Հարցազրույց

Ալիևը ՌԴ-ին է փորձելու վաճառել՝ բրիտանացիների կազմակերպած հանդիպմանը չմասնակցելը

Ալիևը ՌԴ-ին է փորձելու վաճառել՝ բրիտանացիների կազմակերպած հանդիպմանը չմասնակցելը

Նիկոլ Փաշինյանը Վուդսթոքի Բլենհայմյան պալատում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին: Գագաթնաժողովին մասնակցում է նաև Իլհամ Ալիևը: Բրիտանական կողմը նախաձեռնել էր Ալիև-Փաշինյան հանդիպումը: Սակայն, Հաջիևը հայտարարեց, որ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել Ալիևի հետ հանդիպմանը, հետևաբար «Հայաստանը ոչ մի խաղաղության էլ չի ձգտում»: Բնական է, որ Ադրբեջանը մեղքը գցելու էր հայկական կողմի վրա, քանի որ ամեն կերպ տապալում են խաղաղության պայմանագիր ստորագրելու գործընթացը և փորձում են հայկական կողմին դրանում մեղավոր ներկայացնել՝ լեգիտիմացնելու համար իրենց քայլերը: ՀՀ ԱԳՆ-ն ևս փաստում է՝ Ալիևն էլ է մերժել հանդիպման առաջարկը:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ տեղեկատվության շատ մեծ պակաս ունենք և բարդ է հասկանալ, թե ի վերջո ինչ է կատարվել, կողմերից որ մեկն է ստում:

«Եթե մենք փորձենք գետնի վրա եղած իրողություններից որոշակի վերլուծություններ անել, ապա կարող է հետևյալ պատկերը լինել՝ ադրբեջանցիները շատ լավ հասկանում են, որ ռուսական կողմի համար կարմիր գծերից մեկն էլ այն է, որ Հայաստանում՝ որպես ՀԱՊԿ անդամ պետությունում, Պաշտպանության նախարարությունը, Գլխավոր շտաբը որոշակի ստերիլ համակարգում շարունակեն աշխատել, այսինքն, Միացյալ Նահանգների, Եվրամիության մեր հարգարժան գործընկերները, Մեծ Բրիտանիայի հարգարժան գործընկերները չկարողանան հարյուր տոկոսանոց մուտք ունենան այդ կառույցներ, որովհետև Հայաստանը շարունակում է ՀԱՊԿ անդամ մնալ, մի շարք համակարգերում ինտեգրված և այլն: Իսկ ի՞նչ են տեսնում ադրբեջանցիները. այսօր պաշտոնապես հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչներից մեկը Հայաստանի ՊՆ-ում փաստորեն հաստիքային աշխատող է լինելու»,-ասաց Մաթևոսյանը:

Ալիևը շատ լավ կարող է այս պատրվակն օգտագործել, հրաժարվել եվրոպական հերթական հանդիպումից Նիկոլ Փաշինյանի հետ, հետագայում փորձել սա վաճառել ռուսների վրա, ասելով՝ տեսեք, այս մարդիկ ձեր նկատմամբ այդպիսի պահվածք են դրսևորում, ամերիկացիներին մտցնում են իրենց Պաշտպանության նախարարություն, իսկ ես նույնիսկ հրաժարվում եմ տարբեր պատրվակների տակ հանդիպել Փաշինյանի հետ՝ արևմտյան հարթակներում և փորձեն ռուսներից ինչ-որ զիջումներ կորզել՝ Հայաստանի հետ իրենց փոխհարաբերությունների տրամաբանության շրջանակներում:

«Այսինքն, որպեսզի ռուսական կողմն ինչ-որ երևույթների վրա աչք փակի: Տարբերակներից մեկը կարող է սա լինել, երկրորդ տարբերակը, որը նաև համացանցում է քննարկվում, այն է, որ օրակարգերի անհամապատասխանություն է գրանցվել, այսինքն, բրիտանացիները փորձել են իրենց օրակարգը առաջ տանել՝ հայկական կողմն ու ադրբեջանական կողմը միգուցե այլ պատկերացում են ունեցել՝ դրա համար էլ խախտվել է պայմանավորվածությունը, բայց, ես կարծում եմ, որ իմ առաջին նշած տարբերակը շատ հնարավոր է, որ մոտ լինի իրականությանը: Բայց հերթական անգամ նշեմ՝ մենք իսկապես շատ քիչ տեղեկատվություն ունենք»,-ասաց Բենիամին Մաթևոսյանը:

ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն էլ «Հրապարակի» հարցին պատասխանեց, որ իրենց տված մեկնաբանությունից բացի այլ տեղեկատվություն չի կարող հաղորդել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image