Հարցազրույց

Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար․ Ն․ Դիլբարյան

Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար․ Ն․ Դիլբարյան

Երեկ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր- Պետրոսյանը կոչ արեց քաղաքական բոլոր ուժերին, ՀՀ նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին, եւ, հատկապես, վարչապետի հետ, ըստ էության, հակասահմանադրական պայմանավորվածության մեջ մտած Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին՝ ամենայն լրջությամբ վերաբերվել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածում  եւ նրա հետագա հրապարակումներում բերված փաստարկներին»։ 

Ըստ առաջին նախագահի՝ այդ փաստարկները հաշվի չառնելու պարագայում իր նշած բոլոր սուբյեկտները «պատասխանատու կդիտվեն առաջիկայում նախատեսված հակասահմանադրական ընտրությունների անցկացման գործում»։ 

«2018թ. դեկտեմբերի 9-ի նույնքան հակասահմանադրական ընտրությունները՝ կայացած համաժողովրդական անկասելի ոգեւորության վերելքի պայմաններում, լինելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման թերեւս միակ միջոցը, ամենեւին չեն կարող իրավական նախադեպ հանդիսանալ առաջիկա ընտրությունների օրինակարգությունը հիմնավորելու համար», - եզրափակել էր նա։

Նախատեսված արտահերթ ընտրությունների թեմայով «Հրապարակը» զրուցել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանի հետ։

- Տիկի՛ն Դիլբարյան, Փաշինյանն արտահերթ ընտրությունների համար հրաժարական տվեց։ Ի՞նչ որոշում եք կայացրել մասնակցելու հետ կապված։ Ձեր դիրքորոշումն ինչպիս՞նն է վարչապետի պաշոնավարման հետ կապված, կան տեսակետներ, որ Փաշինյանն այլևս իրավունք չունի շարունակել որպես վարչապետի պաշտոնակատար։

- «Ժառանգությունն» իր խորհրդի, վարչության նիստերում արտահերթ ընտրությունները համարել է քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման միջոց, գործուն օրենսդրական ճանապարհ։ Բայց կա մի կարևոր խնդիր, որին նախկինում անդրադարձել ենք մեր հայտարարություններում, նաև խորհրդի որոշման մեջ, թե ինչպես են անցնելու այդ արտահերթ ընտրությունները, ավելի շուտ՝ ո՞վ է այն կազմակերպելու։ Մենք համոզված ենք, որ և՛ սահմանադրական նորմի, և՛ առկա նախադեպերի հիման վրա Նիկոլ Փաշինյանն իր այս հրաժարականից հետո չպետք է ներկայացնի վերջնագրային բնույթ կրող հայտարարություն, թե ինքը մնալու է վարչապետի պաշտոնակատար։ Համոզված ենք, որ նա չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար իրականում արհեստական ճանապարհով, որը որդեգրվել է ժողովրդի կողմից մերժված և Նիկոլ Փաշինյանի կողմից այդպես էլ չփոփոխված Սահմանադրության պարագայում։ Այսինքն, մենք արդեն համաձայնության ենք գալիս, որ Ազգային ժողովը երկու անգամ չի ընտրում վարչապետ, որպեսզի ինքնալուծարվի, քանզի ինքնալուծարման այլ ճանապարհ չկա։ Բայց այս քայլին դիմելուց առաջ մենք պետք է պահպանենք օրենքի տառը։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալուց հետո չպետք է կատարի վարչապետի պաշտոնակատարին վերապահվող գործառույթներ, այլ պետք է զբաղվի իր կուսակցության կամ կուսակցական դաշինքի նախընտրական արշավով՝ չխախտելով առկա օրենքները կամ հույս չունենալով, գայթակղություն չունենալով վարչական ռեսուրսները կիրառել։ Վարչապետի պաշտոնակատարը պետք է լինի կամ առաջին փոխվարչապետը կամ այն փոխվարչապետը, որն անկուսակցական է։

- Նկատի ունեք Մհեր Գրիգորյանի՞ն։

- Այո, դե ուրիշ այդպիսի փոխվարչապետ էլ չունենք։ Երկու փոխվարչապետ ունենք․ մեկը «Իմ քայլի» կարկառուն անդամներից է, և անկուսակցականը Մհեր Գրիգորյանն է։ Ժամանակին այդ տարբերակն առաջադրել էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանը։ Եվ շատ իրավաբաններ խոսում են դրա մասին։ Այդ կերպ մենք կարող ենք փորձել ոչ այնքան իրավական ճանապարհին գոնե հարգել գործող օրենքները և ապահովել հնարավորինս ազատ և արդար կամ վստահություն ներշնչող ընտրությունների կայացում։ Որովհետև եթե այս ընտրություններն ունենան օրենսդրականության կամ օտար լեզվով ասած լեգիտիմության խնդիր, ապա դա կործանարար կլինի Հայաստանի Հանրապետության համար։ Նիկոլ Փաշինյանի և ողջ քաղաքական դաշտի ներկայիս առաջնային խնդիրը պետք է լինի ապահովել այս ընտրությունների հնարավորինս բարձր օրինակարգությունը, այսինքն՝ լեգիտիմությունը։

- Ո՞ւմ հետ եք պատրաստվում կոալիցիա կազմել։

- Դեռևս այդ ամենը քննարկումների փուլում է, և հստակ պատասխան չենք կարող տալ։ Մեզ համար այս փուլում առաջնային է նաև համախմբել քաղաքական ուժերին այս օրակարգի շուրջ։ Այսինքն՝ ընտրությունների օրինակարգության, որի առաջին նախապայմանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատար չլինելն է հանուն իրական ընտրությունների։ Այդ օրակարգի ամրակայումն արդեն ավելի կարագացնի մեր վճիռը միայնակ կամ դաշինքով գնալու վերաբերյալ։

- Իսկ ձեր կուսակցական գրասենյակներում, մարզերում ակտիվացրե՞լ եք աշխատանքը։

- Հասարակության հետ հանդիպում ենք, բացվում են գրասենյակները։

- Որտե՞ղ եք գրասենյակները բացում՝ Վանաձո՞ր, Գյումրի՞․․․

- Հիմնականում խոշոր քաղաքներում։ Որտեղ ավանդաբար «Ժառանգությունն» ուժեղ է եղել։ Բնականաբար երբ իսկապես սկսվի ընտրությունների փուլը, և երբ լինի Հանրապետության նախագահի որոշումը, և երբ մենք կունենանք վարչապետի պաշտոնակատար, որը համապատասխանում է ՀՀ օրենքներին և նախադեպայնությանը [Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Կարեն Կարապետյանն էր պաշտոնակատարը], մեր նախընտրական ակտիվությունը կդառնա առավել հասկանալի։ Դրանից առաջ պետք է ապահովել ընտրությունների օրենսդրականությունը, որովհետև ոչ լեգիտիմ ընտրություններին մասնակցել, ձեռնամուխ լինել գործընթացների, որոնք փակուղու կբերեն, դա քաղաքական սխալ որոշում է։

-  Երեկ Տեր-Պետրոսյանը հայտարարություն տարածեց և կոչ արեց քաղաքական բոլոր ուժերին, նախագահին, ՍԴ դատավորներին, ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին՝ ամենայն լրջությամբ վերաբերվել, որ Փաշինյանը պաշտոնավարման իրավունք չունի։

- Կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանի մտահոգությունն ընտրությունների լեգիտիմության ապահովումն է: Դա շատ կարևոր մտահոգություն է։ Եվ կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է մտահոգ լինեն դրանով։ Այսինքն, խնդիրը ոչ թե իրար տրված խոստումներն են, այլ՝ Հայաստանի Հանրապետության օրենքները։ Եվ ընտրությունների օրենսդրականությունը շատ ավելի կարևոր հանգամանք են, քան իրար անպաշտոն տրված խոստումները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image