Վերջին օրերին Արցախում տարբեր շրջանակների կողմից շրջանառության մեջ են դրվել լուրեր այն մասին, որ Արցախի Հանրապետության նախագահը առաջիկայում պաշտոնից ազատելու է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին:
Միևնույն ժամանակ Սամվել Բաբայանը պարբերաբար հրապարակային հայտ է ներկայացնում պետական նախարարի պաշտոնի համար: Ոմանք մեկնաբանում են, որ այս ամենը պլամավորված էր ի սկզբանե` Գուրգեն Ներսիսյանը պետական նախարար էր նշանակվել` նրան գլխավոր դատախազի պաշտոնից ազատելու համար, իսկ հիմա էլ իրականացվում է վերջին պաշտոնից նրան ազատելու ծրագիրը:
Այս հարցով «Հրապարակը» դիմեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանին:
Վերջինս պատասխանելով մեր հարցին ասաց.
«Առանց անդրադառնալու շրջանառվող լուրերի ու տեսակետների մանրամասներին ու պատճառներին` ուզում եմ հիշեցնել, որ ԱՀ պետական նախարարի և կառավարության կազմի նշանակման լիազորությունը ԱՀ Սահմանադրությամբ վերապահված է բացառապես հանրապետության նախագահին։ Նախագահ Ա. Հարությունյանը պետական նախարարի կամ կառավարության կազմի փոփոխություն չի նախատեսում:
Կառավարությունն այս իրավիճակում խիստ ծանրաբեռնված աշխատանք է իրականացնում, որի մեծ մասը տեսանելի չէ ու օբյեկտիվ պատճառներով չի հանրայնացվում»: