Թեհրանում տեղի է ունեցել Իրանի սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների հրաժեշտի և հիշատակի հատուկ աղոթքի ծեսը: Արարողությունը վարել է շիա հոգևորական այաթոլլա Ջաֆար Սոբհանին։
Հուղարկավորության արարողությանը մասնակցել են Ալի Խամենեիի որդիները՝ Մասուդը, Մեյսամը և Մոստաֆան: Արարողությանը մասնակցել են նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Ահմադ Վահիդին, «Ղոդս» ուժերի հրամանատար Էսմայիլ Քաանին և Իրանի այլ բարձրաստիճան քաղաքական և ռազմական առաջնորդներ։
Ինչպես նշում են իրանական ԶԼՄ-ները, հրաժեշտի արարողությունը նախկին գերագույն առաջնորդի զոհվելուց հետո ամենամեծ սգո միջոցառումներից մեկն է։
Ի դեպ, Մոջթաբա Խամենեին, որը հոր մահից հետո դարձավ Իրանի երրորդ գերագույն առաջնորդը, ներկա չի գտնվել արարողությանը։ Նախորդ օրը The New York Times-ը (NYT), հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը ցանկություն էր հայտնել իր առաջին հրապարակային ելույթը ունենալու Ալի Խամենեիի հրաժեշտի միջոցառմանը, սակայն անվտանգության աշխատակիցները մերժել են նրան՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Նա հանրության առջև չի հայտնվել մարտ ամսին՝ իր նշանակվելուց ի վեր։
Հավելենք, որ Ալի Խամենեիի հետ հուղարկավորվելու են նաև իսրայելա-ամերիկյանի ավիահարվածի հետևանքով զոհված ընտանիքի չորս այլ անդամներ՝ նրա դուստրը, փեսան, հարսը և թոռնուհին։ Իրանի իշխանությունների տվյալներով՝ միայն Թեհրանում հուղարկավորության արարողությանը կմասնակցի 15-20 միլիոն մարդ։
Համալիրի մուտքի մոտ տեղակայված են տասնյակ անվտանգության աշխատակիցներ, և այցելուները պարտավոր են ներկայացնել հատուկ անցաթուղթ։
Ավելի ուշ այաթոլլայի մարմինը Թեհրանից կտեղափոխվի Ղոմ՝ Իրանի գլխավոր կրոնական կենտրոն։
Նշենք, որ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը ներկա էին ավելի քան 100 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ի սկզբանե արարողությունները նախատեսվում էր անցկացնել մարտի սկզբին, սակայն սգո միջոցառումները ստիպված եղան կազմակերպել նրա մահից ավելի քան չորս ամիս անց՝ ակտիվ ռազմական գործողությունների պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով։
Ալի Խամենեիի հետ միասին հուղարկավորում են նաև նրա ընտանիքի անդամներին՝ ավագ դստերը, փեսային, հարսին և թոռնուհուն։ Նրանք զոհվել են 2026 թվականի փետրվարի 28-ին առաջնորդի նստավայրին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով։