Հասարակություն

Այդ ելույթը լսելուց եվրոպացիները, հավանաբար, զարմացել են, թուրքերն ու ադրբեջանցիները՝ ժպտացել

Այդ ելույթը լսելուց եվրոպացիները, հավանաբար, զարմացել են, թուրքերն ու ադրբեջանցիները՝ ժպտացել

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Արուսյակ Ջուլհակյանը  ԵԽԽՎ-ի լիագումար նստաշրջանում «Անվտանգության նոր մարտահրավերները Եվրոպայում, Եվրոպայի խորհրդի դերը» թեմայով քննարկման ընթացքում հիմնվելով տարբեր հակամարտությունների և հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերլուծության վրա, ներկայացրել է իր եզրակացությունն այն մասին, որ համաշխարհային անվտանգության եւ խաղաղության բանալին ժողովրդավարությունն է։ Թեմայի շուրջ մեկնաբանություն ենք ստացել ԲՀԿ քաղխորհրդի անդամ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանից։

«Այն ինչը հնչեցվեց ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում հայկական ներկայացուցիչ՝ Արուսյակ Ջուլհակյանի կողմից, իրականում ապացուցեց 2 հիմնական թեզ՝ իշխանական թևի տեսլականը լիովին կտրված է իրականությունից, և այն իլյուզիաները, որով ողողված էր իր ելույթը՝ խոսքը ժողովրդավարության մասին էր, ինձ թվում է, որ այդ մարդիկ կամ չեն հասկանում՝ ինչ են խոսում և որտեղ են, կամ վերցրել են որոշակի ուղի և աչքերը փակ պարզապես հրաժարվում են առերեսվել իրականության հետ։ Ժողովրդավարությունը՝ ինքը որոշակի գործիք է, որը ձևավորվում է առաջին հերթին պետական ազգային և անվտանգային համակարգերի ընդհանուր գումարածի մեջ։ Այլ կերպ՝ ժողովրդավարությունը չի կարա հանդիսանա որպես երաշխիք, դա սուտ է։ Ընդ որում, ցավով եմ ասում, բայց ենթադրում եմ այս ելույթը լսելուց նույն եվրոպացիները, հնարավոր է, զարմացել են, իսկ թուրքերն ու ադրբեջանցիները ժպտացել են։ Ինչի՞ համար, երբ որ քաղաքական համակարգը կտրված է իրականությունից, իսկ իրականությունը հետևյալն է՝ ընդհանրապես չեն աշխատում ոչ մի միջազգային իրավական նորմեր, չի աշխատում ոչ մի բան, խոսքը գնում է միջազգային հարաբերությունների կամ միջազգային գործընթացների շուրջ։ Աշխատում է միայն ու միայն ուժի գործոնը»,-ասաց վերլուծաբանը։

Վերջինիս  մտահոգում է հնչեցված այն արտահայտությունը,՝ թե ազգային տեսլակաները իբր թե սխալ են։

«Սա աբսուրդ է, և ցավով պետք է արձանագրեմ, որ իլյուզոր ընդհանրապես կտրված  է ամեն ինչից։ Յուրաքանչյուր պետության հիմքում ոչ թե ժողովրդավարությունն է, այլ ժողովրդի և պետության պատրաստակամությունը՝ պաշտպանել և պաշտպանվել։ Մարդիկ, ովքեր փորձում են նսեմացնել ազգային գործոնի կարևորությունը՝ պետական անվտանգության կամ ժողովրդի անվտանգության գործոնի մեջ կամ այդ մարդիկ չեն հասկանում՝ ինչ են խոսում, կամ իլյուզոր երազանքների մեջ են։ Բա, էդ ինչո՞ւ ժողովրդավար պետությունները գեթ 1 փոքր սանկցիա չմտցրեցին թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակի դեմ, երբ որ վերջիններս ոչնչացնում էին Արցախի ժողովրդավար հանրապետությունը, որը բոլոր չափանիշներով տասնապատիկ գերազանցում էր՝ թե ինստիտուտների գործունեությամբ, թե մամուլի ազատությամբ, թե բոլոր չափանիշներով ավտորիտար Ադրբեջանին և ֆաշիստական Թուրքիային։ էդ ո՞նց տենց ստացվեց։ Իրականում Արցախի ժողովրդավարությունը՝  բոլոր տարիներին, միջազգային ու եվրոպական կառույցները գնահատել են  շատ բարձր՝ նվազագույնը մի քանի անգամ բարձր, քան Ադրբեջանինը։ Ո՞նց տենց ստացվեց, այդ  հարցի պատասխանը չունե՞ն։ Իսկ երբ, որ փորձում են զրկել մարդկանց ազգային տեսլականից՝ պնդելով, որ ազգային տեսլականն է հանդիսանում հիմնական խնդիրը՝ անվտանգության, դա հավասարազոր է նրան, որ ասես՝ մարդու հիմնական առողջական խնդիրը դա թթվածնի պալասից է։ Այսինքն, այնքան հիմար և աբսուրդային են այդ պնդումները, որ  նույնիսկ մեկնաբանելու կարիք չկա»,-ասաց Արման Աբովյանը։

