Հարցազրույց

Մեզ նույնիսկ Հանրային հեռուստաընկերությունն ու «Ազատություն» ռադիոկայանը հարթակ չեն տրամադրում

Մեզ նույնիսկ Հանրային հեռուստաընկերությունն ու «Ազատություն» ռադիոկայանը հարթակ չեն տրամադրում

Հարցազրույց «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցության խորհրդի անդամ Վահե Գասպարյանի հետ

- Պարոն Գասպարյան, արդեն երկու շաբաթ է՝ Արցախը շրջափակման մեջ է: Ազգային-ժողովրդավարական բեւեռն ինչո՞ւ Արցախ չի մեկնում, ակցիաներ չի իրականացնում: Օրինակ` որոշ բնապահպան-ակտիվիստներ, հանրային ու քաղաքական գործիչներ երեկ մեկնել էին Արցախ:

- Արցախում մենք ոչինչ չենք պլանավորել: Չենք էլ կարող Արցախ գնալ: Լաչինի միջանցքը փակ է։ Նույնիսկ եթե Լաչինի միջանցքը բաց էլ լիներ, միեւնույն է, մեզ թույլ չէին տա գնալ Արցախ:

- Իսկ ի՞նչ ակցիաներ եք նախատեսում կամ, առհասարակ, նախատեսո՞ւմ եք:

- Դեռ ոչինչ չենք նախատեսել: Այսօր մամլո ասուլիսով ենք հանդես գալու:

- Նշում եք, որ Բեւեռի մուտքն Արցախ անթույլատրելի է: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Պայմանավորված է նրանով, որ տարածքն օկուպացված է, եւ ազգային ուժերի մուտքն արգելված է օկուպացված տարածք: Ցավոք, ազգային ուժ միայն մենք ենք այս պահին, մնացած բոլորը ձեւեր են թափում, թե իբրեւ ազգային են: Մեր մուտքը դեռեւս 2015 թվականից արգելված է: «Սասնա ծռերի» ավտոշարասյունն այն ժամանակ դաժան ծեծի ենթարկվեց: Ծեծի ենթարկվողները Վարուժան Ավետիսյանն ու Իգոր Մուրադյանն են եղել, անգամ երեխաներն էին ծեծի ենթարկվել: Օպերացիան, կարծեմ, Վիտալի Բալասանյանն էր ղեկավարում: Հիմա նույն բանն է տեղի ունենում, Արցախն ու Հայաստանն օկուպացված են, եւ այսօր միայն Բեւեռն է, որ պայքարում է Հայաստանի դեօկուպացիայի համար, եւ որը չի վերահսկվում Կրեմլից: Մեզ նույնիսկ Հանրային հեռուստաընկերությունն ու «Ազատություն» ռադիոկայանը հարթակ չեն տրամադրում:

- Երեկ որոշ բնապահպան-ակտիվիստներ Արցախ էին գնացել: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ նրանց թողնում են, ձեզ` ոչ:

- Դա իրենց պետք է հարցնեք: Գուցե ինչ-որ ձեւով պայմանավորված էր:

- Լաչինի միջանցքը բացելու համար կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է արվեն այսօր` ըստ Ձեզ:

- Լաչինի միջանցքը փակել են ռուսները, կբացեն կամ չեն բացի ռուսները: Լաչինի միջանցքը ռուս, այսպես կոչված, խաղաղապահների վերահսկողության տակ է՝ համաձայն Պուտինի հետ ստորագրված եռակողմ փաստաթղթի: Լաչինի միջանցքը փակելը ռուս-թուրքական օպերացիայի հերթական քայլն է: Մենք այդ մասին դեռեւս զգուշացրել էինք այս տարվա օգոստոսին, երբ Բերձորն ու Աղավնոն հայաթափեցին: Ասեմ, որ Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը դաշնակցական է: Նա այդ օրերին մարդկանց համոզում էր լքել գյուղը՝ պնդելով, թե այլ ելք չկա: Իսկ ահա երկու օր առաջ Արցախում բոցաշունչ ելույթ ունեցավ՝ ասելով, թե սփյուռքն Արցախի հետ է: Ստացվում է, որ նա հերթական կեղծավորն է: Ցինիզմի վառ դրսեւորում է սա: Իրականությունն այն է, որ միջանցքը փակել են ռուսները՝ թուրքերի հետ միասին:

- Երեկ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասաց, թե ռուսները Հայաստանին միութենական պետության ծրագիր են պարտադրում:

- Դա թող մեկնաբանի ԱԽՔ-ն, ես չգիտեմ: Նա նաեւ ասաց, որ կա տերիտորիալ միջանցքի պահանջ: Եթե Հայաստանի իշխանությունները դրան դեմ են, ապա չեմ հասկանում, թե ինչն է նրանց խանգարում ՀԱՊԿ-ից եւ ԱՊՀ-ից դուրս գալ, դիմել Արեւմուտքին՝ դաշնակցային կարգավիճակ ստանալու նպատակով: Այս իշխանությունները որեւէ գործնական քայլ չեն անում եւ անվերջ նվնվում են: Այս իշխանությունները որեւէ գործնական քայլ չեն անում, փոխարենն ամեն ինչ մանիպուլացնում են: Փորձում են ամեն ինչ անել՝ ցույց տալու համար, թե իբրեւ իրենք ամեն ինչ անում են, բայց չի ստացվում, իսկ որոշ՝ իրենց արեւմտամետ հռչակած ուժեր ասեն՝ այ, տեսեք, խեղճ Փաշինյանն ուզում է պայքարել, բայց չի ստացվում, ճնշումների է ենթարկվում: Մի խոսքով` սրանք լավ պայմանավորված խաղեր են:

Սերոբ Մարության
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image