Քաղաքականություն

Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպումից առաջ եւ հետո

Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպումից առաջ եւ հետո

Նիկոլ Փաշինյանի եւս մեկ փառահեղ մտահղացում մտավ գերեզման, կարելի է ասել՝ դեռ չծնված:

Հուլիսի 16-ի իր ասուլիսի ժամանակ Փաշինյանը հիմնավորում էր, թե որքան արդյունավետ են Հայաստանի տարածքը վարձակալության հանձնելը եւ այդտեղով անցնող ենթակառուցվածքների կառավարման արտապատվիրակումը, որ Հայաստանի երկաթուղու կառավարումն են արտապատվիրակել, օդանավակայանինը, բայց դրանից Հայաստանի ինքնիշխանությունը չի տուժել: «Շատ քննարկվում է վարձակալության մասին, ներառյալ քննարկվում է հողի վարձակալության թեման. մեր օրենսդրությամբ դա կոչվում է կառուցապատման իրավունք, եւ այդ տրամաբանությամբ՝ այդ կառուցապատման իրավունքով տրված ներդրումները նաեւ որոշակի պայմաններում այդ պայմանագրի լրանալուց հետո շարունակում են մնալ կամ դառնում են ՀՀ սեփականությունը»․ իր ասուլիսում ահա այսպես էր հիմնավորում Հայաստանի տարածքը վարձակալության հանձնելու իր մտադրությունը: Հետո պետք է պարզվեր, որ Փաշինյանն այն խոստացել է 100 տարով վարձակալության հանձնել ամերիկացիներին: Նրան թվում էր, թե ինքը վերջապես գտել է լուծումը` ինչպես ազատվել Թուրքիայի եւ Ադրբեջանի ճնշումից, որոնք Սյունիքից միջանցք են ուզում. միջանցքի տարածքը վարձակալությամբ տալիս է ԱՄՆ-ին, իսկ Թուրքիային եւ Ադրբեջանին էլ ասում՝ գնացեք եւ բանակցեք ԱՄՆ-ի հետ, թե ինչ ռեժիմ է գործելու միջանցքում: 

Նախորդ օրը ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը հայտարարեց, որ այս ծրագիրը եւս մեռել է. «ԱՄՆ-ն ունեցել է ճանապարհի վարձակալման առաջարկ, որը չենք ընդունել․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ»: Այս հայտարարությունը հնչեց Փաշինյան-Միշուստին հանդիպումից ժամեր հետո: Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանություններն են Փաշինյանին հորդորել՝ չմտնել մի նախագծի տակ, որը կարող է կործանարար լինել Հայաստանի համար: Իսկ թե ինչ կապ ունի ինքնիշխանության զիջման վտանգը, Ռուսաստանի իշխանությունները ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի բերանով հայտարարում էին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ներքին հարցն է, թե ինչպիսի պայմանավորվածության իրենք կգան միջանցքի հարցում՝ այն վարձակալությամբ կտան ամերիկացիներին, թե որեւէ այլ երկրի, կամ ինչ իրավական ռեժիմ կգործի: Բայց դա՝ միայն հրապարակայնորեն: Պարզ է, որ Ռուսաստանի համար այդ միջանցքն ունի ռազմավարական նշանակություն. Մեղրիով է անցնում Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ցամաքային ճանապարհը: Իհարկե, կա նաեւ Ադրբեջանի միջոցով հաղորդակցություն, բայց, նախ, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները լարված են, եթե ոչ թշնամական, բացի դա՝ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ: Մեղրին ԵԱՏՄ-ի եւ Իրանի ցամաքային սահմանն է, իսկ Իրանը ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի ռեժիմ ունի: 

Ուշադրություն դարձրի՞ք, որ Ալթայում Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների հետ հանդիպումից հետո Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ Երեւանը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) աշխատանքը շարունակելու հարցում։ Ինչո՞ւ է առաջացել նման հավաստիացման անհրաժեշտություն, կամ՝ պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես է տեղի ունեցել այդ հաստատումը, ինչ խոսակցություն կարող է տեղի ունեցած լինել Միխայիլ Միշուստինի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Հնարավոր է, որ Միշուստինը շատ անմեղ հարցրել է. արդյոք Հայաստանը Սյունիքի իր տարածքի մի մասը վարձակալության հանձնելով ԱՄՆ-ին՝ մտադի՞ր է լքել ԵԱՏՄ-ն, որովհետեւ չի կարող երկրի տարածքի մի մասում մի մաքսային կամ այլ տնտեսական ռեժիմ գործել, իսկ մյուս մասում՝ մեկ այլ ռեժիմ, որ Ռուսաստանի համար դա անընդունելի կլինի: Փաշինյանն էլ միանգամից հայտարարել է, թե՝ ի՜նչ եք ասում, Հայաստանը չի պատրաստվում լքել ԵԱՏՄ տարածքը, որ եթե տարածքի մի մասն ԱՄՆ-ին կամ ամերիկյան որեւէ ընկերության վարձակալության հանձնելը կարող է պատճառ դառնալ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու համար, ապա Հայաստանը կհրաժարվի այդ մտադրությունից: Միշուստինն էլ ասել է, որ դա ինքնիշխանության կորուստ է՝ տարածքի մի մասի նկատմամբ եւ չի կարող իրենց համար ընդունելի լինել: Ահա թե ինչու կարող էր առաջանալ ԵԱՏՄ-ում մնալու Փաշինյանի հավաստիացման անհրաժեշտությունը, եւ որտեղ է թաքնված ինքնիշխանության զիջման վտանգը:

Միայն մի թիվ, որը կարող է ցույց տալ, թե ինչ տնտեսական աղետ կարող են առաջացնել Հայաստանի համար ԵԱՏՄ-ից դուրս գալը կամ Ռուսաստանի կողմից Հայաստանին տնտեսական պատերազմ հայտարարելը: Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունների սրման ֆոնին, Ռուսաստանը փակեց իր սահմանն ադրբեջանական ապրանքների համար: Մեկ ամսվա կտրվածով Ադրբեջանը մոտ 300 միլիոն դոլարի բանջարեղեն, մրգեր, կաթնամթերք եւ ոչ նավթային ծագման այլ ապրանքներ չի կարողացել արտահանել Ռուսաստան: Այդ ապրանքներն իրացման այլ շուկա չունեն. ադրբեջանցի ֆերմերները միլիոնների վնասներ են կրում, բայց բողոքել չեն կարող, քանի որ այդ երկրում բողոքելն արգելված է:
Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից անհամեմատ ավելի մեծ է, քանի որ մենք ո՛չ նավթ ունենք, ո՛չ գազ, որ արտահանենք, ընդհակառակը՝ այդ ամենը ներմուծում ենք դարձյալ Ռուսաստանից: Ահա այսպես՝ շատ կարճ եւ կոնկրետ. Փաշինյանին հարցրել են՝ հնարավո՞ր է, որ դուք որոշել եք լքել ԵԱՏՄ-ն, նա էլ սարսափած հայտարարել է՝ ոչ մի դեպքում, եւ Միշուստինի մոտից դուրս գալուց վայրկյաններ հետո զանգել է Արման Եղոյանին ու կարգադրել՝ վազելով գնալ որեւէ տեղ եւ եթերում երդում ուտել, որ Հայաստանը մտադիր չէ իր տարածքը վարձակալության հանձնել: Ահա թե ինչ արժեք ունի Փաշինյանի խոսքը, կամ ինչպես է այն արժեզրկվում Ռուսաստանի իշխանության որեւէ բարձրաստիճան ներկայացուցչի հետ շփումից հետո:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image