Հարցազրույց

Հորս տնից չեմ բերել էս պաշտոնը, մի օր եկել եմ՝ մի օր էլ կգնամ

Հորս տնից չեմ բերել էս պաշտոնը, մի օր եկել եմ՝ մի օր էլ կգնամ

Ուղիղ մեկ շաբաթ առաջ լրավամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ Շիրակի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժեշտ է տվել պաշտոնին։ Այդ օրը կայանալու էր Շիրակի մարզպետի պաշտոնավարման մեկ տարվա հաշվետու ասուլիսը, սակայն ասուլիսից ժամեր առաջ մարզպետարանը հայտարարեց այն հետաձգելու մասին՝ «անհետաձգելի գործեր առաջանալու» պատճառաբանությամբ, հետո հայտնի դարձավ, որ Առուշանյանին շտապ կառավարություն են կանչել եւ մոտ ապագայում նա ազատվելու է աշխատանքից։ Սակայն այդ լուրերի հաջորդ օրը՝ կառավարության նիստի օրակարգում չընդգրկվեց մարզպետի ազատվելու հրամանը, իսկ Նիկոլ Փաշինյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրը՝ ասելով․ «Եթե կլինի համապատասխան որոշում, կհրապարակվի, կիմանաք»։

Ըստ լուրերի՝ Փաշինյանը դժգոհ է մնացել դեկտեմբերի 7-ին Գյումրու Յոթ Վերք եկեղեցում անցկացված հայտնի պատարագից եւ ձախողման «մեղավոր» է հռչակել մարզպետին, որը չի կարողացել մարդաշատ պատարագ ապահովել։ Զրուցել ենք Դավիթ Առուշանյանի հետ։

-Պարոն Առուշանյան, ի վերջո, Դուք շարունակո՞ւմ եք պաշտոնավարել, թե՞ հրաժեշտ եք տվել մարզպետի պաշտոնին։

-Ոչ, բնականաբար, ես հիմա մարզպետարանում եմ, ամեն ինչ նորմալ է։

-Իսկ հնարավո՞ր է առաջիկա օրերին լինի Ձեր ազատման հրամանը։

-Կարող է մեկ տարի հետո լինի, կարող է․․․ Չգիտեմ՝ առաջիկա օրերին ինչ է լինելու։

-Նիկոլ Փաշինյանը չէր հերքել լուրը՝ երբ հարց էին ուղղել։

-Չէր էլ հաստատել, ինչո՞ւ եք ասում՝ չի հերքել։

-Փաստորեն Յոթ Վերքի պատարագը կարող է Ձեզ համար ճակատագրական լինել։

-Յոթ Վերքի պատարագի մասին որեւիցե մեկը, որեւիցե տեղից ինձ չի զանգել ինչ որ բան ասել, որ ես կապ ունեմ դրա հետ։ Պատարագը իր համար կազմակերպվում է, քահանաները պատարագ են անում, մարզպետն ի՞նչ կապ ունի պատարագի հետ։ Այդ տեղեկատվությունն ամենաշատն է ինձ ջղայնացրել, որովհետեւ իրականության հետ աղերս չունի։

-Իսկ ինչո՞ւ ձեր անվան շուրջ այդ խոսակցությունները ծավալվեցին, աղմուկ բարձրացավ, եթե չկա նման բան։

-Թող աղմուկ բարձրացնողները մտածեն, ես մարզպետն եմ, ես աշխատում եմ, հորս տնից չեմ բերել էս պաշտոնը, մի օր եկել եմ, մի օր էլ կգնամ։ Բայց քանի դեռ ես մարզպետն եմ, ես իմ աշխատանքներն եմ կատարում, ես չեմ աշխատում, որ պաշտոն ունենամ, այլ պաշտոնն է գործիք աշխատելու համար։

-Իսկ ինչու չեղարկեցիք նախապես հայտարարված ասուլիսը։

-Որովհետեւ շտապ Երեւան գնալու հարց առաջացավ, դրա համար ես ներողություն խնդրեցի, այսօր էլ 100 սպորտսմեն եմ ընդունել մարզպետարանում, մեծ միջոցառում կազմակերպել։

-Իսկ շտապ Երեւան կանչելու օրը Ձեր պաշտոնանկության հարցը քննարկվե՞լ է։

-Շտապ կանչելու հարց չէր, ես եմ գնացել, պարզաբանելու հարցեր կային, մեր ներքին հարցերն են, չեմ կարող ասել՝ ինչ հարցեր ենք քննարկել։

-Իսկ գուցե Ձեր հրամանը հետաձգվում է, որովհետեւ արժանի փոխարինող չեն գտնո՞ւմ։

-Չեմ կարող ասել։

-Նախընտրական ցուցակում գրանցվելու հայտ էիք ներկայացրել Դուք, Ձեզ գրանցե՞լ են։

-Միանշանակ, միաձայն ընդունել են։

-Բոլորը կողմ են քվեարկե՞լ։

-Երեւի միաձայն ընդունած կլինեն, ես որտեղ եմ թերացել՝ թե որպես փոխքաղաքապետ, թե ԱԺ պատգամավոր, թե մարզպետ, չգիտեմ մեր վարչության գործընկերներից գուցե ճշտեք։

