Հասարակություն

Ինչպես բարձրացնել նորին մեծություն ինքնագնահատականը

Ինչպես բարձրացնել նորին մեծություն ինքնագնահատականը

Որքան ապրում, այնքան համոզվում եմ, որ մարդու ինքնազգացողության որակի մեծագույն մասը կախված է ոչ թե արտաքին պայմաններից, այլ ներքին գնահատականից: Մշտապես միայնակներ, անձնական կյանք չդասավորողներ, դասավորածից ու ամեն ինչից դժգոհներ, մեծամիտներ ու չափազանց համեստներ, բարդույթավորվածներ, խանդոտներ, անհաջողակներ ու վախերից տանջվողներ. փորփրենք բոլորիս ու կհամոզվենք, որ իրական ու հիմնական խնդիրը գալիս-հասնում է ինքնագնահատականին: Այնպես որ՝ անհամար խնդիրների հետեւից հատիկ-հատիկ ընկնելու փոխարեն արժե նախ ինքնագնահատականին անդրադառնալ:



*Տարբերենք 2 տիպի ինքնագնահատական՝ ադեկվատ (բարձր, միջին, ցածր), երբ դու կարծում ես, որ վախկոտ ես, ու դա օբյեկտիվորեն համապատասխանում է իրականությանը, եւ անադեկվատ (թերագնահատած եւ գերագնահատած), երբ դու կարծում ես, որ տգեղ ես, բայց օբյեկտիվորեն դա ճշմարիտ չէ:



*Եվս 2 տեսակ՝ ընդհանուր եւ իրավիճակային: Եթե ցածր ինքնագնահատական եք գրանցում կոնկրետ իրավիճակում, դա չարյաց փոքրագույնն է: Բայց եթե կայուն ցածր կամ գերագնահատված ինքնագնահատական ունեք առհասարակ, ապա պատրաստ եղեք, որ փչանալու են կյանքի բազմաթիվ կղզյակներ:



*Գտնվելու վայրը փոխելիս ինքնագնահատականը չի փոխվում. սա մի աքսիոմ է, որի մասին մոռանում են գրեթե բոլորը: Մի 30-ամյա ծանոթուհի կար, որը սաստիկ ուզում էր ամուսնանալ, ինչը նրա մոտ սաստիկ չէր ստացվում: Նա սկզբում ենթադրեց, որ պատճառն իր մեծ քիթն է, հետո՝ որ Երեւանում բնակության թաղամասն է, ու տեղափոխվեց կենտրոն: Մեկ տարուց ենթադրեց, որ պատճառը երկիրն է, տեղափոխվեց Աթենք: Արդեն 32 է, Հունաստանում ու չամուսնացած: Կարծում եմ՝ դեռ գլխի չի ընկել, որ ամուսնանալու սաստիկ ցանկությունը ցածր ինքնագնահատականի արդյունք է, որի վրա կարելի էր աշխատել նաեւ Երեւանում:



Ինքնագնահատականը պետք է նվաճել



Ինքնագնահատականը սնվում է գովեստից, հո դե՞մ չեք: Ընդ որում՝ կարեւոր է գովեստը տարբերել շողոքորթությունից: Շողոքորթելիս հիացմունք ենք ցուցաբերում այն որակների նկատմամբ, որոնք իրականում չենք հավանում, իսկ գովելիս նշում այն ամենը, ինչն իրոք մեզ դուր է գալիս: Այսինքն՝ գովելն անկեղծ գործողություն է: Անձն ունի գովասանքի 2 աղբյուր՝ այլ մարդկանցից եւ ինքն իրենից: Նրանց, որոնց ինքնագնահատականը սնվում է միայն այլոց գովեստներից, կարելի է ցավակցել. ներքին կոնֆլիկտները, նեւրոզն ու սեփական եսի կորուստը պատրաստ են: Ստացվում է, որ ոչ կեղծ, իրական պինդ ինքնագնահատականի համար անհրաժեշտ է ինքնագովեստ ապահովել:



