Այս քաղաքը մանկությանս հուշերում տպավորվել է տատիս երեք զրույցով: Մեկը, որ կեսրայրը Շուշի քենակալին հյուր գնացած է եղել, նստել են հացի եւ 72 բաժակ թթի արաղ խմել, եւ մեր Թեւոս պապը մի շաբաթ ոչ մեռած, ոչ ողջ՝ տանը պառկել է: Նրան փրկել է Շուշի հանգստյան եկած մի բժիշկ: Երկրորդը, որ տարիներ հետո Թեւոս Ղուլյանը բռնել է կրտսեր որդու ձեռքը, երբ գյուղում յոթնամյակն ավարտել է, տարել Շուշի եւ տվել երաժշտական դպրոց: Եվ Խորենը, երբ արձակուրդներին գյուղ է եկել, նստել է բաց պատշգամբում եւ նվագել: Այնքան է նվագել, մինչեւ որ «էն ժեռ քարերն էլ սկսել են լացել...»։ Երրորդը, որ պատերազմի 1944 թվի աշնանը, երբ Թեւոս Ղուլյանը, իմ պապ Աթանեսը չկային, թաղված էին գյուղի գերեզմանոցում, Թեւոսի Մելիքսեթ տղան Ռոստովի մատույցներում զոհվել էր, իսկ Խորենից լուր չկար, տատս մի խուրջին քարդիգար՝ կես-ցորեն, կես-գարի, հացը տվել է հորս շալակը, որ Խաչենն անցնի, Սեյդիշեն-Բալուջա-Ստեփանակերտ ճանապարհով հասցնի Շուշի, որտեղ իմ Լուսիկ հորաքույրը մանկավարժական ուսումնարան էր սովորում: Եվ սեպտեմբերյան դեռ շոգ կեսօրին հայրս մի տեղ խուրջինը վայր է բերել ուսից, ճամփից թեքվել՝ կողքի քոլուտներում մի բուռ մոշ քաղելու է իջել, եւ օձը խայթել է սրունքը, բայց նա չի վախեցել. գրպանում սուրշեղբ դանակ է ունեցել, օձի խայթած տեղը կտրել, թույնը բերանով քաշել-թքել է, քաշել-թքել է, հետո ճանապարհը շարունակել է: Բայց գյուղ վերադարձել է չորս օր հետո, որովհետեւ Շուշիում երբ քրոջը պատմել է, Լուսիկը նրան բժշկի է տարել:
«Մի ամիս գլուխը դեռ պտտվում էր, սիրտը խառնում»,- տատս գոգնոցի փեշով սրբում էր արցունքները եւ շատ ափսոսում, որ Ստալինի սահմանած անզավակության հարկը տարածվել է նաեւ չամուսնացած Լուսիկի վրա, եւ այդքան փող չի գտնվել, եւ աղջիկն ստիպված ուսումնարանը թողել՝ ֆաբրիկագործարանային է գնացել Բաքու, որտեղ հանդիպել է իր նման որբ մեկին՝ բեգումսարովցի Ռաֆիկին, ամուսնացել, տեղափոխվել են Մինգեչաուր... Դա օտար, թշնամի քաղաք էր, երբ 40 տարի առաջ տեսա: Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի հանրակացարանային մեր սենյակում սեյսուլանցի Վաչոն զարմանալի բաներ էր պատմում: Մահճակալի իր գլխավերեւում նա կախել էր զորավար Անդրանիկի լուսանկարը եւ կարծում էր, որ եթե նա Զաբուխից առաջ շարժվեր ու մտներ Շուշի, ապա Ղարաբաղը կլիներ Հայաստան, եւ ինստիտուտը չէր կոչվի սովետական Ադրբեջանի անունով, եւ աղդամցի Սուլեյման Զեյնալովը չէր լինի պատմության ֆակուլտետի դեկան, Վաչոյին «դաշնակ-մաուզերիստի ճուտ» չէր անվանի: Եվ մենք մի օր որոշեցինք, որ Շուշիում քեֆ ենք անելու:
Վաչոն թուրքերեն գիտեր, իրենց գյուղի մի կողմում թուրքի Ղափանլին է, մյուսը՝ Շոթլանլին: Տաքսին մեզ հասցրեց Շուշիի ավտոկայան: Հրապարակում Վաչոն ցուցադրաբար պատվի բռնեց կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրուն, բայց աշնանավերջի օրը մառախլապատ էր, Բալթիկայի բազեն չտեսավ, եւ մշուշախեղդ-ցեխոտ փողոցով քայլեցինք, դեպի ուր առաջնորդեց պատմության ապագա պրոֆեսոր Վաչագան Հարությունյանը, որ խմում էր տնաքաշ խաղողօղի եւ պատմում, որ 1918 թվին, երբ շոթլանլուեցիք հարձակվել են, Սեյսուլանի կավացեխ խրամատներում միակ «Մոսին հրացանը որոտացել է իր պապ Ավթանդիլի ձեռքում, եւ առաջին շարքի ձիավոր թուրքը մեջքը գետնովն է տվել, եւ նժույգը ողբալի վրնջացել է, եւ սնահավատ ու վախկոտ թուրքերը նահանջել ու այլեւս չեն երեւացել...»։ Նկուղային խորտկարանում աթոռների տեղ կաղնեփայտից կոճղեր էին, սեղանին սփռոց չկար, եւ ոչխարի ճենճահոտ եւ ծխախոտի կապույտ մուժ էր: Վաչոն մի-մի բաժին խորոված եւ տնական գինի պատվիրեց: Թուրքը հարցրեց. «Երեխեք, իսկ փող ունե՞ք»: Նախօրոք պատրաստած քսանհինգանոցը Վաչոյի ձեռքին մնաց կես վայրկյան: «Մնացածը՝ հետո»,- ասաց թուրքը: Վերջում եւս քսան ռուբլի վճարեցինք, որովհետեւ գինի շատ խմվեց կամ երկրորդ ուտեստ էլ սեղանին դրվեց, բայց երբ դեպի Ղազանչեցոց եկեղեցի վերընթաց փողոցում էինք, շամխորեցի Պետիկը լաց էր լինում արդեն, եւ ցուրտը մեր մեջ սառեցրել էր տնական գինին, եւ մրսում էինք: Մենք եկեղեցին չտեսանք, մառախուղը գորշավուն վերմակի պես վերեւից մինչեւ անդուռ մուտքը պարուրել էր կառույցը: Ներսում կույր խավար էր, եւ մեր կրակվառիչները մթան մեջ առկայծում-հանգչում էին: Ասես ինչ-որ մեկը փչում-մարում էր, եւ զարհուրելի լռություն էր: Մեզնից ոչ ոք աղոթքի բառեր չգիտեր: Փոխարենը Վաչոն ասաց՝ «սուրբ նշխար՝ շան բերանում», եւ դա գիտեինք, որովհետեւ «Անլռելի զանգակատունը» կարդացել էինք: Հետո մենք սկսեցինք մեր ներսում կափկափել՝ մեկս մյուսից թաքցնելով մեր ահազարհուրը, որովհետեւ օրը մթնել էր, եւ լույս չկար նաեւ դրսի տներում, որտեղ աշխատանքից տուն եկած թուրքերը պետք է որ ընթրիքի սեղան նստելիս լինեին, բայց սեւ քաշաթուխպը սքողում էր նրանց պատուհանները: Եվ միայն քարակարկառի վրա բարձրացող հեռուստաաշտարակի ամենաբարձրում մի կարմիր ազդանշանալույս էր վառվում-հանգչում... Մեզ Ստեփանակերտ բերող տաքսին Աղդամի էր: «Ղարաբաղ» ռեստորանի մոտ իջանք, Վաչոն վճարեց կարմիր տասանոցով, հինգ ռուբլի մանրը չարաճճիորեն խաղացրեց երկրորդ նստատեղում կուչուրածներիս քթի տակ եւ առաջարկեց «մի-մի բաժակ արաղ խմել»:
Հաջորդ կեսօրին հանրակացարանի մեր սենյակ մտավ մանկավարժական ինստիտուտի կուսքարտուղար Բաշիր Ֆարաջեւը: Աչքը տնկեց Վաչոյի մահճակալի գլխավերեւին. «Ո՞ւմ նկարն է»: «Պապիս»,- մռլտաց Վաչոն: Առավոտյան գյուղից նրան եղբայրն էր տեսության եկել: Տնական եփած հավի ոսկորների կույտը, խաղողօղու 0,8 լիտրանոց դատարկ շիշը, թթվի, պանրի մնացորդները, հացի քարթուն Ֆարաջեւին երեւի ինչ-որ բան ասում էին, թափն իջեցրեց: «Պապդ մաուզերի՞ստ է եղել»: «Չէ, «Մոսին» հրացանակիր»: «Որտե՞ղ»: «Համաշխարհային առաջին պատերազմի արեւմտյան ճակատում»,- Վաչոն պատրաստվում էր կուսքարտուղարի համար պատմագիտական դասախոսություն կարդալ, բայց Ֆարաջեւը դուռը շրխկացրեց եւ գնաց: Եվ մենք չորս հոգով բարձր ծիծաղեցինք, որովհետեւ չգիտեինք, որ պետանվտանգության աշխատակիցները նույն ժամին խուզարկում էին Անդրանիկի լուսանկարը շրջանակած վարպետի արհեստանոցը, եւ ինստիտուտի կոմերիտկոմիտեն փակ նստիում քննարկում էր Վաչագան Հարությունյանին պետական ավարտական քննություններից զրկելու հարցը, եւ բոլորը «կողմ էին քվեարկում»... Հինգ տարի հետո Վաչոյից նամակ ստացա: Տեղափոխվել էր Ղազախստանի Շեւչենկո քաղաք, աշխատում էր հանքային պարարտանյութերի գործարանում: «Տղայիս Անդրանիկ եմ անվանակոչել»,- գրել էր: Հետո կապը կտրվեց, որովհետեւ «պրոլետարական ինտերնացիոնալիզմի միջնաբերդը» կործանվել էր: 1992-ի ձմռանը Սեյսուլանը թուրքի ավար դարձավ: Երեք ամիս անց Շուշիի լեռներում «հարսանիք էր...», Վաչոյից լուր չունեմ: Նոր Սեյսուլանում ապրողներից հարցրի՝ տեղը չբերեցին...
Նոր Սեյսուլանում կյանքը դժվար է, քնարականության տրվելու չէ: ...Մի քանի տարի առաջ Շուշիում հաղթանակի տոնախմբության սեղանին տաք-տաք ժենգալով հաց էին մատուցում, խոզի, գառան, հորթի խորոված... Օղին թթի էր, գինին՝ մուգ-արնագույն... Կոչնականների սեղանին ամենաաշխույժ խոսում եւ մեծավորներին համեղ պատառներ էր հրամցնում Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի կոմերիտկոմիտեի քարտուղարը... Եվ իմ երկարավիզ բաժակում գինին իր ներսում կափկափում էր, ինչպես Ղազանչեցոց եկեղեցում իրար էին զարնվում չորս խենթ տղաների դեռեւս պինդ-առողջ ատամները...
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