Դեռ 2008թ-ից մշակված եւ տարբեր տարիներին քննարկումների դրված «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2016թ-ի դեկտեմբերին ընդունվեց կառավարության կողմից։ Այդ օրենքի ընդունմամբ ստեղծվելու է Հայաստանի ճարտարապետների պալատ՝ ոչ առեւտրային, ոչ կառավարչական մի հաստատություն, որի գործունեությունը կկանոնակարգվի ինքնակարգավորման սկզբունքով: Պալատը կիրականացնի ճարտարապետների արտոնագրում եւ գրանցում, էթիկայի կանոնների հաստատում եւ դրանց կատարման վերահսկում, ուսուցման ծրագրերի մշակում, դասընթացների կազմակերպում ու անցկացում։ Ճարտարապետների պալատն ունենալու է նաեւ խորհուրդ եւ հանձնաժողովներ, բայց դրանք կձեւավորվեն, եթե օրենքն ԱԺ-ում էլ հաստատվի։
«Փարիզի էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը ծանոթացել է օրենքի նախագծին եւ մի շարք վերապահումներ ունի դրա հետ կապված։ Ըստ նրա, օրենքում փոխանակ մշակված լինեն բոլոր դրույթները՝ ուղղված ճարտարապետների փոխհարաբերությունների կարգավորմանը պետական եւ մասնավոր սեկտորների հետ, ինչպես նաեւ ճարտարապետի պաշտպանվածությունն ապահովող օրենսդրական դաշտ ստեղծելուն, նախատեսել են ճարտարապետական պալատ ստեղծել, որի վրա կբարդեն օրենսդրական դաշտ ստեղծելու գործը, որն այդ պոտենցիալը ոչ ունի, ոչ էլ ունենալու է։ Մարիամ Խաչատրյանի կարծիքով, այդ օրենքը կարող է գործել քաղաքակիրթ երկրում, ուր բոլոր տեսակի քաղաքաշինական փաստաթղթերն օբյեկտիվ են, մշակված, եւ ամեն մեկը գիտի իր հստակ անելիքը: Մինչդեռ, ըստ նրա, մեր երկրում քաղաքաշինական փաստաթղթերը մշակվում են վայրի սոցիալ-տնտեսական պայմաններում, ուր մասնագիտական գրագիտությունը բացակայում է. «Այս նոր օրենքով ամրապնդված է, որ ճարտարապետը պարտավոր է պահպանել այդ նախագծման պահանջները: Իսկ կառուցապատողը եթե ուզում է կառուցվող շենքի հարկայնությունը, չափսերը փոխել, գործարքի մեջ է մտնում քաղաքապետարանի աշխատակիցների, քաղաքի գլխավոր ճարտարապետի, քաղաքապետի կամ էլ հենց Նարեկ Սարգսյանի հետ: Ճարտարապետն այս պայմաններում եթե իր սկզբունքները պնդի, կմնա առանց գործի, պատվերը կփախցնեն ավելի ճարպիկները: Այս պայմաններում ինչպե՞ս կարող է խոսք գնալ ճարտարապետի դերի բարձրացման մասին։ Մկրտիչ Մինասյանը, Ֆելիքս Փիրումյանը խոսում են քաղաքաշինական էթիկայի մասին, իրականում՝ քաղաքաշինական կանոնների մասին, որոնք կապ չունեն «էթիկա» հասկացության հետ: Այդ կանոններն էլ գծող ճարտարապետը չի ստեղծում, դրա հեղինակներն են քաղաքի գլխավոր ճարտարապետները, քաղաքաշինության բաժինների աշխատակիցները: Այդ պատասխանատվությունը պետք է դրվի այդ մարմինների վրա, ոչ թե գծող ճարտարապետի»:
Մարիամ Խաչատրյանը մտահոգություն է հայտնում, որ փոխանակ հսկվի ստեղծագործական միությունների գործունեության արդյունավետությունը, ստեղծվում է նոր մարմին, որը կենտրոնացած է լինելու մի քանի հոգու ձեռքում: Ավելին՝ չի բացառվում, որ անգամ փոքր քննադատությունը ներկա քաղաքաշինական վիճակի վերաբերյալ դառնա նորաստեղծ ճարտարապետական պալատի էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա. «Դա վտանգավոր բան է, եթե պալատն է որոշելու լիցենզիա տալ-չտալը, կիրառվելու են տույժեր, լիցենզիաներից զրկելու են, պալատից հեռացնելու են, կամ եթե ճարտարապետական գործունեության արդյունքում տեղի ունենա վնաս, պալատի անդամները պետք է հատուցեն իրենց անդամավճարներից, իսկ կարգապահական եւ էթիկայի կանոններն էլ սահմանելու է պալատը։ Փաստորեն, ճարտարապետական միջավայրում հաստատվում է 1937 թիվը: Եվ կառավարությունը խրախուսում է՝ ստեղծելով ճարտարապետների պալատ, ինքնակազմակերպվող կառույց՝ աջակցելով ամենաթողությանը, էլ ավելի նեղացնելով ճարտարապետական շրջանակը եւ ավելացնելով կոռուպցիոն ռիսկերը: Առաջատար երկրներում ճարտարապետական մասնագիտական կարգավորման խնդիրը երբեւէ պետական լիազորության չի տրվել, եւ այն կարգավորվել է մասնավոր իրավունքի, օրենսդրական դաշտի շրջանակներում»:
Այս օրենքով, Մարիամ Խաչատրյանի պնդմամբ, լիցենզիա (արտոնագիր) ստանալը դառնալու է ավելի բարդ: Երիտասարդ ճարտարապետը պետք է 1 տարի ավելի սովորի, ընդ որում՝ այդ պալատում, անցնի մի շարք հանձնաժողովների միջով, որ նոր ստանա լիցենզիա: Նա նկատում է, որ նման փորձի կիրառություն կա որոշ երկրներում, բայց դա չի արվում ինչ-որ պալատներում, այլ կազմակերպվում է ճարտարապետական ինստիտուտներում. «Հայաստանում փոխանակ ինստիտուտի ցածր մակարդակը բարձրացվի, ստեղծվում է նույն դասախոսներով, նույն թերի սկզբունքներով եւ մեթոդներով բաղկացած ուսումնական ծրագիր՝ լրացուցիչ քաշքշուկ երիտասարդ ճարտարապետների համար, որտեղ իրենք ոչ մի բան չեն սովորելու: Լիցենզիա ստանալու համար նույնպես ճարտարապետը պետք է քննություն հանձնի պալատում ստեղծված հանձնաժողովին: Եթե քննությունը չի հաջողվում հանձնել, պալատում վերապատրաստման դասընթացներ կան, ճարտարապետը պետք է դա անցնի, որ նորից հնարավորություն ունենա քննություն հանձնել: Ոչ մի ճարտարապետ չի կարող անդամակցել այդ պալատին ավտոմատ կերպով, քննությունը պարտադիր է: Առավել դժվար կացության մեջ են հայտնվելու երիտասարդ ճարտարապետները, որոնք, փաստորեն, դուրս են մղվում բոլոր պրոցեսներից»:
Ըստ սույն օրենքի, ճարտարապետական նախագիծը պետք է անցնի ճարտարապետական պալատում նախնական մի փուլ, որը, Խաչատրյանի համոզմամբ, ավելացնելու է կոռուպցիոն ռիսկերը, չարաշահումները եւ չի բացառի նաեւ «պատվեր փախցնելու հնարավորությունը»: Իսկ եթե ինչ-որ բան դուր չգա ճարտարապետական պալատին, այդ մարդիկ կենթարկվեն էթիկայի հանձնաժողովի դատ ու դատաստանին:
Մարիամ Խաչատրյանն օրենքից մեջբերում է «Ճարտարապետի բարոյական եւ մասնագիտական վարքագծի հիմնական սկզբունքներն ու չափանիշները՝ ելնելով հանրության ընդհանուր շահերից» կետը, նշելով, որ եթե այս կետը գործի, ապա «ղեկին» գտնվող ճարտարապետները հավերժ կլինեն վարկաբեկված եւ ճարտարապետական պալատի կողմից ստեղծված տույժերի տակ. «Եվ մասնագիտական հեղինակությունն ու «բարի համբավը» հավուր պատշաճի պահպանելու նկատառումներց ելնելով՝ ճարտարապետները դարձել են եւ դառնալու են ստրուկ: Էթիկայի կանոնները, գրանցամատյանների ձեւաչափը եւ շատ ուրիշ բաներ սահմանվում են պալատի խորհրդով, հանձնաժողովներով, համագումարներով, ուր ավելանալու են կոռուպցիոն ռիսկերը: Եվ եթե ճարտարապետը պալատի անդամ է, պալատը պաշտպանելու է ճարտարապետի շահերը կառուցապատողի, վարչական մարմինների հետ ունեցած վեճերի ժամանակ: Իսկ եթե հանկարծ՝ ոչ, ճարտարապետը չի ունենա պատվեր եւ կդառնա անպաշտպան: Փաստորեն, ուզի թե չուզի, ճարտարապետը դառնում է պալատի անդամ-ստրուկը: Պարզ է, որ պալատի կառավարման մարմիններում էլ ընտրվելու են իրենց մարդիկ: Ի՞նչ է ստացվում, համքարության սկզբունքով ճարտարապետական պալատ–խմբավորում է ստեղծվում: Եվ այն մարդը, որն այդ խմբավորումից դուրս է լինելու, իրավունք չի ունենալու պատշաճ կերպով պաշպանել իր մասնագիտական, բարոյական իրավունքները եւ մեր քաղաքի շահերը»,-ասում է նա ու կասկած հայտնում, որ այս օրենքը ճարտարապետական պալատի նեղ շրջանակում չի կիրառվի, իսկ այդ շրջանակից դուրս գործելու են 1937թվի կանոնները, ինչի հետեւանքով կստեղծվեն գրագետ ճարտարապետություն եւ քաղաքաշինություն քարոզող մարդկանց հետապնդված մի խումբ:
«25 եւ ավելի տարիներ ճարտարապետների միությանն անդամակցած ճարտարապետները համարվում են պալատի պատվավոր անդամ, մոռանալով, որ գործող ճարտարապետների մեծամասնությունը ծեր է արդեն եւ մինչեւ Սովետմիության փլուզումը տիպարային նախագծմամբ է զբաղվել եւ անհատական գլուխգործոց կառույցներ էլ չունի: Այս օրենքում ծառայողական ստեղծագործություն հասկացողություն է մտնում՝ իր հեղինակային իրավունքներով, որն ավելի տարածվելու է քաղաքաշինության վրա, եւ հնարավոր չի լինելու ոչ մի դեպքում հետագայում կատարել քաղաքաշինական սխալների ուղղում։ Փոխանակ նոր կառավարությունը ստեղծի մասնագիտական դեբատների եւ մրցունակության իսկական հարթակ, իսպառ վերացնում է եղած մի քանի ծիլն էլ: Մկրտիչ Մինասյանը նշում է, որ Ճարտարապետների միությունը դարձել է ակումբ, չնշելով, որ իրենց անգործության եւ բարոյականությունը մի կողմ դնելու շնորհիվ է դարձել: Իսկ բարոյականությունը եւ էթիկան օրենքով չեն սահմանվում։ Պալատ լինի կամ ուրիշ մի բան, մեկ է, այդ կառույցը լինելու է ակումբ: Ոչ մի բան չի փոխվելու, լիցենզիա չունեցող մարդիկ գործելու են ուրիշի լիցենզիաներով, ճարտարապետները նորից լռելու են, մրցույթների կազմակերպիչները, ժյուրիի անդամները նորից մասնակցելու են այդ մրցույթներին քողարկված ձեւով, ճարտարապետը շարունակելու է առանց լուրջ կրթություն ստանալու լինել գլխավոր դերակատարը քաղաքաշինության մեջ»,-ասում է Մարիամ Խաչատրյանն ու հավելում, որ եթե նման օրենք մշակվեր ուրիշ երկրում, ճարտարապետների մասսայական դժգոհության ալիք կբարձրանար, իսկ Հայաստանում այդ օրենքն անգամ չի քննարկվել Ճարտարապետների միության մեծ ժողովում եւ անցել է խորհրդի նիստով։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