Քաղաքականություն

«Կորած» փաստաթուղթն ու ԱԳՆ-ի փնթի, խայտառակ աշխատաոճը

«Կորած» փաստաթուղթն ու ԱԳՆ-ի փնթի, խայտառակ աշխատաոճը

Մի քանի օր առաջ մենք «Ո՞ւր է անհետացել պատմական փաստաթուղթը» վերտառությամբ լուր էինք հրապարակել, որտեղ նշել էինք, որ իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում գտնել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրն ու Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից 1992 թվականին այն ընդունելու վերաբերյալ քվեարկության արձանագրությունը։

Հիշեցնենք՝ Հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնցով կողմերը ժամանակին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Սակայն 1991-95թթ․ ՀՀ ԳԽ անդամները հայտարարեցին, որ այդ հռչակագիրը Հայաստանը վավերացրել է վերապահումներով՝ նշելով, որ այն չի վերաբերում Արցախին։ 

Մենք գրել էինք, որ իշխանությունը փորձել է ԱԺ-ի կամ ԱԳՆ-ի արխիվներում գտնել հռչակագիրն ու դրա քվեարկության արձանագրությունը, սակայն չի գտել։

ԱԺ-ից մեզ ասացին, թե իրենց արխիվում նման փաստաթուղթ չկա, հնարավոր է՝ Ազգային արխիվում լինի։ 

Այս կապակցությամբ մենք հետաքրքրվել էինք արտաքին գործերի նախարարությունից, թե արդյոք ԱԳՆ-ն տիրապետո՞ւմ է 1991 թվականին ընդունված Ալմա-Աթայի՝ Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին հռչակագրի՝ Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից վավերացման փաստաթղթին և նիստի արձանագրությանը։ 

Արդյոք ՀՀ ԱԳՆ-ն այս օրերին հետաքրքրվե՞լ է այդ փաստաթղթով՝ դիմելով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ, Ազգային արխիվ կամ որևէ այլ կառույց և գտե՞լ է այդ փաստաթուղթը, թե՞ ոչ։ Եթե այո, ապա խնդրել էինք տրամադրել այն։ 

ԱԳՆ-ից մեզ ասացին, որ այդ թեմայով հարցում այլ լրատվամիջոցներից իրենք էլի են ստացել, և եթե մենք իրենց գրավոր հարցում ուղարկենք, իրենք նույն օրը շատ արագ մեզ պատասխանը կուղարկեն։

Հոկտեմբերի 17-ին վերը շարադրված հարցերով ուղարկեցինք համապատասպան հարցումը իրենց պաշտոնական էլփոստին։

Մեր ուղարկած հարցումից չորս օր անց միայն ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար Իննա Թորգոմյանի անունով այսպիսի խայտառակ գրություն ենք ստանում՝ որպես մեր ուղարկած հարցերի «պատասխան», որը, ըստ էության, ոչ մի կապ չունի մեր ուղարկած հարցերի հետ։

«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք,  որ ՀՀ ԱԳՆ-ում տարվել և տարվում են համապատասխան աշխատանքներ»,-ասված է ԱԳՆ-ի՝ չորս օր անց ուղարկած գրության մեջ։

Նախ արձանագրենք, որ մեզ խոստացել էին նույն օրը պատասխանել, բայց չորս օր անց միայն կարողացան խելք-խելքի տալ և այս մեկուկեստողանոց անբովանդակ գրությունն ուղարկել, որը ոչ մի առարկայական պատասխան չի պարունակում։ Երկրորդ, Արարատ Միրզոյանի՝  ԱԳ նախարար դառնալուց հետո ԱԳՆ-ի այս փնթի, բանից անտեղյակ, ոչ պրոֆեսիոնալ  և տեղեկատվության ազատության մասին օրենքը ոտնահարող, լրագրողների ուղարկած հարցումների վրա թքած ունեցող գործելաոճը ավելի հետևողական բնույթ է սկսել կրել։ 

Դեռ չի եղել մի դեպք, որ Հայաստանը ժամանակին դեմոկրատիայի բաստիոն հռչակած Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցը մեր ուղարկած հարցումներին արագ, սպառիչ և բովանդակային պատասխան տա։ ԱԳՆ-ն Հայաստանի՝ մամուլի հետ ամենավատ աշխատող գերատեսչություներից է, որի ոչ մամուլի խոսնակն է նորմալ կապի դուրս գալիս լրագրողների հետ ու պատասխանում հարցերին, ոչ լրատվական վարչությունը։  Փոխարենը ակտիվ կապի մեջ են գտնվում Ադրբեջանի և Թուրքիայի հետ, իսկ ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցների հարցերին էլ, ըստ ամենայնի, կտան օպերատիվ ու սպառիչ պատասխաններ՝ ի տարբերություն հայկական լրատվամիջոցների ուղարկած հարցումների։

Հ․Գ․ Երեկ մենք հրապարակեցինք, որ այդ «կորած» պատմական փաստաթուղթը գտնվել է Arlis.am-ում, որից օգտվել անգամ, ստացվում է, չգիտեն կառավարությունում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image