Բոլոր ուղիները՝ դեպի ինքնագնահատական: Չկա ավելի մեծ արժեք, քան քո ինքնատիպությունը, եզակի լինելը: Պետք է հիշել, որ քո անձից չի եղել, չկա ու չի լինի: Դու բացարձակապես միակն ես: Ամեն գնով պահպանել է պետք ինքնատիպությունը. դա ինքնագնահատականի ցողունն է: Ձգտել լինել ոչ թե լավը, շրջապատին դուրեկան, նորաձեւ ու բոլորին հարմար (սա կործանում է եզակիությունը), այլ զարգացնել այն, ինչ իրոք քոնն է:



Մեծացրո՛ւ ինքդ քեզ: Անկախ ամեն ինչից ու բոլորից, վերաբերվիր ինքդ քեզ, ինչպես գրագետ ծնողը՝ իր երեխային: Այսինքն՝ հարգիր քեզ որպես ինքնիշխան, ինքնակառավարվող անձ՝ քո դրական ու բացասական կողմերով: Սիրիր քեզ անշահախնդիր, որովհետեւ այլ տարբերակները (խղճալ, ատել, զզվել, անտարբերություն, փառաբանել, պաշտել) միայն վնասարար են: Մշակի՛ր քո մարմինը. արտաքին գեղեցկությունն ինքնագնահատականիդ անխուսափելի ստվար զանգվածն է: Աշխատիր քո կերպարի զարգացման վրա՝ ցուցաբերելով մի կողմից պահանջկոտություն, մյուս կողմից՝ ներողամտություն թերացումների համար:



Ընդարձակի՛ր քեզ: Որքան էլ հոգեկան գեղեցկությունից, արտաքինից ու ինքնատիպությունից խոսենք, մի փաստ անփոփոխ է մնում. որքան բան գիտես անել, այնքան բարձր է քո արժեքը: Ինքնառեալիզացնող, հանրօգուտ ու գեղեցիկ հմտություններ զարգացրու ու ձեռք բեր: Եվ, իհարկե, գովի՛ր ինքդ քեզ այդ ամենի համար:
Գնահատի՛ր եղածը: Մինչ կծեփես, կզարգացնես, կընդարձակվես ու կմեծանաս, ընդունիր, որ քեզ մոտ արդեն իսկ առկա են մի շարք նվաճումներ, հաջողություններ ու ձեռքբերումներ, որոնք կարիք ունեն գովեստի: Վերհիշիր, թվարկիր ու գրիր դրանք, լավ զգա քեզ դրանցով, մինչեւ նորերը կստեղծվեն: Սա միգուցե պարզմիտ թվա, բայց արդյունավետությունը բարձր է. հիշելիս կամ, առավել եւս՝ գրելիս ուղեղդ քեզ քո իսկ արածների մասին դրական տեղեկատվություն է փոխանցում:



Ծուղակներ ինքնագնահատականի համար: Մեծագույն թակարդ է ես-իդեալը՝ որպես չափանիշ, քանզի վերջինս միշտ ավելի փայլուն է, քան ես-իրականը: Ստացվում է, որ իրականն անընդհատ տանուլ է տալիս՝ թերարժեքության բարդույթ ստեղծելով:
Հյուծում է համեմատությունն ուրիշների հետ: Շատ հետաքրքիր է՝ դեռ վաղ մանկուց ծնողները մեզ մեր ներկայությամբ համեմատում են ում հետ հնարավոր է՝ դասարանի գերազանցիկից մինչեւ հարեւանի երեխան, իսկ հասուն տարիքում մենք քրտնաջանորեն փորձում ենք ազատվել այդ հետույքային ռեֆլեքսից: Հիշենք, ուրեմն, այլոց հետ համեմատությունը քաղքենություն է: Վերջակետ: Այն սեւ, յուղոտ խաչ է քաշում ինքնագնահատականի վրա:



Մրցելու եւ հաղթելու մոլուցքը բաց միջավայրում եւս կեղծ արժեք ստեղծող է: Մրցել ու հաղթել կարելի է ինչ-որ իրավիճակներում: Բայց երբ դա վերածվում է կենսակերպի ոճի ու ապրելու ձեւի, անտանելի է: Երբ մրցում ես, որ հաղթես, դու ազատ չես: Իսկ ազատությունն իրական ու բարձր ինքնագնահատական կերտող արժեք է:



Լյուսի ՔՈՉԱՐՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image