Քաղաքականություն

Ի՞նչ խղճով են ասում, որ ես եմ Ղարաբաղը բանակցություններից դուրս թողել․ Քոչարյան

Ի՞նչ խղճով են ասում, որ ես եմ Ղարաբաղը բանակցություններից դուրս թողել․ Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղն (Արցախն) իր օրոք բանակցություններից դուրս մնալու մասին լուրերին՝ նշելով, որ «բազմաթիվ անգամ պարզաբանումներ տվել ենք»։

«Ես նախագահ եմ դառել 98 թվից։ Լիսաբոնյան գագաթնաժողովից (1996 թիվ, ձմեռն էր, դեկտեմբեր, եթե չեմ սխալվում, կարող է մի ամիս էս կողմ, էն կողմ) հետո որևէ բանակցային գործընթաց չի եղել։ Ըստ էության, որևէ բանակցային գործընթաց չի եղել ամբողջ 1997 թվին, 96-ի վերջին։ 1998 ես նախագահ եմ դառել, ընդունել եմ պաշտոնը ապրիլի 9-ին։ Ի՞նչ բանակցություններից է Ղարաբաղը դուրս մնացել», - ասել է Ռոբերտ Քոչարյանը Գեղարքունիքի մարզի քաղաքացիների հետ «Հայաստան» դաշինքի առաջնորդների (Ռոբերտ Քոչարյան, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյան) հանդիպմանը (հրապարակված տեսագրությունը թվագրված է 04․06․2021)։

Քոչարյանի խոսքերով՝ մինչ այդ մոտ 1,5 տարի ինտենսիվ բանակցություններ են եղել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի խորհրդական Վաֆա Գուլուզադեի միջև։ 

«Ինտենսիվ բանակցություններ առանց Ղարաբաղի։ Ղարաբաղն այդ բանակցություններին մասնակից չի եղել։ Ես Ղարաբաղի նախագահն էի, Ժիրայր Լիպարիտյանը երբ որ գալիս էր, ինքը կապվում էր, ինձ մոտ մոտավորապես, սենց կիսատ-պռատ, բայց ասում էր, թե ինչ է եղել, կամ Արկադի Ղուկասյանին՝ Ղարաբաղի արտգործնախարարին։ Բայց Ղարաբաղը որևէ մասնակցություն չի ունեցել։ Եվ Ժիրայր Լիպարիտյանը երբ ազատվեց պաշտոնից (97 թիվ, հունվար, եթե չեմ սխալվում) հարցազրույց է տվել․․․ մամուլի ասուլիս է արել, ուղղակի բառացիորեն ասել է, որ «մենք այս գործընթացը սկսել ենք Վաֆա Գուլուզադեի հետ՝ մտածելով, որ կօգնենք պրոցեսը արագացնելուն»։ Բայց այնպես ստացվեց, որ հակառակ բանը ստացանք։ Ճշմարտությունը սա է, փաստարկված ճշմարտություն, կոնկրետ այդ պրոցեսը առանց Ղարաբաղի սկսողը և շարունակողը իր սխալը ընդունել է։ Եթե չեմ սխալվում 95-ի վերջին է սկսել այդ գործըթնացը», - նշել է 2-րդ նախագահը։

«Հիմա դրանից հետո մարդիկ ի՞նչ խղճով են ասում, որ ես եմ Ղարաբաղը բանակցություններից դուրս թողել։ Ուղղակի ստեղ խղճի հարց չկա, ստի և, այսպես ասենք, ուղղակի մշակույթի հարց է։ Հիմա եթե դու ի վիճակի ես ստել առանց կարմրելու, ուրեմն դա այնքան է սովորական քո համար, հա ստի, ի՞նչ։ Մենք, եթե դրա անհրաժեշտությունը կա, կարող ենք այդ ամբողջը ևս մեկ անգամ հրապարակել՝ ևս այդ մամուլիս ասուլիսի նյութերով։ Եվ մեր ժողովրդի համար, որ հասանելի դառնա, թե ով է Ղարաբաղը դուրս թողել բանակցային գործընթացից։ Ի դեպ, հիմա ինձ մեղադրում են այն ուժերը, որոնք հենց իրենք են Ղարաբաղը դուրս թողել բանակցային գործընթացից», - եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image