Մշակույթ

«Հրապարակ». Հանձնաժողովը ցրել են, անցողիկ շեմը հաղթահարած դասագիրքը՝ մերժել․ ԿԳՄՍՆ-ն պատժիչ գործիքակազմ է կիրառում

«Հրապարակ». Հանձնաժողովը ցրել են, անցողիկ շեմը հաղթահարած դասագիրքը՝ մերժել․ ԿԳՄՍՆ-ն պատժիչ գործիքակազմ է կիրառում

Դասագրքերի մրցույթն ավարտվել է, հաղթած դասագրքերի մի մասը երաշխավորվել եւ ուղարկվել է տպագրության, մի մասը՝ մերժվել, որոշակի քանակությամբ դասագրքեր էլ ԿԳՄՍՆ-ն ուղարկել է լրացուցիչ փորձաքննության։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ Արսեն Թավադյանի հետ համատեղ, «Տիգրան Մեծ» հրատարակչության կողմից դասագրքերի մրցույթին է ներկայացրել «Հասարակագիտություն-8» առարկայի դասագիրքը, որը, սակայն, մերժվել է ԿԳՄՍՆ-ի կողմից։

«Բավական լավ դասագիրք էինք մշակել, որն ապրիլի 5-ին արդեն հանձնել ենք մրցույթի, սակայն տեւական ժամանակ նորություն չկար, եւ նախարարությունից մեզ ասացին, որ խնդիրներ կան, դասագիրքը փորձաքննության մեջ է, շուտով կլինի։ Հուլիսի 1-ին նախարարության կայքում տեսնում ենք, որ տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, մյուս 2 դասագրքերն անցել են ու երաշխավորվել, իսկ մեր դասագիրքն անցողիկ շեմը չի հաղթահարել։ Այդտեղ նաեւ գրված էր, որ մեր դասագիրքը փորձաքննող առաջին հանձնաժողովը սխալ է օգտագործել գնահատման սանդղակը եւ ճիշտ սանդղակով չի գնահատել, այդ պատճառով ստեղծվել է նոր հանձնաժողով, եւ դասագիրքը կրկնակի փորձաքննություն է անցել»,- պատմում է Սերոբ Խաչատրյանը։

Այս հանգամանքը կասկածի տեղիք է տվել հեղինակների մոտ, քանի որ, ըստ Ս․ Խաչատրյանի, սա նշանակում է, որ եղել է հանձնաժողով, որը, ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, ցրել են․ «Մենք ունենք ողջամիտ կասկած, որ, ամենայն հավանականությամբ, առաջին հանձնաժողովը մեր գրքի մասին լավ կարծիք է ունեցել։ Մեզ համար անհասկանալի է, թե ինչ հիմքով են որոշել, որ սանդղակը սխալ օգտագործելու համար պետք է ցրել հանձնաժողովը։ Ես՝ ինքս, բազմաթիվ հանձնաժողովների անդամ եմ եղել եւ 1-2 դեպք հիշում եմ, երբ ինչ-որ բան սխալ ենք գնահատել, եւ մրցույթն անցկացնող կազմակերպությունը մեզ ժամանակ է տվել՝ այդ սանղղակը ճշտելու համար»։
Զրուցակիցս նկատում է, որ փորձագետներից կազմված հանձնաժողովում լուրջ մասնագետներ են ընդգրկված, ովքեր ունեն գիտական կոչումներ եւ դժվար թե չընկալեին գնահատման սկզբունքները․ «Սա նույնիսկ վիրավորական է, ի՞նչ է նշանակում՝ հանձնաժողովը սանդղակը սխալ է օգտագործել։ Այսինքն՝ այդ մարդիկ կարողանում են բուհերում դաս տալ, գիտությամբ զբաղվել, բայց մի հատ սանդղակ ճիշտ գրել չե՞ն կարողանում, իսկ կարո՞ղ է դուք սանդղակը նորմալ չեք տվել այդ մարդկանց կամ ուշ եք տվել, վերջում են իմացել, որ այդպիսի սանդղակ էլ կա։ Սրանք լուրջ կասկածներ են, որ ունենք։ Այսինքն՝ մարդկանց ցրել են, ստեղծել են նոր հանձնաժողով, եւ այդ հանձնաժողովը որոշել է, որ մեր դասագիրքն անցողիկ շեմը չի հաղթահարում»։

Հաջորդիվ Սերոբ Խաչատրյանը դիմում է նախարարություն եւ խնդրում՝ իրեն տրամադրել դասագրքի գնահատման չափանիշները, որին ծանոթանալուց հետո նոր մանրամասներ են ջրի երես դուրս գալիս․ «Պարզվում է՝ մենք անցողիկ շեմը հաղթահարել ենք, այսինքն՝ մեզ ասել են, որ 2-րդ հանձնաժողովը մեր դասագրքին անբավարար է դրել, բայց երբ տվյալներն ուզեցինք, պարզվեց, որ անբավարար չի դրել, ավելին՝ նույնիսկ բավական բարձր է գնահատել․ մի չափանիշով մենք ստացել ենք 48-ից՝ 46, մյուսով՝ 39 հնարավորից՝ 34, բայց ԿԳՄՍ փոխնախարար տիկին Սվաջյանը մեզ ասաց, որ մյուս 2 դասագրքերը շատ ավելի բարձր են ստացել, դրա համար ձերը չի անցել։ Այստեղ առաջացավ 2-րդ մեծ կասկածը՝ ինչո՞ւ էին մեզ ասում, որ դրական շեմը չենք հաղթահարել․․․ այդ 7-8 հոգանոց հանձնաժողովում չկա՞ր մի մարդ, որ տեսներ՝ մեր դասագիրքը հաղթահարել է այդ շեմը, եւ ո՞նց են արձանագրությունում գրում, որ մեր դասագիրքը չի հաղթահարել դրական շեմը։ Մենք հիմքեր ունենք կասկածելու, որ սա միտումնավոր է արվել, որպեսզի մենք հույսներս կտրենք ու մտածենք, որ այնքան վատ գիրք ենք գրել, որ անգամ դրական շեմը չենք հաղթահարել»։
Մի նուրբ հանգամանք եւս․ համաձայն կանոնակարգի՝ նախարարությունը միայն երկու գրքի տպագրություն է ֆինանսավորում, բայց եթե կան գրքեր, որոնք եւս հաղթահարում են դրական շեմը, ապա նախարարությունը դրանք կարող է երաշխավորել որպես լրացուցիչ ուսումնաօժանդակ գրականություն, բայց այս դեպքում հեղինակներն ու հրատարակչությունները դրանք պետք է իրենց հաշվին տպագրեն։

Ցանկացած մրցույթ, ըստ Խաչատրյանի, պետք է ունենա բողոքարկման համակարգ, բայց․ «Այստեղ էլ անհասկանալի ու ոչ հստակ բաներ են գրված, օրինակ, որ կարող են ընդունել կրկնակի փորձաքննության, ստացվում է՝ կուզենք, կվերցնենք, կուզենք, չենք վերցնի։ Մենք դիմեցինք բողոքարկման, խնդրեցինք անցկացնել նոր, լրացուցիչ փորձաքննություն, բայց մեզ պատասխանեցին շատ տարօրինակ ձեւով․ հանձնաժողովը սխալ գնահատում է արել, նոր հանձնաժողով է ստեղծվել, եւ դրա արդյունքում դուք չեք անցել։ Բայց այդ ո՞նց եղավ, որ «Գրականություն» առարկայի դասագրքի բողոքարկումն ընդունեցիք, իսկ Հասարակագիտության բողոքարկումը չեք ընդունում»։ Խաչատրյանն ընդգծում է՝ 2 օր շարունակ զանգահարել է ԿԳՄՍ նախարարություն՝ նամակում ֆիքսված քաղաքային հեռախոսահամարով, բայց… անարձագանք։

«Խնդրում ենք մեր բողոքարկումը կա՛մ ընդունել, կա՛մ մերժել, բայց դա էլ չեն անում։ Հետո՝ փոխեք ձեր սխալ արձանագրությունը, որ իբրեւ թե մեր դասագիրքը շեմը չի հաղթահարել, մինչեւ հիմա այդ սխալ արձանագրությունը ԿԳՄՍՆ կայքում կա, թեեւ 10 օր է արդեն անցել, եւ մեզ ասել են, որ մենք դրական շեմը հաղթահարել ենք։ Ավելին՝ մենք ամսի 9-ին դիմել ենք, եւ առայսօր մեր 2-րդ նամակը տեղից չի շարժվում։ Ի՞նչ է ստացվում՝ քաղաքացիներին արհամարհո՞ւմ եք»։

Իրավիճակը պարզաբանելու համար Ս․ Խաչատրյանն անձնապես խնդրել է Ա․ Սվաջյանին՝ իրեն ընդունել․ «Ես փաստեր կդնեմ Ձեր սեղանին, թե ինչու է մեր դասագիրքը լավը, բայց սրան էլ արձագանք չկա։ Սովորաբար ինչ են ասում՝ որ մենք հասարակագետ չենք, դա մասնագիտական հանձնաժողովն է որոշում, մենք իրավունք չունենք խառնվելու, այսինքն՝ լրիվ մանիպուլյացիա է արվում։ Այո, դուք մասնագետ չեք, բայց մասնագետն ասում է՝ ես փաստեր ունեմ եւ ուզում եմ դրանք ձեր սեղանին դնել, ինչո՞ւ չեք ուզում ինձ լսել»։         

Դասագրքերի շրջանառու հիմնադրամի կայքում արդեն տեղադրված են ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված մյուս 2 հաղթող դասագրքերը, որպեսզի ուսուցիչներն ընտրեն, կարծիքներ գրեն․ «Որպես քաղաքացի՝ որոշեցինք ծանոթանալ այդ գրքերին, հնարավոր է՝ մեր դասագիրքը շատ վատն է, եւ դրա համար չենք անցել։ Ասեմ, որ մեր մրցակից ընկերությունների հեղինակների հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, հարգում եմ նրանց, բայց խնդիրն այն է, որ այդ դասագրքի ընտրությունը, որի գլուխներից մեկը մարդու իրավունքներն են, մյուսն արդարությունն է, արվում է անարդար ձեւով, եւ խախտվում են մեր իրավունքները։ Դուք ո՞նց եք անարդար մրցույթով հաղթած դասագրքով արդարություն սովորեցնելու»։

Հանձնաժողովի անդամների անունները ԿԳՄՍՆ-ն գաղտնի է պահում, բայց, ինչպես նկատում է Ս․ Խաչատրյանը, ինքը սրտանց կուզեր 2-րդ հանձնաժողովի անդամների հետ հանդիպել, որովհետեւ․ «Հաղթող դասագրքերում, հատկապես դրանցից մեկում, որը նախարարությունը երաշխավորել է, այնպիսի սխալներ կան, որ եթե այդպիսի սխալներով տպվի, մեծ աղմուկ կարող է լինել»։

Նա մի շարք խնդիրներ է մատնանշում հաղթած դասագրքերում․ «Սկսեմ ուսուցիչների ձեռնարկներից կամ, այսպես ասած, մեթոդական ուղեցույցից։ Ձեռնարկներից մեկն ընդհանրապես բովանդակություն չունի։ Մարդը որ գիրքը վերցնում է, առաջինը բովանդակությանն է, չէ՞, նայում՝ ինչ գլուխներ ու ենթագլուխներ ունի, որը որ էջում է։ Դա ընդհանրապես չկա։ Հիմա ես հարց ունեմ հանձնաժողովին՝ հարգելի հանձնաժողով, այդ ձեռնարկը որ դուք կարդացել եք, չե՞ք տեսել, որ բովանդակություն չունի։ Եթե իմ ուսանողն առանց բովանդակության դիպլոմային աշխատանք ինձ բերի, ես դա հետ կտամ։ Բայց այդ մարդիկ վերցրել են, հաղթող են ճանաչել, եւ ԿԳՄՍ նախարարն էլ երաշխավորել է դրանք։ Պատկերացնո՞ւմ եք՝ կրթության, գիտության համար պատասխանատու նախարարությունը երաշխավորում եւ իր կառույցի պաշտոնական կայքում, որպես հաղթող գիրք, դնում է բովանդակություն չունեցող դասագիրք։ Մյուս ձեռնարկում բովանդակություն կա, բայց այդ ձեռնարկի բովանդակությունն էլ էջեր, ենթագլուխներ չունի, ձեռնարկը համարակալված չէ։ Ի տարբերություն այս հաղթած ձեռնարկների, մեր պարտված ձեռնարկն ունեցել է նորմալ բովանդակություն, գլուխներ, ենթագլուխներ, բոլորը՝ համարակալված։ Մեր ձեռնարկն ավելի ծավալուն է, քան հաղթածը, ուսուցիչներին ցուցումներ ենք տալիս եւ այլն»։

Ինչո՞վ է այս ամենը բացատրում, արդյո՞ք դա պայմանավորված է իր մասնագիտական, քաղաքացիական դիրքորոշմամբ, քանի որ մշտապես քննադատել է ԿԳՄՍՆ-ի վարած քաղաքականությունը, բարձրաձայնել խնդիրներն ու բացերը։ «Հնարավոր է, որովհետեւ ինձ տեղեկություններ են հասնում, որ ինձ չեն ընդունում… այսինքն, մարդիկ մտածում են՝ եթե մեզ քննադատում է, ուրեմն իրեն չպիտի սիրենք եւ պետք է խանգարենք։ Այդ իմաստով ինձ համար սա սպասելի էր, բայց ես ցավում եմ, որ իմ քննադատությունն իրենք այդպես անձնական են ընկալում, որովհետեւ, եթե նայեք իմ բոլոր հարցազրույցները, ես երբեւէ ո՛չ նախարարին, ո՛չ փոխնախարարներին, ո՛չ ԱԺ ԿԳՄՍ հանձնաժողովի ղեկավարներին անձնական վիրավորական բաներ չեմ ասել՝ իրենց մասնագիտական թերացումների հետ կապված։ Իմ մասնագիտական քննադատություններով ես միայն օգնում եմ, ընդ որում՝ ո՛չ պաշտոն եմ ուզում նախարարությունից, ո՛չ էլ ուրիշ բան։ Ինձ ժամանակին առաջարկել են, բայց ես մերժել եմ, որովհետեւ սիրում եմ ազատ եւ անկախ լինել։ Ես որեւէ քաղաքական կուսակցության չեմ ծառայում, ոչ մեկի պատվերը չեմ անում, ես ամեն օր հսկայական ջանք եմ դնում, որ մնամ ինքնուրույն, ազատ, եւ իմ քննադատությունն էլ լինի մասնագիտական։ Ժողովուրդ ջան, եկեք իրար հետ աշխատենք, ոչ թե խրամատավորվենք, եթե ես ձեզ քննադատում եմ՝ ձեր թշնամին չեմ, ավելին՝ վաղը որ ձեր պաշտոնները կորցնեք, կարող է ես կանգնեմ ձեր կողքին, ոչ թե այսօր ձեզ հաճոյացողները»,- խոսքն ամփոփում է Սերոբ Խաչատրյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image