Երբ կողքից նայում ես Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ պարզեցնում իրավիճակը, հասկանում ես, որ աբսուրդի ժամանակներում ենք ապրում: Մի կողմից՝ ՀՀ իշխանությունը քաշվել է մի կողմ եւ ասում է, որ Արցախի հարցը պետք է լուծեն ռուսներն ու արցախցիները: Անգամ ԱՄՆ իշխանություններին կրկնելով` նշում են ճանապարհը` ուղիղ բանակցություններով: Մյուս կողմից՝ իրենք շատ ինտենսիվ բանակցություններ են վարում, որտեղ անմիջականորեն որոշվում է Արցախի ճակատագիրը: Երբ Արցախը փորձում է առարկել, թե` մեզ համար անընդունելի են Ադրբեջանի հետ ինտեգրումը եւ համատեղ կյանքը, սկսում են հանդիմանել, թե` դուք պատերազմ եք ուզում, եւ շարունակում են բանակցել ողջ հայ ժողովրդին, այդ թվում եւ հատկապես Արցախի ապագային վերաբերող հարցերի շուրջ: Մի կողմից՝ Փաշինյանը հայտարարում է, թե ինքը չի կարող Արցախի ժողովրդի անունից ինչ-որ բան ասել, որովհետեւ այդ ժողովուրդն իրեն չի ընտրել` ինքը միայն Հայաստանի ժողովրդի կողմից է ընտրվել, մյուս կողմից՝ ճանաչում է Ադրբեջանը 86, 6 հազար ք/կմ-ի վրա, որի մեջ ներառված է նաեւ Արցախը: Եվ ուրախանում է, որ ինքը նրանց 86,6-ն է ճանաչել, նրանք` մեր 29,8-ը:
Բայց պարզվում է` ինքը բազմիցս արտաբերել է այդ 86,6-ը, որն Արցախի վերջի սկիզբն է, իսկ Ալիեւը գեթ մեկ անգամ չի արտասանել մեր 29,8-ը, որի մեջ ոչ մի մետր ադրբեջանական հող չկա: Մի կողմից` յուրաքանչյուր կառավարության նիստում սպասվելիք ցեղասպանությունից ու ադրբեջանական ագրեսիայից է խոսում ՀՀ կառավարության ղեկավարը, մյուս կողմից` երբ Արցախում, խաղաղ պայմաններում 4 մարդ են սպանում ադրբեջանցիները, չի ուզում անգամ Վաշինգտոնի ձեւական բանակցություններն ընդհատել, որ ցույց տա` մենք էլ պետություն ենք, մենք էլ արժանապատվություն ունենք: