Գուցե թե ակնհայտ էր Երեւանի ավագանու ընտրությունների վերջնարդյունքը, եւ բնավ զարմանալի չէր քվեարկողների այսօրինակ պասիվությունը։ Այդ պասիվության հիմնադիրը, իհարկե, իշխանությունն է, որ տարիներ շարունակ հյուծել է, խեղկատակության հրապարակի վերածել ընտրողների կամքը, մեկմեկու դեմ հանել, պիտակավորել եւ բանսարկել, կաշառել եւ շահարկել։
Պասիվության վարակի դեմ դեռեւս հակաթույն գտնված չէ․ գտնված չէ այն եղանակը, այն իմաստավոր հանրագումարը, որ փոփոխությունների հիմնավոր առիթ կտա, այն փոփոխությունների, որոնք սկիզբ են առնում յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու գիտակցության մեջ, որոնց տերը, նախագծողը հենց քաղաքացին է։ Մինչ հիմա Երեւանի քաղաքապետի, այսպես ասած՝ կուսակցությունը քաղաքը չի եղել, նաեւ քաղաքի հոգսերը, ծագած հիմնախնդիրներն ու հույժ կարեւոր առիթները գլխավոր թիրախ չեն դարձել։ Քաղաքագլուխը պարզապես եղել է իշխանական ռեսուրսի, կառավարման համակարգի ոլորտների տնօրինումն ապահովող կարեւորագույն օղակ, ով երբեւէ չի եկել, կոչված չի եղել վերակերտելու մի նոր, ուրույն միջավայր, որ կվերաբերեր հենց քաղաքին, քաղաքաբնակների կենցաղավարությանն ու կյանքի բնականոն ընթացքի կազմակերպմանը։
Ինչ-որ առումով այլեւս կարեւոր չէ Տարոն Մարգարյանի՝ Երեւանի քաղաքապետ լինելը, կարեւորն այն գիտակցումն ու զգացողությունն է, որ Հայաստանում, քաղաքամայր Երեւանում ապրող յուրաքանչյուր ոք հենց ինքն է Երեւանի լիիրավ քաղաքագլուխը, տերն ու տիրականն իր սիրելի, հարազատ քաղաքի, որի առջեւ ծագած յուրաքանչյուր հիմնախնդիր, բարդություն, կարեւորագույն հարց նախեւառաջ իր կյանքի առջեւ ծագած խնդիր է, կենսական, ակնառու հարց, որից կախված են իր եւ երեխաների ճակատագիրը, կյանքի որակն ու մատչելիությունը։
Որքան բան ասվեց եւ գրվեց Երեւանի էկոլոգիայի, ֆլորայի եւ ֆաունայի աղետալի վիճակի, տրանսպորտի անմխիթար դրության, քաղցրահամ ջրերի վատնման, պուրակների, կանաչ գոտիների, անտառակների ոչնչացման ու փլուզման վերաբերյալ։ Ասվեց եւ գրվեց, որ մեր աչքի առաջ Երեւանը պարզապես վերածվում է անապատի, քարադեմ մի պատկերի, առանձնահատկությունները կորցրած անճոռնի մի բնակավանի։ Եվ այս ամենում ոչ միայն մեղքի ծանրակշիռ մաս ունի ներկա իշխանությունը, քաղաքապետի աթոռն զավթած հաճկատարը, այլեւ այն բնակիչը, ով ոչնչացնում է, աղտոտում, անխնա օգտագործում այն վայրը, ուր կենում է, այն բնակիչը, ով իր տունն ու բակն առանձնացնում է, վեր դասում ամենից, ով սրտացավ ու պատասխանատու չէ քաղաքի ամեն մի քարի, փողոցի, հիշողության, անցյալի նախասահմանության համար։ Սա Երեւանը պահպանելու, Երեւանի մասին հոգ տանելու թերեւս վերջին ամենաիրատեսական հնարավորությունն է։
Արամ ՊԱՉՅԱՆ