Մինչ Հայաստանում ընդդիմությունը զբաղված է միմյանց հետ «հին ու նոր հաշիվներ պարզելով», «ռազբորկաներով», «քավության նոխազներ» փնտրելով, «իրական Հայաստանի», «չորրորդ հանրապետության», «խաղաղության խաչմերուկի», «Եկեղեցին ազատագրելու» եւ այլ ցնդաբանությունների «սցենարիստ» Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն լծվել է 2026-ի խորհրդարանական ընտրությունների գործին:
Մեծ հաշվով, այս մեծ ֆիլմի հերոսներն իրենց դերակատարումներով ձգտում են հասնել նույն ֆինիշին՝ խորհրդարանական ընտրություններին՝ անկախ նրանց ընտրած մարտավարությունից եւ ռազմավարությունից: Փաշինյանի ռազմավարությունն ակնհայտ է՝ ընդդիմախոսների նկատմամբ լայնածավալ ու բազմահասցե բռնաճնշումներ, քաղաքական հետապնդումներ, քաղաքական խոշոր խաղացողների՝ որպես հնարավոր մրցակիցների կալանավորում, ինչպես օրերս եղավ Գյումրու դեպքում, հակաեկեղեցական ակնհայտ «արշավ», սեփական ժողովրդի դեմ հայտարարած «քաղաքական պատերազմ» եւ նույնիսկ «ճերմակ ցեղասպանություն»:
Թվում է՝ չափազանցված է, բայց, ցավոք՝ ոչ, փաստերն առավել քան զորեղ են ու ակնառու: Բռնաճնշումների եւ քաղաքական հետապնդումների մասին խոսելն իսկապես ավելորդ է. փաշինյանական ռեժիմի ռեպրեսիվ ապարատի «մսաղացի» տակ հավասարապես ընկել են թե՛ քաղաքական գործիչները, թե՛ սրբազաններն ու հոգեւոր հայրերը, թե՛ փաստաբանները եւ թե՛ շարքային քաղաքացիներ, որոնք հանդգնել են երկրորդ կարծիք ասել, ընդդիմանալ, քննադատել: Արձանագրենք՝ Նիկոլ Փաշինյանը հաստատել է ավտորիտար համակարգ եւ բարքեր, որտեղ այլակարծությունն ու այլախոհությունը դատապարտված են՝ արգելված, եւ համարվում են իշխանազավթման դրսեւորում:
Ինչ վերաբերում է ժողովրդի դեմ «ճերմակ ցեղասպանությանը», ապա այս վտանգավոր ու ամենեւին էլ ոչ չափազանցված ձեւակերպում-երեւույթի դրսեւորումներն արդեն իսկ առկա են իշխող վարչախմբի կողմից ժողովրդի տարբեր շերտերին բռնի ուժով լռեցնելու, հայոց ավանդական ու հարամնա արժեքների դեմ «ասպատակելու», մարդու հիմնական ազատությունները ոտնահարելու եւ այլ արգահատելի գործողություններում: Կառավարությունից հաստատել են, որ 2026 թ. մայիսին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցող պատվիրակությունների արարողակարգում ներառված չի լինելու Հայոց ցեղասպանության հուշամալիր այցը: Ոչ մի զարմանալի բան, միայն ցավալի փաստ ու դառն իրողություն: Այո՛, սա կարող է անել մի իշխանություն, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության եղելությունը, նախապատմությունը, պատմաքաղաքական հանգամանքները եւ այլն, ինչ կուզեք։ Իշխանություն, որն անամոթաբար հեգնում է, թե ով կարող է պնդել անուն-ազգանուններով, որ հենց 1,5 միլիոն հայ է ընկել արյունարբու թուրքի ձեռամբ, արտաքին քաղաքական օրակարգից հանում է Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը՝ այդպիսով պղծելով ոչ միայն մեր նախնյաց սուրբ հիշատակն ու նրանց սերունդների անդարման վերքերը, արդարացի հատուցման պահանջը, այլեւ վիրավորելով այն բազմաթիվ առաջադեմ երկրների, գործիչների, կառույցների ջանքերն ու սրտացավ վերաբերմունքը, որոնք այդ ուղղությամբ եղել են նախընթաց տարիներին:
Մինչդեռ, առավել քան վստահ եմ՝ հաջորդ գագաթնաժողովին, որը նախանշված է Բաքվում, պատվիրակությունների օրակարգում ներառված կլինի այցելություն ղարաբաղյան պատերազմների ժամանակ զոհված շեհիդների պուրակ: Եվ գուցե ՀՀ ղեկավարն էլ (եթե դա Փաշինյանը լինի կամ նրա թիմից որեւէ մեկը) մասնակցի այդ այցելությանը եւ ծաղիկներ խոնարհի հայ մորթած ազերիների գերեզմաններին։
Փաշինյանը շարունակում է քայլել բոլորիս անցյալի եւ ներկայի, հիշողության եւ ներկա զգացմունքների, նախնյաց հիշատակի ու մեզ հասած սուրբ ժառանգության վրայով, նա իր «սեւ գործը» հաստա՛տ կանի՝ խաղաղության՝ իր պատկերացրած «ճերմակ աղավնին» ձեռքերում: Կանի, եթե մենք մնանք այս տրագիկոմեդիայի սոսկ հանդիսատեսի դերում...