Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ բաժնետոմսերի` իրեն որպես նվիրատվություն հանձնված քանակը հավատարմագրային կառավարման հանձնել Պետական հետաքրքրությունների ֆոնդին` ԱՆԻՖ-ին:
Խոսքը 188 հազար 947 հատ հասարակ բաժնետոմսի մասին է, որը կոմբինատի ընդհանուր բաժնետոմսերի մեջ կազմում է 6.875 տոկոս:
Նախագիծը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2021թ. սեպտեմբերի 30-ին ստացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերից 15 տոկոս` որպես նվիրատվություն, որի վերաբերյալ որոշումն իրենք ընդունել էին գաղտնի կերպով: Փաշինյանի խոսքով` այն ժամանակ իրենք այդ բաժնետոմսերի կառավարումը հանձնել էին ԱՆԻՖ-ին, իսկ 2022 թ. մարտի 24-ին կառավարությունը որպես նվիրատվություն ստացել է բաժնետոմսերի ևս 6.8 տոկոսը: Ըստ այդմ, կառավարությունն այսօր տնօրինում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի շուրջ 22 տոկոսը: