Հասարակություն

«Հրապարակ». Ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվել հեծանիվից

«Հրապարակ». Ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվել հեծանիվից

Նիկոլ Փաշինյանն արդեն տեւական ժամանակ է՝ դադարեցրել է հեծանվափիարը, հիմա ժամանակի մեծ մասը նվիրում է ֆեյսբուքյան օգտատերերին ուղղված գրառումներ անելուն, նրանց «քոմենթներին» պատասխանելուն։ Ինչո՞ւ այլեւս առավոտ ծեգին նա հեծանիվ չի վարում, մինչդեռ ԱԺ ամբիոնից կոչ էր անում, որ բոլորը վարեն, հպարտանում էր, թե բոլորը քնած են, ինքը «ծնգծնգացնելով» անցնում է նրանց պատուհանների տակից։ Փաշինյանի հեծանվային զբոսանքի կազմակերպիչը Սիրողական հեծանվորդների ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանն է, որը մեր հարցին, թե ինչու այլեւս վարչապետի հետ հեծանիվ չեն վարում, ասաց` հավանաբար, եղանակային պայմաններն են պատճառը։ Չնայած Անտոնյանը նշում է, որ ֆեդերացիայի անդամները` անկախ եղանակային պայմաններից, շարունակում են հեծանիվ վարել։ 

«Կարծում եմ՝ օրերը տաքանան, կրկին կվերսկսվի, հատկապես երբ «Սեւանի շուրջը» նախագիծը նախատեսված է նաեւ եկող տարի անել։ Կարծում եմ՝ վարչապետի չվարելն ընդամենը եղանակով է պայմանավորված»,- ասաց նա։ Ուզում եք ասել, որ մրսո՞ւմ է վարչապետը: Ասաց, որ չի կարող պատասխանել, իր ենթադրությունն այն է, որ «եղանակով է պայմանավորված»։ Առողջ ապրելակերպ պահպանող մարդու համար երեւանյան եղանակային պայմանները դժվար թե խանգարեին, չէ՞ որ Փաշինյանը հենց առողջ ապրելակերպի կոչ էր անում։ Անտոնյանն ասաց․ «Ես չեմ խոսել Փաշինյանի հետ, չեմ հետաքրքրվել, գուցե ժամանակային ծանրաբեռնվածությունից ելնելով»։ Իսկ գուցե իրեն խորհուրդ են տվել դադարեցնե՞լ հեծանիվ վարելը, որ ծաղրի չենթարկվի, չէ՞ որ թշնամի երկրի ղեկավարը զորավարժություններ է անում, ինքը՝ հեծանիվ վարում։ 

Անտոնյանի կարծիքով՝ հեծանիվ վարելով Փաշինյանի իմիջը ոչ թե ընկել, այլ բարձրացել է։ «Եթե զուգահեռներ անցկացնենք այլ պետությունների ղեկավարների հետ, որոնք մեկ կամ երկու անգամ զուտ ձեւական հեծանիվ վարեցին, իսկ մեր համատեղ հեծանվավարումները հաճախակի բնույթ են կրել։ Այն, միանշանակ, դրական իմիջ է հաղորդում, կախված նրանից, թե ոնց է ընկալվում ու մատուցվում»,- նշեց նա։

Անտոնյանի խոսքով՝ ֆեդերացիայի հիմնադրումից ի վեր փորձել են հեծանվային ոլորտը գերակտիվ պահել, որ Երեւանում հայտնվեն համապատասխան ենթակառուցվածքներ: Խոսքը հեծանվային ուղիների, հեծանիվների կանգառների եւ այլնի մասին է։ Իսկ հեծանիվ վարել սիրող Փաշինյանը չէ՞ր տեսնում, որ Երեւանում հեծանվուղիներ չկան, Անտոնյանն ասաց՝ տեսնում էր, խոսել է այդ մասին։ «Դրա մասին բարձրաձայնել է, հուսով եմ՝ այս մասով հետագայում ինչ-որ գործընթաց կսկսվի»,- նշեց նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image