Քաղաքականություն

Իրենց ժողովուրդը կարող է «թալանչի» եւ «կապիտուլյանտ» ասել, բայց ոչ իրենք իրար

Իրենց ժողովուրդը կարող է «թալանչի» եւ «կապիտուլյանտ» ասել, բայց ոչ իրենք իրար

Գաղտնիք չէ, որ 8-րդ գումարման խորհրդարանից դժգոհություն ունեն նաեւ ընդդիմության համակիրները եւ կամ արտախորհրդարանական ուժերը։ Թե՛ այս եւ թե՛ այն կողմից։ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, օրինակ, առանց անուններ նշելու, գրել էր․ «Անբովանդակությունը սովորաբար քողարկվում է էպոտաժով»։ Ակնարկը ե՛ւ թափանցիկ է, ե՛ւ ժամանակագրորեն համընկնում է ԱԺ-ում այն իրադարձություններին, երբ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ԱԺ ամբիոնի մոտ «կապիտուլյանտ Նիկոլ» բառակապակցության համար ԱԺ նախագահ եւ նիստը նախագահող Ալեն Սիմոնյանի կողմից, դուրս հրավիրվեց դահլիճից եւ այդ պահից սկսած՝ խորհրդարանում սկսեց մթնոլորտը լարվել։ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն էլ մեզ հետ զրույցում ասել էր, որ օրը 20 անգամ «Նիկոլ, կապիտուլյանտ» ասելը ո՛չ համարձակության, ո՛չ դուխի ու հատուկ համարձակության, ո՛չ էլ ինտելեկտի նշան է։

Ակնհայտ է, որ արտախորհրդարանական ուժերի որոշ ներկայացուցիչներ այս կարծիքին են, թեեւ դեռ լռում են, գրառումներ չեն անում կամ հրապարակային հայտարարություններով հանդես չեն գալիս, բայց ամեն ինչ ավելի քան ակնհայտ է։

Ինչպես, օրինակ, ԲՀԿ խմբակցության նախկին քարտուղար Արման Աբովյանը, որին հարցրել էինք խորհրդարանի աշխատանքի արդյունավետության մասին, ասել էր. «Հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ զերծ կմնամ գնահատական տալուց, որովհետեւ առանց իմ գնահատականի արդեն ակնհայտ է։ Սակայն կարող եմ ասել, որ, այո, հիասթափություն եմ ապրում»։ Ո՞ր ուժից հատկապես։ «Ընդհանուր, չեմ ուզում որեւէ մեկին մատնանշել»,- ասաց Աբովյանը։ Նա նաեւ ասաց՝ գուցե շո՞ւտ է ինչ-որ եզրակացություններ անելը։ Աշնանային նստաշրջանում արդեն հանձնաժողովները ձեւավորված կլինեն, կաշխատեն, կտեսնենք։

Փորձեցինք զրուցել նաեւ ԼՀԿ խմբակցության նախկին ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ, որը, սակայն, ասաց՝ մեդիապաուզայի մեջ է։ Բայց դատելով նույն խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի գրառումներից, այստեղ առավել քան հիացած չեն նոր խորհրդարանական ընդդիմության պահվածքով։ Անշուշտ, այս քննադատության մեջ «աբիժնիկության», նախանձի տարրեր կան, բայց նաեւ՝ ճշմարտություն։

«Իմ քայլից» հեռացած եւ ԱԺ-ում չհայտնված Սոֆյա Հովսեփյանը ԱԺ-ի կռիվների ժամանակ երկրում չի եղել եւ հպանցիկ է հետեւել խորհրդարանում ծավալված իրադարձություններին։ Բայց անթույլատրելի է համարում ընդդիմությանը ձայնի իրավունքից զրկելը։ «Եվ չեմ կարծում, թե 7-րդ գումարման ԱԺ-ում այլ, ավելի սուր առիթներ չեն եղել, բայց որոնք Արարատ Միրզոյանը շատ ավելի պարկեշտ կերպով կարողանում էր կառավարել։ Սա խոսում է այն մասին, որ կառավարողը՝ ԱԺ խոսնակը, ուղղակիորեն ի վիճակի չէ նիստ կառավարել եւ արդյունքում պատժամիջոցներ է կիրառում, եւ նման իրավիճակներ են ստեղծվում»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը։

- Ուղղակի, այն ժամանակ 2-րդ եւ 3-րդ նախագահների գլխավորած ուժերի ընդդիմություններն ԱԺ-ում չէին։ Հիմա ավելի արմատական ընդդիմություն է մտել խորհրդարան։

- Հիմա ես կարծում եմ, որ այդ 2-րդ եւ 3-րդ նախագահների ընդդիմություններն էնպես չէ, որ իրենց թեթեւ ձեռամբ չեն հայտնվել այնտեղ։ Եվ այնպես չէ, որ այդ հողը չէր նախապատրաստվում՝ ունենալու նմանատիպ խորհրդարան։ Ամեն ինչ արվեց նման խորհրդարան ունենալու համար։ Ունեցա՞ն էդ խորհրդարանը, հիմա ոչ թե պետք է երկրում հարյուր հազարավոր խնդիրները նմանատիպ ճանապարհներով շեղանցեն, այլ գոնե իրար հետ համախոհությամբ աշխատեն։ Ոչ թե մեկն ասի՝ «թալանչի», մյուսը՝ «կապիտուլյանտ»․ դրանից բան չի փոխվելու։ Երկուսի դեպքում էլ ոչ մի բան չի փոխվելու, երկուսն էլ հենց էդ են։ Ընդամենը սա պետք է գիտակցեն, նստեն ու աշխատեն, որովհետեւ իրենց «թալանչի» եւ «կապիտուլյանտ» կարող է ժողովուրդն ասի, բայց ոչ իրենք իրար։ Իրենք հիմա ամեն ինչ պետք է անեն, որ այդ հարցերը լուծեն, եւ ժողովուրդն ասի՝ ո՛չ այս, ո՛չ այն, այլ որ «ունենք խորհրդարան, ունենք պետականություն» կամ չունենք։ Փաստացի, իրենք տեղերը խառնել են իրար․ ժողովրդի անվան տակ հանդես գալով՝ միայն իրար են անպատվում եւ ոչինչ չեն անում ի շահ ժողովրդի։

- Բայց կա նաեւ տեսակետ, որ ժողովուրդն իրենց ձայն տվել է հենց դրա համար, որ նրանք ասեն՝ թալանչի, իրենք էլ՝ կապիտուլյանտ։

- Իրականում «ժողովուրդ» հասկացության մեջ մտնում է ցանկացածը։ Եվ եթե շատ ցածր կրթվածություն ունեցող 2 հոգի իրենցից սպասում են՝ որքան հնարավոր է շատ խժդժությունները խորացնեն, ապա հարյուր հազարավորներն իրենց տվել են հնարավորություն՝ աշխատելու եւ գործելու։ Եվ քանի որ աշխատելն ավելի բարդ է, քան անպատվելը, իրենք օգտվում են ավելի հեշտ մանիպուլյացիոն տարբերակից։ Ասում են՝ ժողովուրդը մեզ սա է․․․ ժողովուրդը չի ասել՝ գնացեք իրար անպատվեք։ Ժողովուրդն ասել է՝ գնացեք, անօրինություններին վերջ տվեք, գնացեք աշխատեք, գնացեք երկիրը կառուցեք։

- Իսկ ի՞նչ նկատի ունեք, ասելով՝ իրենց թեթեւ ձեռքով հայտնվեցին։ Որ քայլականների՞ց մեծ էր հիասթափությունը, թե՞․․․

- Ժողովուրդը 2018-ին համախմբված, այդ անօրինություններին վերջ տալու համար, իրենց տվեց առավելագույն լծակ՝ պահելու հայրենիքը, հայրենիքի անվտանգությունը, գործելու օրենքով, թալանածն ու ապօրինի ձեռքբերածը հետ բերելու, եւ որեւէ բան չարվեց։ Իրենք միայն ընկան Մարտի 1-ի հետեւից, կեղծ ինչ-որ մի բան սարքեցին, անգամ նորմալ չքննվեց։ Ու ո՛չ երկրի անվտանգային, ո՛չ տնտեսական, ո՛չ մի խնդիր չկարողացան լուծել, նաեւ ի ցույց դրեցին իրենց անկարողությունը, որի արդյունքում այն, ինչը 2018-ին ժողովուրդը մերժել էր, նրա մի մասը նորից նրանց դարձրեց խորհրդարանական։ Եվ հիմա բոլորը մեկ կաթսայով, սիրուն, իրար հետ եկել են, ու անընդհատ կոնֆլիկտներ... Հիմա եկել եք, նորից ունեք իշխանություն, նորից իշխանական լիակատար հնարավորություներ ունեք, հիմա՞ ինչ եք ուզում ընդդիմությունից։ Էն ժամանակ ասում էիք՝ նախորդները մեղավոր են, 2-րդ անգամ ձեզ տրվել է հնարավորություն, նորից վարվում եք ինչպես 18 թվականի՞ն։ Ոչ մի բան չեն փոխում, նույն ճանապարհն են անցնում, նույն ձեւով, մինչեւ որ վերջնականապես կործանեն Հայաստանը եւ դուռը փակեն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image