Քաղաքականություն

Եթե բանագնաց նշանակվեր անգամ Շառլ դը Գոլը կամ Շտիրլիցը, միեւնույն է՝ բան չէր փոխվելու

Եթե բանագնաց նշանակվեր անգամ Շառլ դը Գոլը կամ Շտիրլիցը, միեւնույն է՝ բան չէր փոխվելու

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի մեկնարկը շուտով կտրվի․ երեկ թուրքական կողմը հայտարարեց առաջիկա օրերին երկու երկրների ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին։ Հայաստանի հատուկ ներկայացուցիչը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է։ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ է նշանակել Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է՝ Անկարայի նախաձեռնությամբ, եւ ենթադրվում է, որ ներկայացուցիչներն այս հարցերն են բանակցելու։

Հարաբերությունները կարգավորելու գործընթացի մասին առաջինն «ավետեց»  թուրքական կողմը։ Ո՞րն է լինելու երկխոսության «գինը»` հայկական կողմը պարտիզանական լռություն է պահպանում, իսկ թուրք պաշտոնյաները շարունակում են հիշեցնել իրենց նախապայմանները, ինչպես նաեւ Զանգեզուրի միջանցք ստանալու պահանջը։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի նշանակումը Հայաստանի հատուկ բանագնաց, հանրային բուռն արձագանքի է արժանացել։ Շատերը տարակուսած են՝ այդ կարեւորագույն գործընթացի գլխին նշանակվում է մարդ, որը չունի դիվանագիտական եւ, ընդհանրապես` քաղաքական մեծ փորձառություն: Մինչդեռ ավելորդ է նշել, թե ինչպիսի բարդ աշխատանքի մասին է խոսքը: Թուրքիայի հատուկ բանագնացի անձի ընտրությունն արդեն խոսում է այդ մասին։

Բացի այն, որ երկու բանագնացները մասնագիտական տարբեր քաշային կատեգորիաներում են, կա նաեւ սուբորդինացիայի խնդիր: Իսկ ամենակարեւորը` ԱԺ փոխնախագահի լիազորությունների մեջ չի մտնում նմանատիպ աշխատանք կատարելը, ավելի ճիշտ՝ սույն պաշտոնյային օրենքը թույլ չի տալիս նման գործառույթներ իրականացնել։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին ՀՀ օրենքի երկրորդ հոդվածը սահմանում է, որ «Սահմանադրության 95-րդ հոդվածին համապատասխան՝ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից»:

Ինչպես նաեւ՝ «Պատգամավորի (այդ թվում` ԱԺ փոխնախագահի) հիմնական աշխատանքային ժամանակը ներառում է ԱԺ, նրա խմբակցությունների, հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերի եւ խորհրդարանական լսումների անցկացման, ինչպես նաեւ պատգամավորի այլ լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ժամանակահատվածը»։ Իսկ ՀՀ հատուկ ներկայացուցչի պաշտոնն ամենեւին էլ ԱԺ փոխնախագահի «կարգավիճակով պայմանավորված պաշտոն» չէ, ոչ էլ ստեղծագործական կամ գիտակրթական աշխատանք, եթե չասենք, որ այս առաքելությունը ստանձնած պաշտոնյան կամ դիվանագետը պետք է լրջորեն աշխատի, չի կարող ձեռքի հետ զբաղվել այս հարցերով, դրա համար ոչ միայն ժամանակ, այլեւ, ինչպես նշեցինք, փորձառություն ու ինտելեկտ են պետք։ Իսկ ԱԺ կանոնակարգ-օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է ԱԺ նախագահի տեղակալների գործառույթները։ Դրանք են. նախագահում է ԱԺ նիստերը, նախագահում է խորհրդի նիստերը, փոխարինում է ԱԺ նախագահին կամ իրականացնում է ԱԺ բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ հանձնարարություններ: Վերջ:

Իսկ ի՞նչ կենսագրություն ունի երբեմնի կարկառուն ՀՀՇ-ական Կարապետ Ռուբինյանի որդին՝ Ռուբենը, որին մտերիմները Ռոբոշ են անվանում։ Նա 31 տարեկան է, 2010թ. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 2011թ.՝ Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL): «Քաղաքականություն եւ անվտանգություն» մասնագիտացման մագիստրոս է: 2012թ.՝ Լեհաստանի Յագելոնյան համալսարանը: Եվրոպագիտության մագիստրոս է:

2017-2018թթ. զբաղվել է գիտական գործունեությամբ, եւ չնայած պաշտոնական կենսագրության մեջ գիտական գործունեության ոլորտը նշված չէ, սակայն մամուլը բազմիցս է գրել, որ հեղափոխությանը նախորդած մեկ տարին նա անցկացրել է Թուրքիայում: ԱԺ փոխնախագահ ընտրվելիս պատգամավորներից մեկը կասկած հայտնեց, որ Ռուբինյանը կարող է «թուրքի լրտես» լինել, որին ի պատասխան՝ վերջինս խոստովանեց, որ ապրել է Թուրքիայում․ «Ես 2017-ին, Հրանտ Դինքի անվան հիմնադրամի շրջանակում, Թուրքիայում մի քանի ամիս հետազոտություն եմ իրականացրել, ինչը երբեք չեմ թաքցրել։ Այսինքն` հեղափոխությունից հետո հարցազրույց եմ տվել ու ասել, որ եղել եմ Թուրքիայում»։ Զրո աշխատանքային կենսագրություն ունեցող երիտասարդը

2018թ. մայիսից հետո 6 ամիս եղել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ: 2019-ից մինչ օրս ԱԺ պատգամավոր է։ Ոմանք կարծում են, որ Ռոբոշն իրականում սիմվոլիկ ներկայացուցիչ է լինելու` իրականում բանակցությունների ողջ ծանրությունն իր վրա է վերցնելու  Ժիրայր Լիպարիտյանը, ով վերջերս ակտիվացել է եւ եռանդով տարածում է հայ-թուրքական հարաբերությունների մասին ոչ հայամետ թեզեր: Օրինակ՝ համակերպվենք Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու գաղափարի հետ, հրաժարվենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պետական քաղաքականությունից, թուրքերի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատենք։

Այն, որ հայ-թուրքական հարաբերություններն արժե կարգավորել` առանց նախապայմանների, երկրորդ կարծիք չկա։ Բայց խնդիրն այն է, որ Թուրքիան պատերազմում պարտված ՀՀ-ի առաջ բազում նախապայմաններ է դրել ու դրանց բավարարումից հետո միայն խոստացել է երկխոսել։
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանն այս առումով զարմացած է Ռուբինյանի անձի շուրջ ծավալված դիսկուրսի․ «փոխարենը քննարկենք՝ արդյոք Թուրքիան հրաժարվե՞լ է իր նախապայմաններից, մասնավորապես՝ Արցախի հարցի ադրբեջանական օրակարգից, Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու պահանջից, քննարկում ենք բանագնացի անձը․ «Իհարկե, շատ կարեւոր է, թե ով է Թուրքիայի բանագնացը․ բացի փորձառու դիվանագետ լինելուց, նա այն անձն է, ով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին լինելով ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը՝ հակահայ ցույց էր կազմակերպել ընդդեմ Հայոց ցեղասպանության, մի անձ է, ով Ցեղասպանության ժխտման առաջամարտիկներից է: Այստեղ բնավ կարեւոր չեն Ռուբեն Ռուբինյանի անձը եւ նրա ունակությունները»,- ասում է Զոհրաբյանն ու ընդգծում, որ թուրք որեւէ պաշտոնյա մինչ այս պահը չի հայտարարել վերոնշյալ նախապայմաններից հրաժարվելու մասին: «Եվ եթե Էրդողանը, Չավուշօղլուն հայտարարում են, թե Հայաստանից ստացել են դրական ազդակներ, եւ արդեն պաշտոնական բանագնաց են նշանակել, ես կուզենայի, որ ԱԺ-ում նստածներից որեւէ մեկը Փաշինյանին հարց ուղղեր՝ դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը հրաժարվել է Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգից եւ այլն։ Կարդալով մեր ԱԳՆ-ի ուղերձը` ցեղասպանությունների ճանաչման միջազգային օրվա, ես, իհարկե, կարող եմ իմ եզրահանգումներն անել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի լինելու մեր արտաքին օրակարգի կարեւոր առանցքներից մեկը, բայց ես շատ կուզենամ, որ այսօր ոչ թե Ռուբեն Ռուբինյանի անձը քննարկեն, որովհետեւ ինքը ոչինչ չի որոշելու, եթե բանագնաց նշանակվեր անգամ Շառլ դը Գոլը կամ Շտիրլիցը, միեւնույն է՝ բան չէր փոխվելու։ Օրակարգը որոշում է ՀՀ իշխանությունը, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը։ Այստեղ կարեւոր հարցն այն է՝ որն է արժեքը, գինը, որ Թուրքիան պաշտոնապես հայտարարեց՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով պատրաստ է երկխոսություն սկսել։ Եվ, ուրեմն, ինչի՞ց է հրաժարվել Հայաստանը, երբ Թուրքիան ոչնչից չի հրաժարվել եւ հայտարարում է, որ այլեւս պատրաստ է խաղաղության օրակարգի բանակցություններ սկսել»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image