Հասարակություն

«Հրապարակ». Էս ղեկավարությունը ո՛չ նամուս ունի, ո՛չ թասիբ

«Հրապարակ». Էս ղեկավարությունը ո՛չ նամուս ունի, ո՛չ թասիբ

«Գյուղը կործանման ա տանում»,- Փաշինյանի հետ կռիվ տալով՝ ինքն իրեն խոսում է ոսկեպարցի Կարինեն։ Օրեր առաջ գյուղամիջում հանդիպեցինք նրան, առաջարկեցինք` խոսի, սրտի եղածն ասի։ Հարցնում եմ՝ ի՞նչ պիտի անեն, ասում է՝ կինարմատ լինելով՝ պայքարելու եմ, կես սանտիմետր էլ չեմ զիջելու, իմ տունն ո՞ւմ տամ` թուրքի՞ն։ 
«Մեր գյուղից տալու ոչինչ չունի նա, Ադրբեջանն էլ պահանջելու չունի` ոչ մի սանտիմետր։ Ասկիպարան հայկական գյուղ է եղել, այլ բան է, որ ադրբեջանցիները եկել ապրել են այդ գյուղում։ Փաշինյանից պահանջում ենք՝ չհանձնել թուրքին մեր հողերը, միջպետական ճանապարհը չտալ, որ թուրքը չկանգնի մեր գյուղի գլխին՝ ահուսարսափով ապրենք»,- ասում է զրուցակիցս։ Արցախցիների ճակատագիրը, ասում է` աչքի առաջ է, Արցախը հայաթափվեց, իսկ ոսկեպարցիք ո՞ւր գնան։ 

«Թույլ ղեկավարի երեսից արցախցիները լքեցին իրենց տունը, հողը, դրա համար էլ է ինքը պատասխանատու։ Ես գնալու տեղ չունեմ, կմեռնեմ էս հողի մեջ։ Որտե՞ղ տանեմ իմ էրեխեքին, իմ տունը թողնեմ, որտե՞ղ գնամ։ Ո՞վ կընդունի ինձ։ Մարդն ապրում է հողի համար, ծնվել է թասիբի, նամուսի համար, որ մեր ղեկավարը չունի»,- նշում է նա։ 
Դիտարկմանը, որ իշխանությունն ասում է՝ ինչ անում ենք, Հայաստանի անվտանգության եւ ինքնիշխանության համար ենք անում, պատասխանում է․ «Եթե անվտանգությունս չի ապահովում, ասում ա՝ հողը տալուց հետո էլ չեմ կարա երաշխավորեմ, որ պատերազմ չի լինի, ի՞նչ անվտանգություն։ Որտե՞ղ է գրված էդ խաղաղության մասին։ ԽՍՀՄ-ի ժամանակներն է հիշում, ԽՍՀՄ-ի ժամանակ հայն ու թուրքն իրար հետ ապրել են, բայց հիմա թշնամի են։ Իմ հարեւանը, որ իմ հարազատն է, ինձ մեկ սանտիմետր հող չի տալիս, ես ինչի՞ իմ հայրենիքը տամ թշնամուն։ Ինչ ուզում են, անեն` միջպետական ճանապարհը չտան թշնամուս։ Թշնամուս չուրախացնեն։ Ես իմ ընտանիքը, ապրուստը վերցնեմ՝ ո՞ւր գնամ։ Կնիկարմատ լինելով կպայքարեմ, ոնց որ 90-ականներին եմ պայքարել»։

Տան դարպասն է ցույց տալիս տիկին Կարինեն՝ 1990-ականների պատերազմի հետքերը վրան․ «Նայեք իմ տան դարպասին՝ սնարյադը խփեց, ինձ էլ հետն էր սպանում, դարպասս քրքրվեց, չիգանկա եմ թողել` որպես հուշ պատերազմից։ Մենք կմեռնենք, թող ասեն՝ հողի համար մեռավ՝ հայրենիքը պահելիս, զատո թշնամուն տունս չեմ տա։ Մի գիժ քարը ծովն ա գցել, հազար խելոք չի կարողանում դուրս հանի։ Ինչ ա` մենք պիտի կործանվե՞նք։ 120 հազար արցախցի եկավ Հայաստան, մի կերպ, շունչը բերանին պահում ա, բա էսքան ժողովուրդն ո՞ւր գնա, ո՞վ մեզ կընդունի»։ 
Ասում է՝ էրեխեքի մոտ թուրքից խոսում են, կարծում են, թե գազան է, գիշատիչ կենդանի, զարմացած է՝ ո՞նց է Փաշինյանն ասում, թե չի նեղվում, երբ իրեն թուրք են անվանում։ «Թուրքը 1915թ․ ցեղասպանել է մեր ազգին։ Երեւի ինքը լավ է զգում «թուրք» բառից, հաճույք է զգում, ինչու` ես չգիտեմ, էդ հարցն իրեն տվեք՝ տեսնենք ինչի՞ համար ա իրեն լավ զգում տենց։ Թուրքի կամակատարն ա, ինչի՞ պիտի լավ չզգա»,- հավելեց ոսկեպարցին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 17-ին կրկին Ոսկեպար էր գնացել, հանդիպել գյուղացիների հետ։ Հանդիպման ժամանակ Փաշինյանը կրկին ասել էր, թե Ոսկեպարի ճանապարհի մի հատվածն ադրբեջանական է, առաջարկել էր այլընտրանքային ճանապարհ կառուցել, տեղացիները չէին համաձայնել։ Փաշինյանը նաեւ նշել էր, որ շարունակվում են գյուղերի վերաբերյալ Ադրբեջանի հետ բանակցությունները, նոր բան լինի՝ ինքն անձամբ ոսկեպարցիներին կհայտնի։ Երեկ նույնպես Փաշինյանն այցելեց Ոսկեպար՝ այս անգամ ավելի կարճ ու կոմպրոմիսային առաջարկներով:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image