Թեեւ Արցախը մի քանի օր է՝ շրջափակման մեջ է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից, սակայն Արցախի որոշ գյուղեր, մասնավորապես՝ Շուշիի շրջանի այն գյուղերը, որոնք դեպի Գորիս գնացող ճանապարհի վրա են, պարենի, դեղորայքի եւ այլ կենսական անհրաժեշտության ապրանքների մատակարարման խնդիր չունեն։ Օրինակ՝ Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող եւ Լիսագոր գյուղերը, որոնց կապը թեեւ Ստեփանակերտի հետ դեկտեմբերի 12-ից կտրվել է, սակայն նրանք ազատ կապ ունեն Հայաստանի, մասնավորապես Սյունիքի մարզի համայնքների հետ, այդ թվում՝ հասնում են Գորիս եւ իրենց անհրաժեշտ ապրանքներն այնտեղից ձեռք բերում։
«Գազամատակարարումը վերականգնված է արդեն, երկրորդը՝ ոչ մի պարենային խնդիր չունենք, քանի որ էդ գյուղերը կապ ունեն Գորիսի շրջանի հետ, երրորդ՝ հլը որ որեւէ դժվարություն չկա՝ կապված սննդի մատակարարման հետ, դեղերի մատակարարման հետ։ Էդ գյուղերն ազատ կապ են պահպանում Գորիսի հետ, այնտեղից ինչ որ պետք ա՝ գնումներ են կատարում, առաջին անհրաժեշտության ապրանքներ եւ այլն, եւ այլն։ Ոչ մի խնդիր չկա, իրենց մոտ ավելի լավ է դրությունը, քան թե մեր դրությունը՝ այստեղ»,- մեզ հետ զրույցում երեկ ասաց Շուշիի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը, ով մնացել է փակված ճանապարհից այն կողմ՝ Ստեփանակերտում։
Նրա իրավասության տակ այս պահին չորս համայնք կա եւ վեց գյուղ։ Հովհաննիսյանը նշեց` պետք է նախ քարտեզին նայել, որ իմանան, թե Հին Շենն ու Մեծ Շենը որտեղ են, իսկ Ստեփանակերտը որտեղ է։ «Այսինքն՝ Շուշիի ճանապարհը որ կտրել են, էդ գյուղերը ոչ մի խնդիր չունեն, հիմա էլ իրենց հիմնական կապը Գորիսի շրջանի հետ է, էն ճանապարհը, որ սարքել են, ավելի մոտիկ է ու հարմար, քան Ստեփանակերտը։ Հետո՝ մի մոռացեք, որ գյուղացիներն իրենց ձմեռվա սննդամթերքի պաշարի մեծ մասը պահեստավորում են՝ թե՛ կարտոֆիլ, թե՛ բանջարեղեն, թե՛ թթու, թե՛ մեղր։ Այսինքն՝ գյուղացին երբեք շուտ սովամահ չի լինում»,- ասաց Հովհաննիսյանը։
Մեր հարցին՝ գյուղերի բնակիչները, որ ադրբեջանցիների սարքած ճանապարհով գալիս են Գորիս ու վերադառնում, ճանապարհին ադրբեջանցիները որեւէ խոչընդոտ չե՞ն առաջացնում, Գրիշա Հովհաննիսյանն ասաց․ «Ոչ մի խոչընդոտ չկա էդ գյուղերի բնակիչների համար, հիմնականում ռուսական հենակետեր են տեղադրված էդտեղ, ադրբեջանական հենակետ չկա, ու էդ ճանապարհով ազատ գալիս-գնում են»։
- Դուք հիմա, ասացիք, Ստեփանակերտում եք, ի՞նչ իրավիճակ է այդտեղ այս պահին։
- Ստեփանակերտում եմ, Շուշիի էն վեց հազարանոց բնակչության մոտ հինգ հազարը Ստեփանակերտում են ու հարակից գյուղերում։ Իրավիճակն էսպես է՝ մի ձեւ հլը դիմադրում ենք, էդպիսի դժվարությունների չէ, որ դիմացել ենք։ Փառք Աստծու, գազը տվին, տեսնենք՝ հետո ինչ է լինում։
- Իսկ ճանապարհի բացման մասին ձեզ մոտ ի՞նչ են խոսում։
- Ճանապարհի մասին տեղյակ չեմ ես, որովհետեւ իրավասու էլ չեմ՝ պետական բարձր մակարդակով են էդ հարցերը լուծում, ես չգիտեմ՝ երբ կբացվի, ինչպես կբացվի, ինչ պայմաններում կբացվի։ Մի բան ասեմ՝ Ղարաբաղի օդն էնքան թթվածնով հարուստ ա, ախպեր ջան, որ շնչում ենք, չէ՞, առանց որեւէ բանի կարանք ապրենք, դա իմացեք։ Մեր օդը մեզ պահում ա։
- Հենց ճանապարհը բացվի, առաջին քայլերը որո՞նք են լինելու, ի՞նչ եք անելու։
- Առաջին քայլերը հանրապետական խնդիրներ են՝ սննդի մատակարարում, վառելիքի՝ բենզինի, դիզվառելիքի տեղափոխում։
- Հիմա տարբեր բաներ են ասում, թե ինչ-որ բանի դիմաց պիտի այդ ճանապարհը բացեն, Դուք տեղեկություն ունե՞ք դրանից։
- Դա քաղաքական հարց է, ես չեմ զբաղվում էդ հարցերով, համապատասխան օրգաններն են զբաղվում դրանով։ Ես չգիտեմ՝ ինչ կտան, ինչ կառնեն, Դուք էդտեղից ավելի շուտ կիմանաք, քան էստեղից, որովհետեւ հիմնական քաղաքական հանդիպումները կայանում են Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, չէ՞, եթե չեմ սխալվում։ Դրա համար դուք էդտեղ ավելի շուտ կիմանաք, թե չէ մենք էստեղ ո՞վ ենք․․․․ Լավ ա լինելու վերջը, սենց չի մնալու, Ղարաբաղը սե՞նց բաների ա դիմացել։ Առաջին պատերազմի ժամանակ ավելի ահավոր էր։ Գիտե՞ք խնդիրը որն ա, որ առաջին պատերազմի ժամանակ Սփյուռքը, Հայաստանը, Ղարաբաղը մեր մեջքին կանգնած էին, դրա համար մենք հաղթեցինք։ Հիմա կարծես թե ինչ-որ մենք մենակ ենք մնացել մեր ճակատագրի առաջ։ Դա է մտավախությունը, եւ դրա մասին պիտի մտածենք, որ մեր մեջքին սատար չունենք կանգնած։
- Էլի մենակ չեք, Հայաստանը ձեր կողքին է միշտ։ Իշխանության անունից չեմ կարող ասել, բայց Հայաստանի բնակչությունը հաստատ ձեր կողքին կանգնած է։
- Հա, ես չեմ ասում՝ բնակչությունը, ընդհանրապես եմ ասում։