Քաղաքականություն

Պախարակում եմ, քննադատում եմ, մեղադրում եմ

Պախարակում եմ, քննադատում եմ, մեղադրում եմ

Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին Էրդողանի հրավերով Թուրքիայում էր: «Հրապարակը» Պոլսում լույս տեսնող «Ակօս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ զրուցեց Թուրքիայի հայ համայնքի հետ Փաշինյանի հանդիպման եւ այցի մասին: Hանդիպմանը մասնակցել է 40-50 հոգի Պոլսի հայ համայնքից, այդ թվում` Էստուկյանը: 

-Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Արևմտյան Հայաստան չկա, Արաքսից այն կողմ Թուրքիան է, ոչ թե Արևմտյան Հայաստանը, այլապես ուրիշներն էլ կարող են պնդել, որ Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է: Հանդիպմանը ներկա համայնքի ներկայացուցիչների մոտ այդ հայտարարությունը տարակուսանք չառաջացրե՞ց: 

-Բացարձակապես ոչ, որովհետև փաստացի իրողություն է, այսօր ճշտված սահմաններ կան և այս մասին ելույթներ ունեցող առաջին անձնավորությունը Փաշինյանը չէ: Անցյալին Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն էլ նույն թեմայով արտահայտվել են: 

-Խոսքը Թուրքիայի մասին չէ, այլ Հայաստանի Հանրապետությունը «Արևմտյան Ադրբեջան» հնարովի եզրույթի հետ զուգահեռելու ակնարկի մասին է` Փաշինյանը պարբերաբար նման հայտարարություններ է անում: 

-Այո, բայց ինքը մատնանշեց, որ հորինված մեկնաբանություն պիտի լինի՝ Արաքսի հանդիպակաց կողմը Արևմտյան Հայաստան կոչել: Այո, պատմական Հայաստանի գոյությունը կա, բայց սա չի նշանակում, որ այսօր մենք այդտեղը պիտի ընդունենք իբրև Արևմտյան Հայաստան: 

-Այսինքն, այդտեղ չի եղել հայ բնիկ բնակչություն, հայ մշակութային-հոգևոր ժառանգություն, հայ ժողովրդի բնօրրան չի եղել, այդպես չի՞ ստացվում: 

-Ոչ, ընդհակառակն է ասածս: Պատմական Հայաստան եզրը ուրիշ նշանակություն ունի՝ Արևմտյան Հայաստան եզրը` ուրիշ նշանակություն: Անշուշտ, որ պատմական Հայաստանը ներառում է Արևմտյան Հայաստան կոչվածը, Հայկական Բարձրավանդակ կոչվածը, հայկական լեռնաշխարհ կոչվածը, ինչ-որ պատմական քարտեզներում դա բազում անգամներ նշված է, սա իրողություն է՝ պատմական իրողություն, սակայն ոչ թե քաղաքական: 

-Իսկ հայ համայնքից ներկաները բոլորն էլ ջե՞րմ էին տրամադրված Փաշինյանի հանդեպ և ինչպե՞ս են գնահատում հայ-թուրքական հարաբերությունները տվյալ պահին՝ կողմ են, կառուցողական համարո՞ւմ են, թե դժգոհներ էլ կան: 

-Անշուշտ որ դժգոհներ էլ կան, բայց ընդհանուր հակումը այն է, որ Թուրքիո հայ համայնքը ուզում է հարաբերությունների բնականոնացումը, այսինքն, երկու պետությունների բնականոն հարաբերություններ հաստատվեն Թուրքիայի և Հայաստանի միջև, ինչպես որ պետք է հաստատվի, օրինակ, Հայաստանի և Բուլղարիայի միջև, Հայաստանի և Հունաստանի միջև, Հայաստանի և Հնդկաստանի միջև, այդ նույնը գոյություն ունենա նաև Հայաստանի և Թուրքիայի միջև: 

-Իսկ հայ համայնքի հայերից կայի՞ն մարդիկ, որոնք հրաժարվել էին Փաշինյանի հետ հանդիպել: 

-Նախևառաջ եկեղեցին էր հրաժարվել, եկեղեցին հստակ դիրք բռնեց: Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդը ներկա էր, հայ բողոքական համայնքի հոգևոր համայնքի առաջնորդն էլ էր ներկա, բայց մեր հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից ոչ ոք չկար: Ավելին, նրանք պատրիարքարանի շենքը փակեցին, որպեսզի հանկարծ ստիպված չլինեն վարչապետին ընդունել: 

-Ողջունո՞ւմ եք այդ քայլը: 

-Ոչ, պախարակում եմ, քննադատում եմ, մեղադրում եմ: 

-Ինչո՞ւ: 

-Սա նշանակում է, որ Ստամբուլի պատրիարքարանը, Թուրքիո հայոց պատրարքարանը իջեցրին Միքայել Աջապահյան Սրբազանի մակարդակին, այն որ արել էր Գյումրիի եկեղեցվո մեջ, նրանք էլ փորձեցին անել Պոլսո եկեղեցու մեջ և սա մակարդակի ծանր անկում է: Պետականության գիտակցության բացակայություն է հոգևորականների կողմից: 

-Այսինքն, Դուք գտնում եք, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին պետականության դե՞մ է գործում: 

-Բացարձակապես այդպես է: 

-Այսինքն, Նիկոլ Փաշինյանը եկավ ու բացահայտեց, որ բոլորը սխալ են ընկալել հայ առաքելական եկեղեցին և որ իրականում մեր եկեղեցին հակապետակա՞ն է: Ստացվում է, որ Փաշինյանը մեր աչքերը բացե՞ց, պրն Էստուկյան: 

-Այդպես եմ կարծում, որովհետև ճիշտն ասած հայ առաքելական եկեղեցին չկարողացավ գնահատել, թե ինչ է նշանակում պետություն, ինչ է նշանակում եկեղեցի: Այդ երկուսը իրար դեմ դնելը նախ եկեղեցու սխալն էր, ոչ թե Փաշինյանի: 

-Երբ ՀՀ վարչապետը Արցախը հայտարարում է Ադրբեջանի մաս, ասում է, որ Արցախում ցեղասպանություն չի եղել, հայ առաքելական եկեղեցին իրավունք չունի՞ իր հոտի պաշտպանությանը կանգնել, դա կոչվում է հայոց պետականությանը դե՞մ կանգնել: 

-Այո, ճիշտն այդպես է, որովհետև, այո, ընկալումները պետք է հստակեցնել: Ըստ ինձ, Արցախի հայաթափումը ցեղասպանություն է, որովհետև ցեղասպանություն եզրը բնութագրողները նշել են, որ ցեղասպանություն է կոչվում այն երևույթը, երբ որ ժողովուրդը իր բնօրրանից աքսորվում է՝ սա էլ ինքնին ցեղասպանություն է: Այդ պարտադիր տարհանումը, տարագրությունը ցեղասպանություն է, հետևաբար Արցախի հայաթափումը ես կորակեմ ցեղասպանություն, այդտեղ խնդիր չունեմ, բայց նաև հասկանանք, որ Արցախի հայաթափումը Նիկոլ Փաշինյանի մեղքը չէ՝ սա շատ լուրջ խաբկանք է: Մենք երեսուն տարի համառեցինք, ասելով, որ հող չենք զիջի և Արցախից դուրս յոթ շրջանները հրաժարվեցինք վերադարձնել՝ սա շատ ծանր հանցանք էր, լուրջ սխալ էր: 

-Դուք Պոլսի պատրարքարանին մեղադրում եք, ասելով, որ գերաշնորհ Միքայել Սրբազանի «մակարդակին իջան», այնինչ նույն Փաշինյանը Արցախում կատարվածը ցեղասպանություն չի համարում: Հետևաբար եկեղեցին չպե՞տք է իր պարտականությունը կատարեր և իր հոտին պաշտպաներ, դա ի՞նչ առնչություն ունի պետականությանը դեմ կանգնելու հետ: 

-Ոչ, պետք էլ չէ որ ունենա, եկեղեցին պետք չէ որ լծակներ ունենա պետության դեմ կանգնելու: 

-Կարո՞ղ եք մեկ օրինակ բերել, թե ինչպես է եկեղեցին պետության դեմ կանգնել: Այսինքն, վարչապետը պետությո՞ւնն է: Կմանրամասնե՞ք, թե ինչ էնշանակում՝ եկեղեցին պետության դեմն է կանգնել, այսինքն վարչապե՞տն է պետությունը: 

-Այո, անշուշտ ընտրված վարչապետը պետություն է: 

-Վարչապետը կառավարության գլուխն է, այս պահի դրությամբ իշխանությունը, բայց ոչ պետությունը: 

-Նույն բանն է արդեն, նա ներկայացնում է պետությունը: 

-Ի՞նչ եք կարծում, Փաշինյանի սպասումներն արդարացա՞ն այս այցով, թե Իսրայել-Իրան պատերազմը փոխել է նաև Էրդողանի դիրքորոշումները որոշ հարցերի շուրջ՝ ի վերջո Իրանը տարածաշրջանում հզոր խաղացող է: 

-Իրանը ոչ միայն տարածաշրջանի հզոր պետություններից մեկն է, այլ նաև Հայաստանի հետ բարեկամական կապեր ունեցող միակ պետությունը տարածաշրջանում: Այդ առումով մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի Իրանը և Իրանի դեմ ուղղված միջազգային դավադրությունը ամբողջովին պախարակելի, ամբողջովին մեղադրելի խայտառակություն է, դավադրություն է ժողովրդի դեմ: Իսրայելի ձեռքով կատարված հարձակումը, որ ամբողջ Արևմուտքը իր կողքին է, սկսած Միացյալ Նահանգներից և եվրոպական գերտերություններից և անշուշտ, այստեղ մենք հայերս, նախ պիտի ուզենք խաղաղություն և բացի այդ խաղաղություն պահանջելն ամեն կերպով պետք է Իրանի կողքին լինենք, քանի որ արդեն Իսրայելը իրեն աջակից ունի Ադրբեջանի դեմքով: 

-Փաշինյանի՝ միջանցքի մասով արված հայտարարությունն ինչպե՞ս կգնահատեք: 

-Հայաստանի հողային տարածքից անցնելով դեպի Արևելք երթևեկելու համար է ապրանքների կամ մարդկանց, բայց ոչ թե միջանցքի ճանապարհով… Հայաստանի ինքիշխան սահմանով կանցնեն և կգնան: 

-Վտակի գլխին կանգնած վիշապի օրինակն ինչու պատմեց Փաշինյանը: 

-Վտակի պարագան անեկդոտով պատմեց, որ յոթ գլխանի վիշապը կանգնել է ջրի գլխին և հերոսը գնացել է ջուր խմելու, տեսնելով, որ վիշապը կա, սկսել է վիշապին հալածել՝ մի գլուխն է կտրել, երկրորդ գլուխն է կտրել և վիշապը առարկել է՝ ինչու ես կտրում գլուխներս, հերոսն ասել է, որ ջուր խմեմ, վիշապն էլ ասել է՝ խմիր, ինչո՞ւ ես ինձ հալածում: Այս անեկդոտը պատմեց, այս ժողովրդական առակը պատմեց Փաշինյանը և ասաց, որ մեր նպատակը ջուր խմելն է՝ վիշապի հետ պատերազմելու կարիք չկա: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image