Քաղաքագետը ընդգծում է, որ այդ հայտարարության մեջ ոչ միայն մենք, այլ նաև եվրոպացիները, և շատ ավելի վատ՝ թուրքերն ու  ադրբեջանցիները, տեսան, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող քաղաքական ուժը ադեկվատ չի և ոչ ադեկվատ է գնահատում ռիսկերը, դրա հետևանքները և ընդհանրապես ոչ ադեկվատ է գնահատում իրավիճակը։

«Չգիտեմ, թե այդ հայտարարությունը ինչ նպատակ էր հետապնդում։ Ըստ երևույթին իշխանական թևը փորձում է «ժողովրդավարություն» խոսքը առավոտից իրիկուն բղավելով՝ մեսիջներ տա միջազգային հանրությանը կամ եվրոպացիներին՝ տեսեք իբր ժողովրդավար պետությունը ժողովրդավարության նորմաների մեջ պետք է լուծվի։ Ես չեմ հասկանում՝ իրենք չե՞ն հասկանում՝ որտեղ են և ինչ են խոսում։ Ինչո՞ւ եք ստիպում, որ ձեր վրա՝ միջազգային հանրությունը ներկայացնող գործիչները կամ պետությունները ուղղակի նայեն և նվազագույնը չհասկանան, թե ձեր ուզածն  ինչն է։ Ձեր ուզածը ի՞նչ է՝ ժողովրդավարությունը, թե ժողովրդի անվտանգությունը։ ՛Իսկ, եթե ինչ-որ մեկը փորձի պնդել, որ միայն ու միայն ժողովրդավարությունն է հանդիսանում պետության անվտանգությունը, ապա՝ խորհուրդ եմ տալիս միջազգային լրահոսին ծանոթանալ, գոնե այսօրվա։ Որքանով փրկեց այդ «ժողովրդավարությունը», երբ որ ռմբակոծում էին Ստեփակերտի ծննդատունը, ֆոսֆոր էին օգտագործում խաղաղ բնակչության վրա»,- ասաց վերլուծաբանը:

Վերջինս ընդգծում է՝ այն խաղաղության կոնցեպտը, որով առաջնորդվում է այս իշխանությունը, լիովին համապատասխանում է թուրք-ադրբեջանական ոհմակի շահերին և  դա նույնիսկ արդեն հերքելի չի։ Ինչու՞, որովհետև թուրքերն ու ադրբեջանցիներն ասում են հետևյալը՝ միակ գործոնը ուժի գործոնն է։

Արման Աբովյանը նկատում է․ «Ցավով պետք է արձանագրենք, որ այսօր միջազգային աշխարհաքաղաքական իրավիճակը լրիվ տրանսֆորմացվում է։ Եվ այո՝ թե Արցախի Հանրապետության, և թե ՀՀ անվտանգության միակ երաշխիքը՝ լիարժեք անկախությունն է և պատրաստակամությունը՝ պայքարել այդ անկախության համար բոլոր հնարավոր և անհնարին մեթոդներով։ Մնացածը սին, սուտ, շինծու գաղափարներ են, որոնց շնորհիվ մենք, ցավով եմ արձանագրում, գլորվում ենք  դեպի արհավիրք։ Այսինքն, խաղաղության դարաշրջանը այն տեսլականով, և այն թեզերով, որ հնչեցվեցին, մոտեցնում են շատ վատ զարգացումներ Հայաստանի համար»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image