Այսօր Ստեփանակերտում IDeA հիմնադրամի նախագահ, գործարար Ռուբեն Վարդանյանը խոսեց այն մասին, թե ինչու է ինքը որոշել տեղափոխվել Արցախ և ապրել այստեղ։ Նրա խոսքով՝ ինքը հայրենիքի զինվորն է ու եկել է Արցախ՝ հայրենիքը այստեղ պաշտպանելու, և ինքը ամեն ինչ անելու է դրա համար ու իր այս քայլը պոպուլիզմ չէ, ինքը եկել է կոնկրետ գործ անելու։ Օրինակ՝ զարգացնելու է կրթությունը Արցախում և ոչ միայն։
Hraparak.am-ը ուղից հարց ուղղեց նրան՝ ո՞վ է Ռուբեն Վարդանյանը, ինչպիսի՞ քաղաքական դիրքորոշում և աշխարհաքաղաքական ընկալում ունի։ Հիշեցրինք, որ ինչպես ինքը իր խոսքի սկզբում նկատեց, իր մասին շատերը հարցնում են՝ գլոբալիստ է, ռուսամո՞լ է, ռուսաֆո՞բ, թե՞ գուցե արևմտամետ է, իր այս քայլով փորձում է տարանջատվել ռուսներից, հատկապես, որ ասում են՝ ինքը հիմա ռուսական սանկցիաների տակ է։ Ուստի խնդրեցինք, որ ինքը ուղիղ պատասխանի, թե ով է ինքը։
Ռուբեն Վարդանյանը, սակայն, ուղիղ և հստակ պատասխան չտվեց՝ ավելի շատ խոսելով իր կատարած գործերից, իր նախաձեռնություններից՝ նշելով․ «Ես էն զինվորն եմ, որ եկել եմ իմ հայրենիքը պաշտպանելու»։
Վարդանյանի խոսքով՝ մենք հիմա մի նոր Սարդարապատի առջև ենք կանգնած, և Սարդարապատի ժամանակ չէին հարցնում՝ դու գալի՞ս ես մեր հայրենիքը պաշտպանելու, թե՞ չես գալիս։
«Հիմա, ինձ թվում է՝ էս իրավիճակում ամենակարևորն այն է, թե ով է էստեղ պատրաստ հայրենիքը պաշտպանելու։ Երկրորդը, եթե Դուք ուզում եք իմանալ, թե ով է Ռուբեն Վարդանյանը, պետք չէ կարդալ տարբեր բաներ, պետք է նայել՝ Ռուբեն Վարդանյանը էս վերջին քսան տարվա մեջ ինչե՞ր է արել՝ գլոբալիստական, ռուսամոլ, ռուսաֆոբ, որովհետև, ի վերջո, մենք՝ բոլորս, գնալու ենք, մարդու գործերն են մնալու։ Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս՝ էն 700 պրոյեկտը, որը ընդունված է, Դուք կարող եք ասել՝ գիտե՞ք, պարոն Վարդանյան, էս պրոյեկտները լավը չեն, կամ էս պրոյեկտներով Դուք օգնել եք գլոբալիստական շարժմանը։ Ես հայրենասեր հայ մարդ եմ, որը երազել է ու ամեն ինչ արել է, որ Հայաստանը լինի ուժեղ, երջանիկ և անկախ երկիր։ Իսկ էդ անուն կպցնելը՝ «Թաթար Ռուբո», «ռուսաֆոբ», էդ սաղ խաղեր են»,-ասաց Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում