Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած երկօրյա պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի պաշտոնակցի՝ Իրակլի Ղարաբաշվիլու ու նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ հանդիպումներում նախանշված են հայ-վրացական բանակցություններ՝ բարձր մակարդակում։ Պաշտոնական լրահոսից՝ առայժմ՝ այսքանը։
Եթե հիշում ենք, այս այցի մասին Նիկոլ Փաշինյանը հայտնեց կառավարության 2021-2026 թթ․ ծրագիրը ներկայացնելիս։ Իսկ ծրագրում ահա այսպիսի մի պարբերություն կա․
«Տարածաշրջանում երկարատեւ խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են սահմանակից երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը եւ/կամ զարգացումը։ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ սահմանազատումը եւ սահմանագծումն էական նշանակություն կունենա տարածաշրջանային կայուն միջավայրի ձեւավորման համար»։
Մեկ այլ պարբերություն.
«Ըստ էության, մենք սահմանների ճշգրտման օրակարգ ունենք միայն նախկին Խորհրդային Միության մաս կազմած մեր հարեւանների հետ, քանզի Իրանի եւ Թուրքիայի հետ մեր սահմանների հարցը Խորհրդային Միության ժամանակ է լուծվել»։
Վրաց վերլուծաբան Գելա Վասաձեն կարծում է, որ բանակցությունների առանցքում հնավոր է՝ լինեն նաև Վրաստանի հետ սահմազատման խնդիրներին վերաբերող քննարկումներ։ «Տեսեք, մենք միայն Թուրքիայի հետ սահմանազատված սահմաններ ունենք, մենք որևէ այլ երկրի հետ սահմանագծված սահմաններ չունենք։ Հասկանալի պատճառներով, թե ինչու չունենք Ռուսաստանի հետ, բայց չունենք նաև Հայաստանի ու Ադրբեջանի հետ։ Եվ շատ կարևոր է, որ այս աշխատանքները հիմք և մոդել կարող են հանդիսանալ Հայաստանի ու Ադրբեջանի համար շատ ավելի կարևոր սահմանագծման աշխատանքների համար։ Որպես աշխատող և որոշակի մոդել»,-ասաց վրաց քաղաքագետը։
Ըստ նրա՝ հիմա պահը հարմար է, նախ, որովհետև, նրա խոսքով, արտաքին գերատեսչական մարմինների համար առավել հեշտ է աշխատել լարվածության բացակայության պայմաններում և «մետր առ մետր լուծել խնդիրներ»։
Վասաձեն մեջբերումներ արեց Նիկոլ Փաշինյանի վաղ հեղափոխական մտքերից, որ Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը (ինչպես նաև կառավարության 2021-2026 թթ․ ծրագրից) գերակայություն է։ Ասաց՝ չի էլ կարող գերակա չլինել, քանի որ մենք անմիջական հարևաններ ենք։ Ինչ վերաբերում է օրակարգի կոնկրետ հարցերին, ապա Գելա Վասաձեի կարծիքով՝ անպայման կքննարկվեն տնտեսական-լոգիստիկ խնդիրներ և ինչպես նավահանգստային հնարավորությունների ավելացման, այնպես էլ Վերին Լարսից Վրաստանը ՌԴ-ին միացնող նոր հաղորդակցության ուղու կառուցման մասին։
«Եվ այդ շինարարության գաղափարը աջակցություն է գտել խոշոր խաղացողների կողմից, ինչպիսիք են Եվրոպական միությունն ու Չինաստանը»։
Նաև վրաց քաղաքագետը կարծում է, որ վերադարձի փորձ կլինի այն դրական ձևաչափին, երբ Վրաստան-ԱՄՆ սերտ կոնտակտների արդյունքում Հայաստան վերադարձվեցին Բաքվի բանտում պահվող 15 հայ գերիներ։ «Վրաստանն ու ԱՄՆ-ը համատեղ աշխատեցին․ բայց դրանից հետո ՌԴ-ն իր ձեռքն առավ դրա մենաշնորհը»,-նկատեց վրաց քաղաքագետը։