էլ ասաց. «Պոպսան էր շատ, ցանկացել էիր գլամուրոտ բան ստանայիր, բայց էդ ընթացքում ոգեղեն ամեն ինչ կորել էր…»:
Իմ կարծիքով՝ գրքի առանցքը նորի ու անհայտի գրավչության եւ կյանքի հիասքանչ լինելու շուրջն է պտտվում… Կարծեմ, Բուկովսկին է ասել, որ որոշ մարդիկ երբեք խենթություններ չեն անում. տեսնես ինչ տխուր կյանք են նրանք ապրում… Հուսով եմ՝ այս պատմությունը նաեւ որոշ մարդկանց առաջ կբացի խենթություններից ոչ զուրկ աշխարհի դուռը…



- Բժշկագիտությունը, նրա ողջ պատմությունը մարդկային ճակատագրերի, անկումների ու վերելքների բարդ ու երկու առումով էլ դրամատիկ ու բարդ աշխարհ է...



- Ինչպես որ մարդկային կյանքն է… Կարծում եմ՝ բնական է, որ ամբողջությամբ մարդու շուրջը պտտվող գիտությունը պետք է կրկնօրինակեր հենց մարդկային իսկ կենսագրությունը: Օրինակ՝ Հիպոկրատի երդումը, բժշկագիտության հիմնաքարը, որն իրենից ներկայացնում է պարզ մարդկային հարաբերությունների մի բանաձեւ՝ օգնել կարիքավորին, լինել երախտապարտ եւ մնալ խաղաղ խղճի հետ…



- Ըստ քեզ, գրականությունը կամ պատմություններ պատմելը կարո՞ղ են վերարտադրել այդ աշխարհի ինքնությունը, ասենք՝ ինչ-որ կերպ նպաստել մարդկային գիտակցության հեղաշրջմանը:



- Իմ կարծիքով, գրականության կամ պատմություններ պատմելու իմաստը հենց մարդկային գիտակցության մեջ որեւէ փոփոխություն առաջացնելն է: Կարծեմ Ռուբեն Հախվերդյանն էր ասում՝ ի՞նչ իմաստ ունի երգ գրելը, եթե այն իմ համար պիտի գրեմ կամ երգեմ… Չէ որ մարդկության զարգացման ողջ ճանապարհն ինֆորմացիայի փոխանցման մի յուրահատուկ շղթա է՝ կազմված բազմապիսի, բազմալեզու պատմություններից ու երգերից, հայտնի ու անհայտ նկարիչների կտավներից… Կան գործեր, որ ինձ մոտ իրոք հեղաշրջումներ են առաջացրել, եւ դա եղել է բազմաթիվ անգամներ, եւ հուսով եմ՝ կշարունակվի. օրինակ՝ ինչքան էլ մեղադրեն Կոելյոյին «մասսայական» գրականության համար, կարծում եմ՝ «Ալքիմիկոսը» կմնա ցանկացած պատանու երազկոտ եւ խենթ ուղեցույցը, կամ ինչպե՞ս է հնարավոր գիտակցության հեղաշրջման կանխումն Օրուելի ու Ռիչարդ Բախի, Բուլգակովի ու Տվենի, Սելինջերի եւ Դովլաթովի, Չարենցի ու Թումանյանի գրականությունից հետո… եւ ինչպե՞ս կարելի է չհրապուրվել Փարիզով՝ Հեմինգուեյի «Տոն, որ միշտ քեզ հետ է»-ն կարդալիս…



Արամ
ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image