Հասարակություն

Նարեկ Նալբանդյանը որոշել է իր զրոյական կետից սկսել` զրոյացնել «Ծիրանի» պարտքերը

Նարեկ Նալբանդյանը որոշել է իր զրոյական կետից սկսել` զրոյացնել «Ծիրանի» պարտքերը

«ՍԱՍ գրուպ» ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ծիրան» սուպերմարկետների ցանցի եւ պահանջում է մոտ 35,5 մլն դրամ մատակարարված եւ չվճարված ապրանքների դիմաց: «Ծիրանը», որը սնանկացման գնացող, պարտքերի տակ կքած կազմակերպություն էր, փետրվարից նոր սեփականատեր ունի` ի դեմս իշխանության կողմից աճեցված նոր օլիգարխ Նարեկ Նալբանդյանի, եւ սպասվում էր, որ արագ ոտքի կկանգնի ու կգնա առողջացման: Ինքը՝ Նարեկ Նալբանդյանը մոտ 1 ամիս առաջ հայտարարել էր, թե «Ծիրան» սուպերմարկետների ցանցը «լիքը հիմնարկների պարտք է», բայց այդ կազմակերպությունները դիմում են իրենց եւ իրենք 50 հիսուն տոկոսով էդ պարտավորություններն արդեն մարել են: Ներկայացրել է, որ ինքը գրեթե բարեգործ է` 750 մարդ պետք է գործազուրկ դառնար, ընկերությունը` սնանկանար, պետությունը` տուժեր, ինքը թույլ չի տվել դա, վստահեցնելով, որ պետության նկատմամբ պարտավորությունն ամբողջությամբ է մարվել: Մյուս պարտքերն էլ կեսը մարել է, մյուսների համար գրաֆիկ են կազմել` «ամբողջությամբ մարելու են եւ ընկերությունն առողջանում է»։ Ավելին` նոր աշխատատեղեր է ավելացնելու, նոր «Ծիրան»-ներ է բացելու:

Բայց արի ու տես, որ խոստումները չեն կատարվել, գոնե «ՍԱՍ»-ը օլիգարխի նշած ժամանակացույցից, հավանաբար, դուրս է մնացել: Նարեկ Նալբանդյանը չի ցանկանում մարել «ՍԱՍ»-ի պարտքը: Նա արդեն այնքան լավ տղա է, որ որոշել է սկսել է իր զրոյական կետից` պարտքերը ջրելով: «ՍԱՍ» սուպերմարկետների ներկայացուցիչներն էլ բավականին վախվորած ու անվստահ պահվածք ունեն: Ոչ «ՍԱՍ»-ի ֆինանսական տնօրեն Կարեն Սահակյանը, որը ներկայացավ որպես հասարակ խորհրդական, ոչ էլ ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Ալվինա Սարգսյանը չցանկացան մեր հարցերին պատասխանել, թե ինչն է իրենց ստիպել «Ծիրանին» դատի տալ, եթե սեփականատերն այդքան գրանդիոզ պլաններ ունի եւ պարտքերն էլ հոժարակամ մարում է:

Հիշեցնենք՝ «ՍԱՍ» սուպերմարկետները պատկանում են ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին, որը նոր իշխանության հետ նույնպես հաջողացրել է հարաբերություններ կառուցել:
Սյուզան Սիմոնյան 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image