Քաղաքականություն

«Հրապարակ». Փաստաբաններն անցնում են կտրուկ պահանջների

«Հրապարակ». Փաստաբաններն անցնում են կտրուկ պահանջների

Փաստաբանական համայնքը կտրուկ քայլերի է անցել։ Այսօր փաստաբանները միանգամից 2 բողոքի ակցիա են իրականացնելու` 2 տարբեր պաշտոնյաների հրաժարականի պահանջով։ Փաստաբանների պալատը, ոստիկանությունում ծեծի ենթարկված փաստաբանների գործով որեւէ առաջխաղացում եւ իշխանությունների կողմից մեղավորներին հայտնաբերելու փորձ չտեսնելով, բողոքի ակցիայով պահանջելու է ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը։ Նույն օրը բողոքի ակցիա է տեղի ունենալու նաեւ Բարձրագույն դատական խորհրդի դիմաց՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականի պահանջով։ Ակցիայի նախաձեռնողը փաստաբան Հարություն Հարությունյանն է։ Հարությունյանը ներկայացրեց, թե որն է այդ պահանջի հիմքը։

«ԲԴԽ նախագահի հրաժարականի պահանջն առավելապես պայմանավորված է այն հանգամանքով, որ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի գործով փաստաբանները փորձել են մուտք գործել նիստերի դահլիճ, սակայն ակնհայտ կեղծ տեղեկություն է տրամադրվել իրենց, որ նիստն ավարտված է, իսկ Դ. Հարությունյանի գործի վերաբերյալ ձայնագրության հրապարակային դառնալուց հետո պարզ է դարձել, որ Կարեն Անդրեասյանին կարգադրիչը զեկուցում է, որ փաստաբաններ են եկել, ինքն ասում է՝ դռները փակեք, ասեք, որ վերեւ բարձրանալու կարիք չկա, եւ այլն։ Հետո էլ գործի քննության ժամանակ ասում է՝ «ափսոսում եմ, որ չեն եկել, ցավում եմ, կուզենայինք հարցեր ուղղել փաստաբաններին» եւ այլն։ Դա ուղղակիորեն առնչվում է մեր համայնքի իրավունքներին, որովհետեւ հիմա մենք, գիտեք, ոստիկանության դեմ ենք պայքար տանում, ասում ենք՝ մեզ ոստիկանություն չեն թողնում, մտնելուց հետո ուժ են կիառում եւ այլն, բայց այդ խախտումները նաեւ ԲԴԽ-ում են տեղի ունենում, այդքանով դա վերաբերում է նաեւ փաստաբանների իրավունքներին։ Նաեւ՝ անկեղծ լինելու համար պետք է ընդգծել, որ թիրախավորված են հենց այն դատավորները, որոնք իրավաբանական հանրության մոտ ամենաբարձր հեղինակությունն են վայելում, եւ եթե նույնիսկ այդ դատավորներին են զրկում պաշտպանի իրավունքից, ապա մենք պատկերացնում ենք, թե մյուսների մասով ինչ կանեն։ Դավիթ Հարությունյանի՝ իր նախընտրած փաստաբանների միջոցով պաշտպանվելու հնարավորությունից զրկել է հենց Կարեն Անդրեասյանը, որովհետեւ ձայնագրության մեջ հենց իր ձայնն է՝ ԲԴԽ անդամներից մեկի հետ քննարկելիս, հետեւաբար՝ մեր անմիջական թիրախը հրաժարականի պահանջով Անդրեասյանն է, որովհետեւ նրա ազդեցությունը չափից ավելի մեծ է ԲԴԽ-ում, եւ իր` ԲԴԽ-ից մեկուսացումն արդեն իսկ որոշակի երաշխիքներ կարող է ապահովել դատավորների համար»,- ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ բազմաթիվ դատավորներ են դիմել, իրենց զորակցությունն են հայտնել գործընկերներին, ցանկացել են մասնակցել բողոքի ակցիային․ «Ես հրապարակային խնդրել եմ բոլոր դատավորներին, որ անձամբ ներկա չգտնվեն մեր վաղվա ակցիային, որպեսզի թիրախ չդառնան։ Ես կոչով դիմում եմ բոլոր փաստաբաններին՝ խնդրելով վաղը հնարավորինս մարդաշատ ակցիա կազմակերպել մեզ հետ միասին, որպեսզի որոշակի ազդեցություն եւ հետեւանքներ լինեն։ Ինքներս մեր կողմից որոշակի պահանջներ ենք ներկայացնելու ԲԴԽ նախագահին եւ անդամներին, նաեւ ակնկալում ենք, որ դատավորների համայնքն իրենց բարձրագույն մարմնում՝ Ընդհանուր ժողովում, կփորձեն իրենց իրավունքները պաշտպանել»։

Մենք զրուցել ենք նաեւ այլ փաստաբանների հետ՝ հասկանալու համար, թե ինչ դիրքորոշում ունեն Կարեն Անդրեասյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ։ Փաստաբան Մարտուն Փանոսյանը մեզ ասաց, որ ե՛ւ Պալատի հայտարարած գործադուլին է մասնակցելու, ե՛ւ Անդրեասյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիային․ «Կարծում եմ՝ պահանջն արդարացի է, եւ համամիտ եմ կազմակերպիչների առաջ քաշած մտքերի հետ»։

Փաստաբան Ծովինար Կարապետյանը եւս նշեց, որ մասնակցելու է ԲԴԽ նախագահի դեմ բողոքի ակցիային․ «Միացել եմ Կարեն Անդրեասյանի հրաժարականի պահանջին, քանի որ, նախ, խախտվել են իմ գործընկերների իրավունքները, նրանց թույլ չի տրվել իրականացնել իրենց մասնագիտական պարտականությունները, ներկայացնել վստահորդի շահերը, դրանով իսկ կոպտորեն խախտվել է նաեւ դատավորի` իր կողմից ընտրված փաստաբանների միջոցով պաշտպանվելու իրավունքը։ Եվ քանի որ չեմ ցանկանում նման վիճակում տեսնել դատական համակարգը, ուստի ինձ այլ բան չի մնում, քան դատապարտել Անդրեասյանի գործելակերպը, իսկ գործընկերներիս կոչ եմ անում՝ միանալ այս պահանջին»։

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ ասաց, որ գործադուլին մասնակցելու է, սակայն Կարեն Անդրեասյանի հրաժարականի պահանջին չի մասնակցելու․ «Ես կարծում եմ, որ Կարեն Անդրեասյանի կամ Նիկոլ Փաշինյանի որեւէ այլ «աշխատողի» հրաժարականը պահանջելն անիմաստ զբաղմունք է։ Կարելի է պահանջել, որ ինքը պատասխանատվության ենթարկվի գործածների համար, իսկ դա այս իշխանության դեպքում անհնար բան է։ Կամ՝ Անդրեասյանի հրաժարականն արդյո՞ք կերաշխավորի, որ Նիկոլ Փաշինյանի հաջորդ ընտրյալը նույն արարքները չի կատարելու։ Այնպես որ, խնդիրն ավելի խորքային է ու միայն փաստաբանների պրոբլեմը չէ, ողջ հասարակության պրոբլեմն է, որը նստած է կառավարության շենքում, վարչապետի աշխատասենյակում։ Իսկ գործադուլին, ինչպեսեւ նախկինում հայտարարված գործադուլին, միանում եմ, քանի որ անընդունելի եմ համարում փաստաբանների նկատմամբ ոտնձգություններն ու անպատժելիությունը»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image