Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի առաջադրումներն ավարտված են, եւ ըստ թիվ 31 կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ ընտրությանը մասնակցելու է 9 քաղաքական ուժ` 6 կուսակցություն և 3 դաշինք։
ԿԸՀ ներկայացրած տվյալների համաձայն՝ խոշոր ցուցակ է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 99 հոգանոց ցուցակի առաջին տեղում Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանն է, նրան հաջորդում է վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը եւ երրորդ տեղում է փրայմերիզի մասնակից, Շիրակի մարզպետարանի աշխատակից ՔՊ-ական Էմմա Բարսեղյանը։ Մեր տեղեկություններով ՝ ցուցակում ընդգրկված են նաև ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին՝ Արթուր Պապիկյան , նախկին եւ ներկա ՔՊ-ական մարզպետները, ինչպես նաև դպրոցների, բուժհաստատությունների եւ մի շարք այլ պետական կառույցների տնօրեններ։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Գյումրու ՀՀԿ ավագանու խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը մանրամասնում է, թե որն է ներկայացվող թվաքանակի առավելագույն եւ նվազագույն շեմը։
«Նվազագույն շեմը՝ 1/3-ից ավել պետք է լինի, Գյումրիի դեպքում ավագինները 33-ն են, ուրեմն՝ 11 հոգուց ավել պետք է լինի, այսինքն՝ նվազագույնը 12 հոգի, իսկ առավելագույնը ավագանու թվի եռապատիկն է՝ 99-ը , ՔՊ-ն հենց այդքան էլ ներկայացրել է »,-ասաց Միրզոյանը։
Իսկ նվազագույն ցուցակը ներկայացրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, որը ընտրության մասնակցում է 23 հոգով, ցուցակի առաջին համարում գործարար, մարզիկ, նախկին ԲՀԿ ավագանու անդամ Արտյոմ Ղարաղազարյանն է։Նրան հաջորդում են գյումրեցի գործարար Գագիկ Ադամյանն ու Սեդա Խաչատրյանը։ Չխախտելով ընտրական օրենսգրքի պահանջը՝ կուսակցությունները երրորդ համարում ընդգրկել են կանանց։
«Կոմունիստական» կուսակցությունը ներկայացրել է 33 հոգանոց ցուցակ, որի առաջին համարը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է։ Մեր տեղեկություններով , նախկին քաղաքապետի թիմը ձևավորվել է Գյումրու տարածքային «Կոմունիստական» կուսակցության կորիզով։
Հաջորդ կուսակցությունը` «Իմ հզոր համայնք»-ն է։ Ցուցակը բաղկացած է 40 հոգուց, ցուցակի առաջին համարը գլխավորում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։Նրան հաջորդում են Պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Վահե Կիրակոսյանը եւ Գյումրիում հայտնի արվեստագետ, նկարիչ Սուսաննա Մկրտչյանը:
Մյուս քաղաքական ուժը «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունն է, ցուցակում ընդգրկված են 32 հոգի, առաջին համարում երգիչ-դերասան Արտյոմ Թումանյանն է, Փաշինյանի նախկին մոլի երկրպագուն։ Նրան հաջորդում են մտերիմները՝ Բարսեղ Տիլեվերյան ու Աիդա Ղազարյանը:
Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների շարքում է նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը, քաղաքապետի թեկնածուն Կարեն Մալխասյանն է, ով Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարն է։ Կալիպսե Ասատրյանն ու Հայկ Պողոսյանը խմբակցության ավագանու մյուս անդամներն են:
Մարտի 30-ի ընտրություններին մասնակցելու են նաև դաշինքներ` այդ թվում՝ «Մեր քաղաքը» դաշինքը` ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ: Նրա ցուցակում են «Զարթոնք» խմբակցության Գյումրու ներկայիս ավագանու անդամ Սվետլանա Ադամյանը եւ գյումրեցի արվեստագետ, հասարակական գործիչ Հովհաննես Գևորգյանը:
«Մայր Հայաստան» դաշինքի առաջին համարում գործարար Կարեն Սիմոնյանն է, նրա թիմում են լրագրող Դերենիկ Մալխասյանն ու Աննա Մուրադյանը:
«Եվրադաշինք»-ը , որը ձևավորվեց «Հայաստանի եվրոպական կուսակցություն», եվրոպամետների կուսակցություններից, Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին է առաջին համարում ընդգրկել, նրա թիմակիցներն են Գայանե Գևորգյանն ու Անուշ Կարապետյանը, որոնց հետ Բարսեղյանը աշխատանքային փորձ ունի, մի շարք ծրագրեր են իրականացրել։
Հիշեցնենք, որ առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման վերջնաժամկետը մարտի 10-ն է։
Գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրվելու են մարտի 11-ին։
Գրանցված կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակները ԿԸՀ կայքում հրապարակվելու են մինչև մարտի 13-ը։
Նախընտրական քարոզչության ժամանահատվածն է մարտի 15-ից մարտի 28-ը, մինչև 24։00-ն։