Ավստրիացի լրագրող, վիպասան և դրամատուրգ Ստեֆան Ցվայգի (1881-1942) «Մարդկության աստեղային ժամերը» պատմական մանրապատումները նվիրված են երջանիկ կամ դժբախտ այն անհատներին, ում ինքնանվիրյալ գործը խոր հետք է թողել մարդկային գործունեության այս կամ այն բնագավառում: Կարծում եմ, որ եթե հայտնվի մեկ այլ Ցվայգ, ապա նրա մանրապատումների շարքում անպայման տեղ կզբաղեցնի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի Սպիտակ տանը կայացած հանդիպման վերաբերյալ նովելը: Երբ 2018-ի «գունավոր հեղափոխության» առաջնորդ, երբեմնի «դուխով», իսկ 2020 թվականի պատերազմի խայտառակ պարտության պատասխանատու և, բնականաբար, մեղավոր անձը հյուրընկալվեց ԱՄՆ 45-րդ և 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփին՝ արժանանալով նրա ձեռքը սեղմելու և լավ ընկեր կոչվելու պատվին: Եվ Հայաստանի թշնամի պետության բռնապետի հետ միասին վերջինիս կողմից բնորոշվեց որպես հրաշալի մարդ և մեծ առաջնորդ: Կարծում եմ, որ հենց այդ հանդիպումը դարձավ «դուխով»-ից «խեղճ հարիֆի» վերածված Փաշինյան Նիկոլի վերակենդանացման աստեղային ժամը: Դա իր համար ավելին էր, քան պատերազմում պարտությունը, ինչով ինքը, իր խոստովանությամբ, հպարտացել էր:
Ենթադրում եմ, որ այդ հանգամանքն ընկալվել է հենց իր՝ ՀՀ վաչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից՝ չնայած կարող է և ծանոթ չլինել Ցվայգի ստեղծագործությանը: Ու, բնականաբար, իր խամաճիկներին հրահանգել է, որպեսզի վերջիններս անընդհատ գովազդեն աստեղային այդ իրադարձությունը: Վերակենդանացմանը, մյուս կողմից, նպաստել է արտասահմանից անընդհատ հոսող շնորհավորանքների տարափը: Բայց եթե վերջինս լիներ ադեկվատ ղեկավար, ապա դրանից ոչ թե երջանիկ կզգար իրեն, այլ կփորձեր գտնել ամայի մի վայր ու թաքնվել: Որովհետև իրեն շնորհավորում էին ոչ թե որպես հաղթանակած ղեկավարի՝ ինչպես թշնամուն, այլ իր պետության իրավասությունները թշնամուն զիջած «խեղճ հարիֆի»՝ որքան էլ նախագահ Թրամփն Իլհամի հետ միասին նրան անվաներ մեծ առաջնորդ: Իր հոգու խորքում ինքը գիտեր, չէ՞, որ իրականում ինքը կիլոմետրերով հեռու է այդ բնորոշումից: Որքան էլ ինքն առաջնորդվեր իր՝ «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» տխմար և անհեթեթ մտայնությամբ:
Բազմիցս եմ «օգնել» նրան և այս անգամ կրկին կանեմ նույնը՝ հիշեցնելով ռուս-ուկրաինական պատերազմում արևմտյան ղեկավարության դիրքորոշումը: Բացի ֆինանսական ու ռազմական օգնությունից, ԱՄՆ նախագահով սկսած ու եվրոպական ամենափոքր պետության ղեկավարով վերջացրած, բոլորը ցանկանում են արդարացի հանգուցալուծում գտնել այդ պատերազմին՝ մերժելով Ուկրաինայի կողմից պարտվողական համաձայնությունը: Իսկ Հայաստանի դեպքում իրեն շնորհավորում են հենց պարտվողական համաձայնություն կնքելու կապակցությամբ: Դա, իհարկե, մարդկային երկերեսանիության կամ երկակի չափանիշների կիրառության տիպիկ դրսևորում է: Բայց դրա հիմքում ընկած է հենց իր պարտվողական կեցվածքն Իլհամի չդադարող պահանջների նկատմամբ: Իսկ Ուկրաինայի ղեկավարության պարագայում առկա է ամեն գնով պարտությունից խուսափելու ձգտումը: Ու այդ պատճառով էլ նախագահ Զելենսկու նկատմամբ վերաբերմունքը 180 աստիճանով տարբերվում է Նիկոլի հանդեպ վերաբերմունքից:
Չեմ կարող չանդրադառնալ մի հարցի, որ իր հանգուցալուծումը ստացավ վաշինգտոնյան Սպիտակ տանը: Թեև չեմ կարծում, թե դա գիտակցվեց ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի կողմից: Ով ինչ-որ ժամանակ առաջ շարունակ կրկնում էր, որ անվտանգային առումով ճիշտը մեկ պետությունից կախվածությունը բազմաթիվ երկրներից կախվածությամբ փոխարինելն է: Կարծում եմ, որ օգոստոսի 8-ին վերջինս հասավ իր նպատակին. արտերկրից ստացվող բազմաթիվ շնորհավորանքները դրա վկայությունն են: Իսկ եթե ավելի լուրջ, ապա պետք է արձանագրենք, որ Ռուսաստանից կախվածությունը փոխարինվեց Թուրքիա-Ադրբեջան ուղղակի և անմիջական կախվածությամբ: Եվ մի թեթև էլ, ընդամենը խոսք տալու մակարդակում, ԱՄՆ գործող նախագահից անուղղակի կախվածությամբ: Ինչի համար իրեն երևի կարելի է շնորհավորել, իսկ մեզ՝ վստահաբար ցավակցել: Որովհետև անընդհատ ինստիտուցիոնալիզմի անհրաժեշտությունից խոսող վարչապետը նախկինների կողմից կնքված՝ Ռուսաստանի հետ պայմանագրային անվտանգությունը փոխարինեց «խնդիր ունենաք՝ զանգեք ինձ, ես կլուծեմ» մակարդակի անլրջությամբ: