Երեւանի Հուսեին-Ալի խանը Հերակլի արշավանքի պատճառը համարում էր հայերին։ Նա առանց որեւէ հիմքի պնդում էր, որ իբր Հերակլին նրանք էին հրավիրել եւ խոստացել ամեն ինչով օգնել նրան խանական իշխանությունը տապալելու եւ Երեւանի բերդը գրավելու համար։ Խանը հայերի վրա կասկածում էր դեռեւս մինչեւ Հերակլի զորքերի կողմից Երեւանի պաշարումը։ Ուստի այդ մտացածին դավադրությունը կանխելու համար կասկածամիտ խանը մի շարք հայ մեծամեծների, որպես յուրահատուկ «պատանդներ», նախօրոք բերել է տալիս բերդը եւ այնտեղ պահում մինչեւ վրացական զորքի հեռանալը։
Հայ մեծամեծները դրանով չեն փրկվում։ Խանը նրանց ենթարկում է անմարդկային տանջանքների ու տուգանում մեծ գումարներով։ Նա, ի սարսափ մյուսների, հայ մեծերից մեկին դատապարտում է մահվան։ Խանի եւ պարսից մյուս մեծամեծների հորդորմամբ ծաղր ու ծանակի է ենթարկվում նաեւ Սիմեոն կաթողիկոսը, որին նույնպես կասկածում էին Հերակլի հետ գործակցելու մեջ։ Ավերումից, բռնություններից ու մասամբ թալանից փրկվեցին միայն Էջմիածնի վանքը եւ Վաղարշապատն ու շրջակայքի մի քանի գյուղերը։
Սիմեոն կաթողիկոսին այնուամենայնիվ հաջողվում է դրանց բնակիչներին հավաքել Էջմիածին, որը բավական ամրացված էր, եւ մի կերպ լեզու գտնելով Հերակլի հետ՝ նրանց փրկել թալանից, գերեվարումից ու կոտորածից։ Բայց վրաց թագավորը դրա դիմաց իբրեւ տուգանք կաթողիկոսից վերցնում է բավական պատկառելի մի գումար։ Սիմեոն Երեւանցու բարեկամ ու կրտսեր ժամանակակից Ե. Խուբովը գրում է, որ մեր ժողովրդին հասած այդ ողբերգությունը եղավ կաթողիկոսի մահվան հիմնական պատճառը։
Վրաց թագավորության եւ Երեւանի խանության միջեւ հարաբերությունները կարգավորվում են մի քանի տարի հետո միայն, Ղուկաս կաթողիկոսի օրոք, հավանաբար՝ 1781 թվականի երկրորդ կեսին։ Հուսեին-Ալի խանը Հերակլի արշավանքից հետո երկրում ստեղծված ծանր դրությունը մի կերպ փոխելու միջոցը տեսնում է Վրաստան քշված բնակչության վերադարձի եւ ամայացած գյուղերը նորից բնակեցնելու մեջ։ Ըստ պատմական աղբյուրների, նա իր մեծ որդուն ընծաներով ու մինչեւ խռովությունը տրվելիք հարկով ուղարկում է Հերակլի մոտ եւ վերջինիս խնդրում թույլատրել գերեվարված բնակիչներից ցանկացողներին վերադառնալ իրենց տեղերը՝ նախկինի նման վրաց թագավորին հարկատու մնալու պայմանով…
Սակայն տեսնելով, որ գերված բնակչության մեծագույն մասը ցանկություն ունի վերադառնալու, սահմանափակում է վերադարձողների թիվը։ Այնպես որ, նորից իրենց տեղերն է վերադառնում գերեվարված բնակչության միայն մոտ մեկ երրորդ մասը, իսկ Քյալակարխի, Ղուրդուղուլու եւ Գյոքքիլիսայի բնակիչներին ընդհանրապես արգելվեց վերադառնալ։ Ինչպես երեւում է, Վրաստան գաղթեցրած բնակչությունը հանգիստ չի ունեցել նաեւ այնտեղ, իր նոր բնակավայրում։ Սկզբում թագավորը հրամայել է նրանց բնակեցնել Ղարայազում, ապա նրա կարգադրությամբ հաջորդաբար բնակեցնում են Լիլովում, Թիֆլիսում, նորից Ղարայազում եւ, վերջապես, Թելավում: Դրանով չեն ավարտվում գերեվարված բնակչության թափառումները։ Հերակլը կարգադրում է նրանց բնակություն հաստատել Թոփղարաղաջում, որն իր բնակլիմայական պայմաններով անհրապույր մի շրջան է, մշտապես ենթակա լեզգիների եւ լեռնական այլ ցեղերի ասպատակություններին։ Սակայն հայ քեթխուդաներն իրենց խնդրանքով, ըստ երեւույթին, կարողացել են Հերակլի գութը շարժել եւ իրավունք ստանալ Թելավում մնալու։ Բայց բնակչության մի մասը Թելավից ցրվել է այլեւայլ շրջաններ, իսկ մի հատվածը, որը բնակվել էր Հավլաբարում, այստեղ էլ ընդմիշտ մնաց։ Հավլաբարում բնակվածները հիմնականում Երեւան քաղաքից էին։ Հերակլ Երկրորդի 1779 թվականի արշավանքն իր դաժանությամբ եզակի դեպք է հայ-վրացական հարաբերությունների պատմության մեջ։ Այդ անսպասելի էր նաեւ ժամանակակիցների համար, որոնք այնքան գովեստով են խոսել Հերակլի քաջության, արդարամտության, հայերի եւ ընդհանրապես քրիստոնյաների նկատմամբ ունեցած սիրո, Էջմիածնի Մայր Աթոռի եւ նրա նշանավոր ներկայացուցիչ Սիմեոն Երեւանցու հանդեպ ունեցած պատկառանքի մասին։ Հերակլի համար քաղաքական նպատակները բարձր էին ամեն ինչից։
Թ. Հակոբյան, «Երեւան քաղաքի պատմությունը»
Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