-Ասում եք Յոթ Վերքի պատարագի հետ գործ չունեք, բայց մամուլում ձեր օգնական-խորհրդականի նամակագրությունն էր հայտնվել, որով հորդորում էր մարդկանց պատարագին մասնակցել։

-Բնականաբար, բայց մարդ չեն հավաքագրել, երկրաշարժի օրը մարզպետարանը միշտ կազմակերպում է հուշարձանի մոտ պսակ դնելու միջոցառում։ Ոչ միայն օգնական, խորհրդականներս, այլեւ բաժնի պետերն են զբաղված եղել՝ տեղեկացնելով մեր ենթակառույցներին, որ մարզպետը գնում է պսակ դնելու, ու ամեն տարի նույն բանն է եղել։

-Ու հորդորել են, որ բոլորի ներկայությունը պարտադիր է․․․

-Դա իրենք են որոշում՝ պարտադիր է, թե ոչ։ Նամակը, որը հրապարակվել է, կուսակցականներին ուղղված է եղել։ Այո, եթե մարզպետը, մարզի ղեկավարը գնում է պսակ դնելու, վարչապետն է գալիս պսակ դնելու, երկրի նախագահը, ԱԺ պատգամավորները, ուրեմն կուսակցականների ներկայությունն այդտեղ պարտադիր է։

-Ինչո՞ւ, չեք կարո՞ղ ինքներդ ծաղկեպսակ դնել․․․

-Խնդիրն այն է, որ երկրաշարժի օրը այդ կառույցները պիտի լինեն․․․Նույն ձեւով գնացել ենք նաեւ սեպտեմբերի 27-ին, Ապրիլի 24-ին, թե զինվորականներ են եղել, թե ԱԻՆ, թե դատախազություն, բոլոր նման միջոցառումները նույն ձեւուվ են կազմակերպվում։ Հիմա անիմաստ ինչո՞ւ եք ինտրիգ ման գալիս։

-Որովհետեւ մեկ շաբաթ է անցել այդ լուրերից, Դուք հերքմամբ հանդես չեք եկել, առանց կրակ ծուխ չի լինում, չէ՞։

-Հա, բայց ես չեմ հերքում տարածողը, ես խնդիր չունեմ, ես հաշտ եմ բոլոր որոշումների հետ, որը մեր վարչությունը կամ վարչապետը որոշում է։

-Իսկ գուցե ձեզնից դժգոհ են Գյումրիում առկա իրավիճակի՞ պատճառով, որ չեք կարողանում իշխանություն  դառնալ։

-Գյումրու ընտրությունները վաղուց անցել են, այդ խոսակցությունները տարբեր են եւ բազմապիսի, ես միայն կարող եմ ասել, որ Յոթ Վերքը զրո ազդեցություն ունի այս խոսակցությունների հետ։ Նախ պատարագը շատ լավ անցել է, մեր քահանաները շատ լավ պատարագ են արել։

-Ձեր քահանաներն ովքե՞ր են՝ Շիրակի թեմից որեւէ հոգեւորական չհամաձայնեց ներկա լինել։

-ՀՀ բոլոր քահանաները մեր քահանաներն են, ինչի՞ եք տարանջատում։ Մեր սրբազանները եկել պատարագ են մատուցել, եկեղեցին էլ լեփլեցուն է եղել, որովհետեւ դեկտեմբերի 7-ի բոլոր պատարագներն այդպես լեփ-լեցուն են անցնում, որեւէ մարդու հրավիրելու կարիք էլ չկար։

- Այդ պատարագին՝ Փաշինյանի մասնակցությամբ, գյումրեցիներ գրեթե չկային, ովքեր էլ եկել էին, ամոթանք էին տալիս իշխանականներին։

-Ուրեմն 120 հազար գյումրեցի կա, ես չգիտեմ դուք որ գյումրեցիների մասին եք խոսում, դուք մտածում եք, որ 120 հազար հոգին էլ նույն ձեւով են մտածո՞ւմ, հետո որ ասում եք գյումրեցիներ չկային՝ բա ովքե՞ր էին։

-Շրջիկ հավատախումբը։

-Շրջիկ հավատախումբ չի լինում, բերեք բառերի մեջ էլ մի քիչ զգույշ լինենք, էդ ինչ լեքսիկոն ենք մտցրել հասարակության մեջ։

-Մենք չենք մտցրել։ Տրամաբանորեն Շիրակի թեմի հոգեւորականները պետք է պատարագ մատուցեին, ինչո՞ւ եք զարմանում։

-Տրամաբանորեն շատ բան պիտի լինի, որը չի լինում։

-Օրինակ։

-Շատ բան։

-Իսկ առաջիկա կիրակի գալո՞ւ եք Մայր Աթոռի պատարագին։

-Ես նման տեղեկատվություն չունեմ, որ որոշում էլ ունենամ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image