Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն այսօր հայտարարեց, որ պատարստվում է մասնակցել Երևանի ավագանու սպասվելիք ընտրություններին։
«Ես Մայր Հայաստանի արձանի մոտ եմ, որը շատ խորհրդրանշանական վայր է Երեւանի բնակիչների եւ ամբողջ հայության համար։ Մեզ համար անընդունելի է Նիկոլ Փաշինյանի վարած ոչ լեգիտիմ քաղաքականությունը, որը սպառնալիք է Հայաստանի եւ Արցախի համար։ Մենք չենք ընդունում Արցախն Ադրբեջանի կազմում եւ ուզում ենք կանխել Հայաստանի գահավիժումը։ Համոզված եմ, որ անվտանգ եւ ուժեղ երկիր կառուցելու հնարավորությունն ունենք։ «Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, որը մենք դիտարկում ենք որպես ամբողջական իշխանափոխության եւ երկիրն այս իրավիճակից դուրս բերելու հնարավորություն»,- նշեց նա։
Մեզ ասացին, որ Թևանյանը վաղը պատրաստվում է մանդատը վայր դնել, որպեսզի գլխավորի նախընտրական ցուցակը։
Անդրանիկ Թևանյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ ևս։
Փորձեցինք տեղեկությունը ճշտել «Մայր Հայաստան» շարժման անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանից, սակայն Դանիելյանն էլ ասաց, որ ինքը տեղյակ չէ, և պետք է Անդրանիկ Թևանյանից ճշտել։