Քաղաքականություն

Մեր բարձրացրած աղմուկից հետո փոխքաղաքապետը հանդիպել է բնակիչների հետ

Մեր բարձրացրած աղմուկից հետո փոխքաղաքապետը հանդիպել է բնակիչների հետ

«Հրապարակ»-ի գրած նյութերից եւ բարձրացված աղմուկից հետո Գեւորգ Էմին 8 հասցեի նորակառույց շենքի բնակիչներն օրերս հանդիպում են ունեցել Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, սակայն իրենց հուզող հարցերի պատասխանը չեն ստացել։ Մենք գրել էինք, որ Գեւորգ Էմին 8 հասցեի նորակառույց շենքի բնակիչները կանգնած են աղետի առաջ։ Նոր շենքի պատերի վրա ճաքեր են առաջացել, որովհետեւ անմիջական հարեւանությամբ նոր բազմահարկ է կառուցվում` շատ նեղ տարածքում։ Ըստ բնակիչների՝  քաղաքապետարանն ապօրինի շինթույլտվություն է տվել 10 հարկանի շենքի կառուցման համար, որը վտանգում է իրենց շենքի սեյսմակայունությունը, բնակարաններ կան, որոնց պատերին մեծ ճաքեր են առաջացել։ Շենքի բնակիչները հանգիստ չունեն: 
«Նուրազյան Քնսթրաքշն» ընկերությունն է Անտառային 158 եւ 120 հասցեներում 10 հարկանի շենք կառուցում՝ Գեւորգ Էմին 8 շենքի անվտանգության հաշվին։ Քարը քարին չի մնա, եթե «կովշը» շարունակ քերի նորակառույց շենքի հիմքը՝ ասում են բնակիչները։ «Հրապարակ»-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթից երեւում է, որ ընկերությունը շինթույլտվությունը ստացել է Երեւանի գլխավոր հատակագծի հաստատվելուց առնվազն մեկ ամիս անց։

Կառուցապատողը, դեռ շինթույլտվությունը չստացած, դեռ շենքի հիմքը չգցած, արդեն բնակարանների վաճառք է իրականացրել՝ վստահ լինելով, որ խնդիր չի ունենալու քաղաքապետարանի հետ։ Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի ԺՊ Ալիկ Վարդազարյանը մեզ հետ զրույցում պնդում է՝ 9 հարկանի շենքի թույլտվություն են տվել, եւ կարծում է, թե գովազդային էջն է շփոթվել, երբ ինֆորմացիոն բաժնում հարկայնությունը գրվել է 10։ Պաշտոնյան այնքան կոմպետենտ չէր, որ մեզ խնդրում էր օգնել՝ համացանցում գտնել ընկերության՝ տների վաճառք իրականացնող էջը։ Նա ընդունում է, որ շեղում կա, սակայն որեւէ բան անել չի կարող, ասում է՝ իր գործառույթը չէ։ Մենք տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչությունն է տեղազննությունն իրականացրել, թե ինչ է արձանագրել, Վարդազարյանն ասաց, որ տեղեկություն չունի։ 

Անցած շաբաթ Գեւորգ Էմին 8 հասցեի բնակիչները բողոքի ակցիայի շնորհիվ կարողացան կանգնեցնել շինաշխատանքները, որի պատճառով իրենց շենքը խարխլվել է։ Սակայն երկուշաբթի օրվանից կառուցապատողը կրկին անցել է գործի, ծանր տեխնիկան շարունակում է քանդել նորակառույց շենքի հիմքերը։ «Մենք պահանջում ենք, որ այս ընկերությանը տրված շինթույլտվության վերաբերյալ թղթերը քաղաքապետարանը մեզ տա, որ կարողանանք մտնել դատարան։ Լավ իմանալով, որ առանց շինթույլտվության փաստաթղթի չենք կարող դատարան մտնել, քաղաքապետարանը ձգձգում է։ Ես չեմ հասկանում՝ մեր պետությունը քաղաքացուն ինչի ա էս օրը գցում։ Ամբողջ կյանքներս աշխատել ենք, որ էս տունն առնենք, հիմա ձեռքներիցս գնում է»,- ասաց բնակիչներից մեկը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image