Հարցազրույց

«․․․ Մարտնչող լրագրողը երբեք չի ընկճվում»

«․․․ Մարտնչող լրագրողը երբեք չի ընկճվում»

Հարցազրույց լրագրող, արձակագիր Հրաչուհի Փալանդուզյանի հետ

- Տիկի՛ն Փալանդուզյան, հատկապես վերջին շաբաթներին Դուք ակտիվ եք հանրային հարթակում՝ ամեն օր հանդես եք գալիս քաջալերիչ, ոգևորող, ըստ հարկի՝ նաև քննադատական գրառումներով: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է հայ մտավորականն այսօր իր «պոստում»՝ զինվորի թիկունքին:

- Այնքանով, որքանով դա հայ մտավորականի պարտքն է, այսինքն՝ անմնացորդ: Մտավորական հասկացությունն է այլակերպվել․ մի մասն ապրում է հացկատակի ողորմելի կյանքով ու ծառայակամության ամոթալի մրցանիշներ է սահմանում,  մյուսները՝ մեծամասնությունը, զինվորի թիկունքը դարձրել է իր սիրտը, նրան խոսքով գոտեպնդում է, գործով ռազմաճակատ նյութական օգնություն հասցնում: Ինձ երկրորդ դերն է վիճակվել, փորձում եմ լինել առավելագույնս զուսպ և ճշմարտախոս: Օրենսդիր մարմինն իր մեկ որոշմամբ մեր բերաններին կողպեք է դրել (հետագայում այդ խմորը շատ ջուր կվերցնի), բայց որքան թույլ է տալիս մտավորականի ճկունությունը՝ պետք է հարկավոր խոսքն ասել: Նկատել եմ, որ եթե դա արվում է բարեկրթության ու դիպուկության միահյուսմամբ՝ անմիջապես արձագանք է գտնում: Ուրեմն լռելու իրավունք չունենք, պարտավոր ենք չարի դեմ ելած մեր փրկարար բանակին մարտնչելու ուժ ներշնչել: Այս ճակատագրական պահին սատարումի մեծ կարիք ունեն նաև տնավեր դարձած արցախցիները: Ապշելու բան է, որ մեր ժողովրդի երկու հատվածների միջև խրված սեպերը վերացել են, ու արցախցու հոգսը դարձել է երևանցունը, գյումրեցունը, բոլորինս: Ազգային ներհաշտեցման հարցում մտավորականության հավասարակշիռ դերակատարությունն ակներև է: Հպարտանում եմ իմ ժողովրդով: 

- Իմ դիտարկումներով՝ պատերազմական այս լարված օրերին հրապարակում դարձյալ այն մտավորականներն են, որոնք ընդամենը երկու-երեք ամիս առաջ կռիվ էին տալիս մասնավորապես ԿԳՄՍ նախարարության մշակած կրթական ապազգային չափորոշիչների դեմ: Դա պատահակա՞ն է:

- Նուրբ հարց եք տալիս. իհարկե, պատահականության մատն այստեղ խառը չէ: Այդ «չափորոշիչ» կոչվածները, ես կասեի՝ թրքորոշիչները, բացահայտորեն դեմ էին հային ու հայկականությանը, Հայաստանին ու մեր ապագային: Քննարկումների ընթացքում խայտառակ բացահայտումներ եղան, պարզվեց, որ հայաստանցի «մասնագետներն» աշխատել են թուրքերի գումարներով ու թելադրանքով: Ազգադավության այս երևույթը հետագայում հարկավոր է խստորեն զննել ու գնահատական տալ, իսկ այժմ մեր պայքարը պարտավոր ենք շարունակել, ցավոք, արդեն դաժան պատերազմի թելադրանքով: Երբ ոմանք ասում են, թե Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված այս ցեղասպանական ահաբեկչությունը նախապես ծրագրված է եղել երկրի որոշ շրջանակների ու թուրքերի հետ, ես այդ կասկածի դեմ հոգով ընդվզում եմ, բայց երբ կատարվող վայրագություններին նայում եմ «չափորոշիչների» տեսանկյունից՝ սարսափում եմ: Մեզ քարոզում էին սեփական պատմությունը հարմարեցնել գլոբալիստական պահանջներին, ցեղասպանի հետ հաշտվել, ռազմագիտությունը կրթական համակարգից դուրս շպրտել, հայրենասիրությունը պիտակում էին որպես ֆաշիզմ և այլ վնասարարություններ… Ես երկար եմ զբաղվել Հայոց ցեղասպանության հարցերով, լավ եմ ճանաչում թուրքի բնույթը ու հիմա տեսնում եմ, որ այդ հակամարդ գոյացությունը դարձել է ավելի վայրենի ու կատաղի: Գենում այլևս թուրքական ոչինչ չունի, բայց հնի կաղապարով նրան անընդհատ դրդում են նորանոր ոճիրների: Կանգ չեն առնում, նրա  ու դրդողի նպատակը հայության իսպառ վերացումն է․ ինչպե՞ս նստես, նրա հետ ինչ-որ հարց քննարկես, երբ հայրենիքիդ մեծ մասը զավթված է, անգին արժեքներդ՝ փոշիացած, ցեղասպանության ուրացումն՝ ամեն պահի օդ շպրտվող… Մեր պետական համակարգի խարխլումը, տնտեսության անկումը, ընդունված բազմաթիվ որոշումներն էլ իրենց հերթին կարծես թե դուռը բաց էին թողնում այս ամբողջ արհավիրքի առաջ: Բնականաբար՝ հատու խոսքն էլ պետք է հնչեցնեն մեր ժողովրդի պատմությունը լավ իմացող, հայի ոգին ժառանգած հայրենասեր մտավորականները: Հաղթանակի ոգի՝ այսօր սա է այն թթվածինը, որ տիեզերքի հովանավորությամբ առաքում ենք դեպի Արցախ ու Սյունիք: 

- Դուք հրապարակագրական հարուստ փորձ ունեք, մասնավորապես Ձեր հարցազրույցների շարք ունեք արվեստի, մշակույթի, գիտության նշանավոր մարդկանց հետ: Այս օրերին ո՞ւմ հետ կուզենայիք հարցազրույց անցկացնել, որի խոսքն ունկնդրելը հանրային պահանջ է. լրագրողական Ձեր հոտառությունը դեպի ո՞ւմ է ուղղորդում:  

 - Հարգելի Լևոն, պատերազմից առաջ մի հայաշունչ հրատարակչությունից առաջարկ ստացա անտիպ գրքերս նախապատրաստել տպագրության, այդ թվում՝ հարցազրույցների ժողովածուս: Ոգևորությամբ ամբողջացրի ինձ համար շատ թանկ այդ հատորը ու զգացի, որ մեր մշակույթի ու գիտության հրաշալի մշակների շարքում մի կերպար պակասում է՝ Տիգրան Մանսուրյանը: Բայց քանի որ անձս պարտադրելու սովորություն չունեմ, այդ բացն այդպես էլ կմնա: Ներկա օրերին, կարծում եմ, խոսում են բոլորը, ովքեր ասելիք ու համարձակություն ունեն, իմ միջամտության կարիքը չկա: Թերևս մեկ հարց կուզենայի տալ Ռոբերտ Քոչարյանին․ ինչպե՞ս եք կարողանում լռել, երբ Ձեզ անվանարկում են ինչպես ոխերիմ թշնամի թուրքերը, այնպես էլ մեր շարքերում ապրողները: Այսինքն՝ նրա գիրքը կարդացել եմ, պատասխանը գիտեմ:     

 - Պատերազմական թոհուբոհի այս մեկամսյա ժամանակահատվածում, կարծում եմ, նկատելիորեն փոխվեց նաև լրագրությունը՝ չնայած (կամ ի հեճուկս) օրենսդրական խիստ սահմանափակումներին. հայտնվեցին նոր դեմքեր, վառ անհատականություններ: Օրինակ՝ ժամանակին հանրային հեռուստաընկերությունը լքած Աբրահամ Գասպարյանը, ով այսօր Արմնյուզում է աշխատում:

 - Լրագրությունն իր բոլոր թևերով զտվեց․ ովքեր միշտ զբաղվել են սուտ ու շողոքորթություն տարածելով, իրենց այդ եռանդն ավելացրին, ովքեր մաքրամաքուր հայ էին ու ազնիվ էին բոլոր իրավիճակներում, պատերազմական դժոխքում դարձան ճշմարտության մունետիկներ: Ինքս իմ կարգախոսն ունեմ՝ լրագրությունը մասնագիտություն չէ, առաքելություն է, առաքյալը պետք է լինի գերազնիվ մարդ: Այս շաբաթները առաքյալների երևակման շրջան դարձան: Ահավասիկ՝ Աբրահամը, նա իրոք հեռուստատեսային հարթակում հայտնություն եղավ, կարծում եմ՝ նա ևս, ինչպես առաջնագծի հերոսները, արժանի է բարձրագույն պարգևի: Միաժամանակ համոզված եմ, որ ինքը դա մտքով անգամ չի անցկացնում: Այլ անուն՝ 5-րդ ալիքի Ծովինար Բարխուդարյանը․ արկերի տակ, ավերակների մեջ խոսափողը ձեռքին հույս է բաշխում ինչպես արցախցիներին, այնպես էլ ամբողջ հայությանը: Հիացած եմ լրագրող Թագուհի Ասլանյանի նոր կերպարով: Իմ ճանաչած լավ թղթակից Թագուհին դարձել է դիպուկ խոսքի, բարեգործական աշխատանքի օրինակ: Շատերը կան, կեցցեն, օրհնանք իրենց:  

- Հետաքրքիր է լսել Ձեր կարծիքը 1990-ականների և մեր օրերի լրագրության, մասնավորապես հրապարակագրության մասին: Որքանո՞վ է պահպանված ժառանգորդական կապը. նույն ուժգնությա՞մբ է տրոփում նրա հայրենասիրական երակը:

 - 1990-ականներին սկիզբ առավ մի երևույթ, որի մասին խոսելն ինձ համար ամենատհաճն է: Իհարկե, արգելված թեմաները վերացան, մեզ արտոնեցին խոսել ազգայինի ու համազգայինի մասին: Ես մինչ այդ 15 տարի աշխատել էի պետական ռադիոյի սփյուռքի համար հաղորդումների վարչությունում, հայրենասիրությունն այնտեղ նույնիսկ պահանջված էր, բայց լրագրողներիս ամեն բառն ու կարծիքն անցնում էին Մոսկվայի «գլավլիտով», հարկադրված էինք խոսել գաղտնագրերով: Անկախությունն անձամբ ինձ համար երանելի ժամանակաշրջան էր, լավ հիշում եմ՝ գրիչս թևածում էր… Մինչև այն պահը, երբ սկսեցի նկատել, որ գործընկերներիցս ոմանք փոխվում են… Դա լրագրողների ծախվելու գործընթացի մեկնարկն էր: Կեղծավորներն ու մեղավորներն այս բառից կխրտնեն, բայց դա իրենց չի փրկում, ամեն ինչ վավերական է՝ ծախվում էին իշխանությանը կամ ընդդիմությանը, կուսակցություններին ու ամենասարսափելին՝ դավադիր ուժերին, Հայաստանի թշնամիներին: Ինչը կոչվում էր անկաշառ լրագրություն՝ աչքիս առաջ փշուր-փշուր էր լինում: Հիասթափությունս շատ մեծ էր, այսօր այդ զգացողությունս գագաթնակետին է, ներեցեք, չեմ ուզում միտքս փաստերով շարունակել: Գալով ժառանգորդական կապին՝ ասեմ, որ բարեբախտաբար եղած դրականը բազմապատկվել է: Հապա ինչպե՞ս, ազնիվ տաղանդավորները հո ամոթահար չէի՞ն մնալու այն պատճառով, որ կողքների թուլակամ ու ընչաքաղց գրչակներն իրենց մասնագիտությունը ոտնահարում էին, նրանք պետք է ճշմարտության  ու պատվախնդրության դրոշը բարձր պահեին: Շատ դրոշակակիրների անուններ կարող եմ տալ, բայց չեմ ցանկանում նրանց թիրախ դարձնել, թող աշխատեն, քանի որ նաև այդ աշխատանքն է մեր պայքարը հաղթանակով պսակելու ինչպես ռազմաճակատում, այնպես էլ ներհայաստանյան հարթակներում: Իմ ճանաչած հրապարակագիրներից շատերը լրագրությունից թեթև անցում են կատարել գեղարվեստական գրականություն, ինչը, կարծում եմ, մեր մասնագիտության ընձեռած ամենահրաշալի հնարավորությունն է: Ինքս այդ ճամփան բռնել եմ 16 տարի առաջ, ցավոք, տարիների հետ միայն անտիպ գրքերիս քանակն է ավելացել: Ինձ մի մխիթարեք, հարգելի Լևոն, ես էլ առցանց արձակագիր եմ, ճակատագիրն այդպես է որոշել: Միաժամանակ վստահեցնեմ, որ ի տարբերություն գրողի՝ մարտնչող լրագրողը երբեք չի ընկճվում, նրա առջև բաց են բոլոր  ճանապարհներն ու հորիզոնները: Ուրախ եմ, որ ունեմ համախոհների մեծաքանակ զորաբանակ, այդ թվում՝ անդավաճան գործընկերներ: Դա է հաջորդ պահի գրվելիքի խթանը:  

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image