Հունվարի 19-23-ը Շվեյցարական Ալպերում գտնվող Դավոս լեռնադահուկային հանգստավայրում գումարվել էր Համաշխարհային տնտեսական ֆորումի հերթական տարեկան համաժողովը։ Համաժողովի 3-րդ օրը Դավոս ժամանեց եւ մեկ ժամից երկար ելույթ ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` մի քանի անմոռաց ձեւակերպումներ թողնելով պատմությանը․ օրինակ՝ «իմ ուզածն ի՞նչ է... ախր, դա գոնե հողակտոր էլ չէ, այլ մի կտոր սառույց։ Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի համար այդքան բան անելուց հետո (իսկ ես այնքան բան եմ արել ՆԱՏՕ-ի համար, որքան որեւէ այլ մարդ չի արել՝ ողջերի մեջ, թե մահացածների) մի կտոր սառույց եմ ուզում ընդամենը եւ դուք դժկամ եք այն տալու», կամ «եթե կհամաձայնեք այդ մի կտոր սառույցը տալ, մենք երախտապարտ կլինենք, եթե չեք ցանկանա տալ, մենք դա կհիշենք», «կան մարդիկ կարծում են, ես Գրենլանդիայում ռազմական ուժ կկիրառեմ․ իհարկե, ես ի զորու եմ դա անել, բայց չեմ պատրաստվում։ Գրենլանդիայում ռազմական ուժի կիրառում չի լինի» եւ այդպես շարունակ։ (Ամենքը, կհիշեն, որ մինչեւ Դավոս հասնելը եւ Գրենլանդիան «մի կտոր սառույց» կոչելը, Թրամփը, ընդհակառակը, հավատացնում էր, թե Գրենլանդիան ահռելի տարածք է՝ ստրատեգիական դիրքում եւ նշանակությամբ, որ Դանիան ի զորու չէ պաշտպանել)։
Ամեն պարագայում, երբ Թրամփը հայտարարեց, որ Գրենլանդիայում ռազմական ուժի կիրառում չի կարող լինել, Գրենլանդիայում եւ Դանիայում Թրամփի սադրիչ հայտարարություններից շփոթմունքի մեջ ընկած մարդիկ հազիվ հանգիստ շունչ քաշեցին։ Իսկ ահա Wall Street-ի եւ բիզնես շրջանակների մյուս ներկայացուցիչները, որ հակառակ բորսայական ինդեքսների վայրիվերումներին, հանդարտեցնում էին իրենք իրենց եւ մնացյալ մարդկությանը, թե՝ իրար մի խառվեք, Թրամփը վերջում հաստատ TACO-ություն կանի, հավանաբար գոհունակությամբ իրենց բազկաթոռներին թիկնեցին եւ ժպտացին, որովհետեւ ինչպես միշտ ճիշտ էին։ Ի՞նչ է TACO-ությունը։ TACO-ն անգլերեն Trump Always Chickens Out բառերի հապավումն է, nր իմաստային թարգմանությամբ նշանակում է «Թրամփը միշտ մտադրությունից հրաժարվում է» կամ «Թրամփը միշտ վերջում ետքայլ է անում»։ Այդ հապավումը դեռ Թարմփի առաջին պաշտոնավարության շրջանում Wall Steet Journal-ի լրագրողներից մեկն էր մտածել եւ գործածել իր հոդվածում։
Հապավումը, սակայն, այնքան դիպուկ էր ու բարեհունչ, բոլորին այնքան դուր եկավ, որ մի քանի օրում տարածվեց ողջ աշխարհում եւ Թրամփին զայրացնելով անվերջ գործածվում էր թե առաջին պաշտոնավարության շրջանում, թե՝ այժմ։
Ընդսմին Դավոսում Թրամփը միայն Գրենլանդիայում ռազմական ուժի կիրառումից չէ, որ իր ելույթում հրապարակավ հրաժարվեց։ Ելույթից հետո երեկոյան բարեբախտաբար երկրորդ TACO-ություն էլ արեց, Դանիային եւ Գրենլանդիային պաշտպանող եվրոպական երկրների դեմ 10% մաքսատուրք սահմանելու սպառնալիք-սադրանքից էլ ետ կանգնեց։ Վերջնահաշվում հասկացվեց, որ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել, որ ԱՄՆ հակաօդային պաշտպանության Golden Dome համակարգը, որը ստեղծման ընթացքում է կգործարկվի նաեւ Գրենլանդիայի օդային տարածքում։ Ռուսաստանին եւ Չինաստանին կարգելվի Գրենլանդայում եւ շրջակայքում որեւէ գործունեություն ծավալել։ ԱՄՆ-ը նոր ռազմաբազաներ կկառուցի Գրենլանդիայում, ռազմաբազաների տարածքների հանդեպ ունենալով բացառիկ իրավունքներ։ Նոր ձեւակերպումները կհամաձայնեցվեն եւ որպես փոփոխություն կամ լրացում կներառվեն 1951-ին կնքված ԱՄՆ-Դանիա երկկողմ համաձայնագրում: Գրավոր ձեւակերպումներ դեռ գոյություն չունեն, բայց առաջիկա մի քանի շաբաթներին ՆԱՏՕ-ն, Դանիան, Գրենլանդիան եւ ԱՄՆ-ը նախնական տեքստը կազմելու են՝ հետագա քննարկումների համար։
Արտաքուստ թվում է ոչնչից մեծ աղմուկ բարձրացնելու իմաստը ո՞րն էր, եթե վերջնահաշվում, ընդամենը գոյություն ունեցող պայմանագրում մի երկու ձեւակերպում է ավելանալու կամ վերնայվելու։ Բացատրությունը թերեւս միայն այն չէ, որ Թրամփը սիրում է խառնաշփոթ ստեղծել, որպեսզի իրադրության տերը ինքը լինի եւ թելադրի․ այդ մարտավարությունն, ասում են, Թրամփի կրեդոն է եղել բիզնես գործունեության տարիներին։ Սակայն ներկայիս Թրամփի կողմից խառնաշփոթներ գոյացնելը կարծես հասարակության եւ աշխարհի ուշադրությունը շեղելու գործառույթ էլ է կատարում։ Ասենք, 2025-ի օգոստոսից, ինչպես հետահայաց պարզվեց, մինչ Թրամփը հրապարակավ անվերջ Ռուսաստանից, Ուկրաինայից, Գազայից, Հնդկաստանից, Չինաստանից էր խոսում, իրականում ամբողջ վարչակազմը Վենեսուլայում Մադուրոյին իշխանությունից հեռացնելու գործողությունն էր նախապատրաստում եւ վերջնահաշվում հաջողությամբ իրականացրին։
Հիմա էլ Թրամփը առավոտից երեկո աջուձախ սադրանք չի մնում, որ Եվրոպական երկրների հանդեպ չգործադրի ու դրանով համաշխարհային լրատվադաշտը չզբաղեցնի։ Նույն Դավոսի համաժողովից վերադառնալիս էլ հասցրեց ինքնաթիռում, լրագրողի հարցին պատասխանելով հայտարարի, թե ԱՄՆ-ը երբեք ՆԱՏՕ-ի գործընկերներից ոչինչ չի խնդրել, նրանք ոչինչ էլ չեն արել ԱՄՆ-ի համար, ասում են Աֆղանստանում են մարտնչել, այո, բայց միշտ ճակատային գծից մի քիչ ետ են գտնվել։ Պարզ է, ասվածը Եվրոպայում մեծ վրդովմունք առաջացրեց, իրականությունն այդպես աղավաղելու դեմ բոլորն ընդվզեցին՝ Աֆղանստանում մարտնչած զինվորականներից մինչեւ գեներալներ, զոհվածների հարազատներ, Միացյալ Թագավորության վարչապետ, արքայազն Հարրի եւ այլք։ Ինչպես եւ սպասելի էր, մինչեւ շաբաթը կավարտվեր, կիրակի օրը Թրամփը երրորդ TACO-ությունն արեց․ իր Truth Social ցանցում գրեց, թե բրիտանացի զինվորների խիզախությունն ու անձնվիրությունը ոչ ոք չի մոռանա, նրանք հերոսաբար են մարտնչել Աֆղանստանում, ԱՄՆ-ից հետո ամենից շատ զոհերն են ունեցել, ՆԱՏՕ-ում փոխադարձ կապերը ամուր են եւ անբեկանելի, եւ այլն, եւ այլն։
Սակայն մինչ Թրամփը հրապարակավ Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի վրա հարձակումներ է գործում, վերջում էլ իրեն խմբագրում եւ TACO-ություն անում, միանգամայն հնարավոր է աշխարհի ուշադրությունը Եվրոպական մայրցամաքին եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ հարաբերություններին գամելով, Սպիտակ տունը իրականում երկրագնդի մեկ այլ մասում գործողություն է մտահղացել եւ նախապատրաստում։ Ինձ թվում է, ինչ-որ իրադարձություններ կծավալվեն Իրանում։ Ճի՞շտ եմ արդյոք ենթադրում՝ կերեւա մոտ ապագայում։
Դավոսի համաժողովի մյուս ուշագրավ դրվագի մասին, թե ինչպես էր Իլհամ Ալիեւը ամենայն հավանականությամբ վերջին պահին խցկվել Թրամփի Board of Peace-ի կազմում՝ մյուս երկրներին զուգահեռ հրավեր ստացած չլինելով եւ ստորագրման արարողությունն էլ կարծես Ալբանիայի վարչապետի տեղը զբաղեցրել, հաջորդիվ։